3 րոպեի ընթերցում
Այս տարի Ծաղակազարդը տոնում ենք մարտի 29-ին։ Ծաղկազարդի տոնը, որ խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնից մեկ շաբաթ առաջ՝ կիրակի օրը, որին էլ հաջորդում է Ավագ շաբաթը։
Ծաղկազարդի նախորդ օրը երեկոյան կատարվում է նախատոնակ և բացվում են եկեղեցիների խորանները։ Ծաղկազարդի առավոտյան մատուցվում է Սուրբ և Անմահ Պատարագ, տրվում է Սուրբ Հաղորդություն, իսկ պատարագի ավարտին կատարվում է մանուկների օրհնության կարգ։
Տոնի ծիսական արարողությունների մեծ մասը նվիրված է գարնան զարթոնքին և պատահական չէ, որ այդ օրը եկեղեցում կարդացվող «Երգ երգոցի» մի հատվածը ամբողջությամբ բնության գովքն է անում. «Զի ահա ձմեռն անց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան, ծաղիկք երեւեցան յերկրի մերում…»:
Շուրջ 2000 տարի առաջ հեռավոր Հրեաստանի Երուսաղեմ քաղաքում, երբ բոլորը պատրաստվում էին Զատկի տոնին, Հիսուս Իր աշակերտների հետ մոտենալով Ձիթենյաց լեռանը երկու աշակերտներին ասում է. «Գնացե՛ք այն գյուղը, որ մեր դիմացն է. երբ այնտեղ մտնեք, կգտնեք կապված մի ավանակ, որի վրա ոչ մի մարդ երբեք չի նստել. արձակեցե՛ք այն և բերեք» (Ղուկաս 19:30): Երբ բերում են ավանակին, Հիսուս նստում է նրա վրա և առաքյալների ուղեկցությամբ ճամփա բռնում դեպի Երուսաղեմ:
Հիսուս ավանակի վրա նստած մտնում է քաղաք` իր հետ ունենալով աշակերտներին և մարդկանց, ովքեր ցնծությամբ իրենց զգեստները փռում էին ճանապարհի վրա, որպեսզի Տերն անցնի դրանց վրայով, իսկ ոմանք էլ արմավենու և ձիթենու ճյուղերը ձեռքներին՝ փառաբանում էին Տիրոջն ու ասում. «Օրհնությո՛ւն Դավթի Որդուն, օրհնյա՛լ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնությո՛ւն` բարձունքներում» (Մատթեոս 21:9):
Համաձայն եկեղեցու հայրերի՝ ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը, ինչպես նաև ունի արքաների համար նախատեսված առանձնակի պատիվներ և հանդիսավորություն ցուցաբերելու իմաստ: Բացի այդ, ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, հաճախ համեմատում են հեթանոսների հետ, որոնք պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսին հետևողների խոնարհությունը։ ժողովրդի կողմից ծառի ճյուղերով Հիսուսի ճանապարհը զարդարելը նաև արձագանքն էր բնության զարթոնքին և վերածնունդին։ Հիսուս մուտք գործելով Երուսաղեմ` ոչ թե սոսկ զարթոնք պարգևեց բնությանը, այլ նոր կյանք և իմաստ հաղորդեց մարդկային ողջ գոյությանը: Հիսուսի առջև հանդերձներ նետելը խորհրդանշում է մեղքերից ազատվելը, իսկ ավանակի վրա մուտք գործելը խոնարհության և խաղաղության իմաստն ունի:
Ծաղկազարդին հաջորդում է Ավագ շաբաթը, որը հիշատակումն է Տիրոջ երկրային կյանքի վերջին օրերի: