Ջրային ռեսուրսների կառավարումն ու արդյունավետ օգտագործումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են
5 րոպեի ընթերցում
Հայաստանում ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումն ու օգտագործումը շարունակում են մնալ Կառավարության առաջնահերթություններից: Նախատեսված է իրականացնել ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք կարճաժամկետ և երկարաժամկետ միջոցառումներ՝ ներառված տարբեր ռազմավարական փաստաթղթերում:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրհամյանը՝ ընդգծելով, որ ջրային ոլորտում իրականացվող ծրագրերը հիմնականում իրականացվում են միջազգային գործընկերների աջակցությամբ, իսկ նախարարությունը հանդես է գալիս որպես համակարգող մարմին:
Նրա խոսքով՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ դեռևս 2000-ականներից իրականացվել են բազմաթիվ նախաձեռնություններ, ներառյալ տվյալների հավաքագրման և կառավարման ծրագրեր: Ներկայում այս ծրագրերի շարունակությունն է 2025 թվականից մեկնարկած «Եվրամիությունը հանուն կանաչ վերականգնման» նախաձեռնությունը, որը ներառում է նաև ջրային ռեսուրսների կառավարման բաղադրիչ: Ծրագրերի շրջանակում իրականացվել և իրականացվում են նաև օրենսդրական բարեփոխումներ՝ ՀՀ օրենսդրությունը Եվրոպական միության չափորոշիչներին մոտեցնելու նպատակով:
«Մենք ԵՄ-ի հետ CEPA համաձայնագրով ստանձնել ենք պարտավորություն՝ մեր օրենսդրությունը մոտարկել Եվրոպական միության դիրեկտիվներին, և այդ գործընթացը հիմնականում իրականացվում է հենց այս ծրագրերի շրջանակում»,-նշեց Աբրհամյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ջրային ոլորտում իրականացվող ծրագրերի մի մասը մնացել էին անավարտ՝ գործակալության գործունեության դադարեցմամբ պայմանավորված, սակայն նախարարությունը շարունակում է դրանք ավարտին հասցնել, հատկապես՝ իրավական ակտերի մշակման գործընթացը։ Մասնավորապես՝ Հարավային ջրավազանային տարածքի կառավարման պլանն արդեն հաստատվել է Կառավարության կողմից:
Կլիմայական փոփոխություններին հարմարվողականությանն ուղղված ծրագրերում կարևոր դեր ունի ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, որի աջակցությամբ մշակվել է կլիմայի հարմարվողականության ռազմավարական փաստաթուղթը, որը ընդունվել է 2022 թվականին: Փաստաթուղթը ներառում է հնգամյա ծրագիր՝ մինչև 2026 թվականի ավարտը, և ունի հստակ միջոցառումների փաթեթ, որի իրականացումն ընթացքի մեջ է:
Սևանա լճի պահպանության և զարգացման ուղղությամբ ևս իրականացվում են ակտիվ ծրագրեր: «Եվրամիությունը հանուն Սևանա լճի» ծրագիրը մշակել է լճի էկոհամակարգի զարգացման տեսլականը մինչև 2050 թվականը, ինչպես նաև ռազմավարություն և օրենքի նոր խմբագրություն: Ներկայում մեկնարկել է «ԵՄ-ն հանուն Սևանա լճի պլյուս» ծրագիրը, որը վերաբերում է ոչ միայն լճին, այլև ամբողջ ջրահավաք ավազանին՝ ներառյալ կեղտաջրերի մաքրման և համայնքների կոյուղացման հարցերը:
Ներդրումային ծրագրերի շրջանակում Ասիական զարգացման բանկը իրականացնում է ծրագիր Սևանա լճի ավազանի մոտակա համայնքներում կոյուղացման համակարգերի բարելավման և մաքրման կայանների արդիականացման ուղղությամբ՝ առաջնահերթ ուշադրություն դարձնելով Գավառ, Մարտունի և Վարդենիս համայնքներին: Ծրագիրը փուլային է և ներառում է կարճաժամկետ և երկարաժամկետ միջոցառումներ:
Ջրախնայողությանն ուղղված կարևոր քայլ է 2019 թվականին ընդունված ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգը, որը ներառում է ջրամբարաշինություն, ջրային համակարգերի վերազինում, կորուստների նվազեցում և նոր տեխնոլոգիաների ներդրում: Կարևոր էին 2022 թվականին ջրային օրենսդրության փոփոխությունները, համաձայն որոնց 2024 թվականից պարտադիր է, որ բոլոր ջրառի կետերը համալրված լինեն առցանց ջրաչափերով, ինչը հնարավորություն է տալիս իրական ժամանակում վերահսկել ջրօգտագործումը և ապահովել թափանցիկություն:
«Հորդորում եմ մեր քաղաքացիներին ցուցաբերել զգոնություն ու պատասխանատվություն թանկարժեք ջրային ռեսուրսների պահպանության գործում, բոլորս միասին աջակցենք ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը և ապահովենք մեր երկրի ներկա ու ապագա սերունդների համար բավարար քանակի ու որակի ջուր»,- եզրափակեց Լիլիթ Աբրհամյանը:
Լուսինե Ջալալյան