Դանիայի վարչապետի կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում հաղթել է վերջին հարյուր տարվա ընթացքում ամենավատ արդյունքով
2 րոպեի ընթերցում

Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի գլխավորած Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հաղթանակ է տանում խորհրդարանական ընտրություններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական մամուլը։
Տվյալների համաձայն՝ իշխող կուսակցությունը հավաքում է ձայների 21,9%-ը։
Նշվում է, որ սա կուսակցության ամենավատ արդյունքն է վերջին ավելի քան հարյուր տարվա ընթացքում։
Երկրորդ տեղում Սոցիալիստական ժողովրդական կուսակցությունն է՝ ձայների 11,6%-ով։ Պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենի «Վենստրե» կուսակցությունը երրորդ տեղում է՝ ձայների 10,1%-ով։
Լիբերալ դաշինքը չորրորդ տեղում է՝ ձայների 9,4%-ով։ Դանիայի ժողովրդական կուսակցությունը հինգերորդ տեղում է՝ ձայների 9,1%-ով։
Նշվում է, որ ընտրությունների արդյունքների համաձայն՝ ո՛չ «կարմիր բլոկը», ո՛չ էլ «կապույտ բլոկը» չեն կարողանա ապահովել մեծամասնություն։
Ձախ կենտրոնամետները («կարմիր բլոկ») կստանան, ընդհանուր առմամբ, 84 տեղ, աջ կենտրոնամետները («կապույտ բլոկ»)՝ 77, իսկ չափավոր ուժերը կունենան 14 տեղ։
Այսպիսով, կուսակցությունները, հավանաբար, ստիպված կլինեն բանակցություններ սկսել չափավոր ուժերի առաջնորդ, երկրի արտաքին գործերի նախարար Լարս Լյոկե Ռասմուսենի հետ՝ կառավարություն ձևավորելու համար։
Ռասմուսենը կոալիցիոն գործընկերներին՝ Ֆրեդերիկսենին և լիբերալների առաջնորդ Պոուլսենին կոչ է արել հրաժարվել իրենց ձախ և աջ հայացքներից և փոխարենը ձևավորել կենտրոնամետ կառավարություն։