Կրթություն

Ուսուցիչների պակաս ունեցող դպրոցներում իրականացվող ծրագրերը խթանել են թափուր հաստիքների համալրումը

3 րոպեի ընթերցում

Ուսուցիչների պակաս ունեցող դպրոցներում իրականացվող ծրագրերը խթանել են թափուր հաստիքների համալրումը

Ուսուցիչների պակաս ունեցող դպրոցներում մասնագետների պակասը լրացնելու համար Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող միջոցառումները խթանել են մեծ թվով ուսուցիչների հետաքրքրությունը համատեղությամբ աշխատելու կամ համակարգ մտնելու համար։  

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ անդրադառնալով ուսուցիչների պակաս ունեցող դպրոցներում մասնագետների պակասը լրացնելու համար իրականացվող ծրագրերին։

«Ծրագրերից մեկը մանկավարժահոգեբանական 30 կրեդիտի տրամադրման գործընթացն է, որի շրջանակներում բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիները, որոնք ցանկանում են զբաղվել ուսուցչական գործունեությամբ, կարող են ստանալ 30 մանկավարժահոգեբանական կրեդիտ և անցնել դպրոցում աշխատանքի։ Այդպիսի ուսուցիչների թիվը 400-ն է, որոնք արդեն դասավանդում են դպրոցներում»,-ներկայացրեց Սվաջյանը։

Նրա խոսքով՝ մյուս ծրագիրը վերաբերում է Հանրակրթության մասին օրենքում կատարված փոփոխությանը, որի համաձայն՝ մանկավարժական կրթություն ստացող ավարտական կուրսի ուսանողները կարող են աշխատանքի ընդունվել՝ գյուղական բնակավայրերի դպրոցներում ուսուցիչների թափուր հաստիքները լրացնելու նպատակով։ Նրանց հնարավորություն է տրվել նաև մասնակցել կամավոր ատեստավորմանը և արդեն իսկ բարձր արդյունքներով ու աշխատավարձով անցնել աշխատանքի։  

Գործում է նաև ուսուցիչների գործուղման ծրագիրը, որի շրջանակում, ըստ փոխնախարարի, շուրջ 70 ուսուցիչ է գործուղվել հիմնականում գյուղական բնակավայրեր։ Բացի այդ, պետության կողմից սահմանվել է տրանսպորտային ծախսի փոխհատուցում այն ուսուցիչների համար, որոնք չեն բնակվում տվյալ բնակավայրում, որտեղ գործում է դպրոցը։ Ներկայում այս ծրագրից օգտվում է 175 ուսուցիչ։

Սվաջյանի ներկայացմամբ՝ գործում է նաև մենթոր դպրոցների համակարգ, ըստ որի՝ բոլոր այն դպրոցներում, որտեղ ուսուցչի թափուր հաստիք կա և չի համալրվում, իրականացվում է էլեկտրոնային դասավանդում։

«Մենք անցած տարվա ընթացքում ունեցել ենք 110 դպրոց, որտեղ ուսուցիչների թափուր հաստիքներ են եղել և իրականացվել է էլեկտրոնային դասավանդում։ Այդ 110 դպրոցներից 55-ը մինչև 100 աշակերտ ունեցողներ են։ Անցյալ տարվա ընթացքում 242 թափուր ժամեր էլեկտրոնային դասավանդման միջոցով է լրացվել»,-մանրամասնեց փոխնախարարը։

Նա նշեց, որ անցած տարվա ընթացքում շուրջ 4 հազար նոր ուսուցիչ է մուտք գործել համակարգ, որոնց 80 տոկոսի դեպքում տարիքային շեմը չի գերազանցում 40-ը։

«Բնականաբար, մեր բոլոր այն ծրագրերը, որոնք իրականացվում են, խթանում են, որպեսզի  բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են ուսուցչական գործունեությամբ և ունեն այդ հնարավորությունը, մտնեն համակարգ և աշխատեն։ Մենք այդ շարժընթացն արդեն նկատում ենք, և բավականին մեծ թվով ուսուցիչներ հետաքրքրված են համատեղությամբ աշխատելու և համակարգ մտնելու առումով»,-ընդհանրացրեց փոխնախարարը։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում