Ավարտվեց Լյովա Վարդանյանի անվան ըմբշամարտի երևանյան միջազգային մրցաշարը
2 րոպեի ընթերցում

Երկօրյա պայքարից հետո Երևանի «Դինամո» մարզահամալիրում ավարտվեց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ու Երևանի քաղաքապետարանի համատեղ ջանքերով կազմակերպած, ՀՀ վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող Լյովա Վարդանյանի անվան 5-րդ միջազգային հուշամրցաշարը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տարի մրցաշարն անցկացվում էր մինչև 20 տարեկան ըմբիշների համար: Լյովա Վարդանյանի անվան 5-րդ միջազգային հուշամրցաշարին 2026 թվականին մասնակցում էին 8 երկրի` (Հայաստան, Ֆրանսիա, Իտալիա, Հունաստան, Բելառուս, Մոլդովա, Ռուսաստան, Ղրղզստան) 140 ըմբիշներ:
«Այս տարի առաջնությանը մասնակցող հավաքականների բավականին ուժեղ կազմ էր հավաքվել: Իր ուժեղագույն կազմով էր ներկայացել Ռուսաստանի հավաքականը, որտեղ ամենաշատ մասնակիցներն ունեինք: Սա արդեն 5-րդ տարին է, որ անցկացնում ենք հորս անվան այս մրցաշարը, ինչի համար իսկապես ուրախ եմ ու շնորհակալ ըմբշամարտի ֆեդերացիային ու Երևանի քաղաքապետարանին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ավետիք Վարդանյանը:
Ըստ քաշային կարգերի մրցաշարի հաղթողներ դարձան` Արսլանգ Ջիվլեև (57 կգ` Ռուսաստան), Գագիկ Ղազարյան (61 կգ` Հայաստան), Մագոմեդ Իսաև (65 կգ` Ռուսաստան), Ադիլ Տաբիլիև (70 կգ` Ռուսաստան) Ինալ Չելդիև (74 կգ`Ռուսաստան), Իսմաիլ Էլիսխանով (79 կգ` Ռուսաստան) Ահմադ Մուկուտով (86 կգ` Ռուսաստան), Անդրեյ Չակերյան (92 կգ` Ռուսաստան) Շարաբուդտին Օմարով (97 կգ` Ռուսաստան), Արթւոր Բեկոև (120 կգ` Ռուսաստան):