Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի արտաքին քաղաքականության ճարտարապետությունը․ հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով դասախոսությամբ

3 րոպեի ընթերցում

Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը դասախոսությամբ է հանդես եկել Եվրոպական հանրային իրավունքի կազմակերպության (EPLO) դպրոցում՝ «Հայաստանի արտաքին քաղաքականության ճարտարապետությունը․ հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով, որը հեռարձակվել է նաև առցանց ձևաչափով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հունաստանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից, Տիգրան Մկրտչյանը մասնավորապես անդրադարձել է մի շարք ուղղություններով արձանագրված զարգացումներին․ նախ, ներկայացվել են օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը, ինչի համատեքստում ընդգծվել է «Հանուն խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու» կարևորությունը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հետ համադրությամբ, ինչպես նաև վերջինիս իրավական ամրագրումն ու ԱՄՆ կողմից աջակցությունը։

Քննարկվել են նաև Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հեռանկարները և դրանից բխող տարածաշրջանային զարգացման հնարավորությունները։

Այնուհետև դեսպան Մկրտչյանն անդրադարձել է 2025 թ․ հունվարին Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթղթին, որը ներառում է տնտեսական համագործակցության, անվտանգության և պաշտպանության, ժողովրդավարության, ներառականության և միջանձնային հարաբերությունների բաղադրիչներ։

Դեսպանը հավելել է, որ ռազմավարական հարաբերությունների ինստիտուցիոնալ բնույթը վերահաստատվել է ԱՄՆ նոր վարչակազմի կողմից՝ ինչպես ԱՄՆ նախագահի մակարդակով, այնպես էլ Վաշինգտոնում ստորագրված երկկողմ փաստաթղթերով։ Մանրամասն ներկայացվել է նաև Եվրոպական միության հետ հարաբերություններում արձանագրված աննախադեպ առաջընթացը, որի առանցքային բաղադրիչն էր դեկտեմբերին Բրյուսելում ստորագրված Հայաստան–ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի փաստաթուղթը։

Ընդգծվել է ԵՄ-ի հետ բազմաշերտ համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և փոխադարձ շահերի վրա։

Դեսպանն անդրադարձել է նաև Հայաստան–Հունաստան բազմոլորտ համագործակցությանը, այստեղ առկա հնարավորություններին և այդ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու հրամայականին։

Մանրամասն քննարկվել են նաև Հայաստան–Թուրքիա և Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացները, ինչպես նաև Հայաստան–Ռուսաստան և Հայաստան–Իրան հարաբերություններին։

Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է ասիական տարածաշրջանի հետ Հայաստանի փոխշահավետ հարաբերությունները, ինչպես նաև տարբեր ուղղություններով Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների աշխարհագրության ընդլայնումը։

Ելույթին հաջորդել է հրցուպատասխան, որի ընթացքում Տիգրան Մկրտչյանը պատասխանել է ուղղված բոլոր հարցերին։

Դասախոսությանը ներկա են եղել Հունաստանում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, Եվրոպական հանրային իրավունքի կազմակերպության (EPLO) դպրոցի ուսանողներ, պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ։

Հայերեն العربية فارسی Русский Türkçe

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան