Հանրապետության հրապարակում միջոցառում կանցկացվի՝ նվիրված «Երկրի ժամ» շարժման 20-րդ տարեդարձին
3 րոպեի ընթերցում

WWF Հայաստանը Candlenight Concerts-ի հետ համագործակցությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, մարտի 28-ին՝ ժամը 20:30-ին, Հանրապետության հրապարակում կանցկացնի հատուկ բացօթյա միջոցառում նվիրված «Երկրի ժամ» շարժման 20-րդ տարեդարձին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Բնության համաշխարհային հիմնադրամի մամուլի ծառայությունը։
Երկրի ժամը Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) գլոբալ նախաձեռնությունն է, որը մեկնարկել է 2007 թվականին և արագորեն վերածվել աշխարհի ամենամեծ բնապահպանական նախաձեռնություններից մեկին։ Ամեն տարի ավելի քան 190 երկիր և հազարավոր քաղաք միանում է շարժմանը՝ մեկ ժամով անջատելով ոչ անհրաժեշտ լույսերը և արտահայտելով հանձնառություն մեր մոլորակի պահպանության հանդեպ։
2008 թվականից ի վեր շարժման ակտիվ մասնակից է նաև Հայաստանը՝ WWF Հայաստանի առաջնորդությամբ։ Տարիներ շարունակ Երևանի քաղաքապետարանը, բոլոր մարզերն ու համայնքները միացել են «Երկրի ժամին»՝ մարելով փողոցների և շենքերի ոչ անհրաժեշտ լուսավորությունը՝ ընդգծելով երկրի ներգրավվածությունը այս գլոբալ նախաձեռնությանը։
2026 թվականին աշխարհում «Երկրի ժամը» նշում է իր 20-ամյա հոբելյանը։ «Այս հոբելյանական ﬕջոցառումը ստանձնում ենք ﬔծ պատասխանատվությամբ։ Կլիմայական ճգնաժաﬕ ակնհայտ ու աճող մարտահրավերների համատեքստում «Երկրի ժամ»-ի խորհուրդն ավելի արդիական է, քան երբևէ» , – նշել է WWF Հայաստանի հասարակայնության հետ կապերի, համագործակցությունների և ֆոնդահայթայթման ղեկավար Ժակ Նիազյանը։
Ուստի, շարունակելով բազմամյա ավանդույթը՝ մարտի 28-ին՝ ժամը 20:30-ին, Երևանի քաղաքապետարանը, ինչպես նաև Հայաստանի տարբեր համայնքներ, կմիանան «Երկրի ժամ» շարժմանը՝ անջատելով փողոցների և շենքերի ոչ հիմնարար լուսավորությունը։
Հանրապետության հրապարակում լույսերի անջատումից հետո քաղաքացիներին կսպասվի հազարավոր մոմերի ներքո յուրահատուկ երաժշտական մթնոլորտ՝ Candlenight Concerts-ի մասնակցությամբ։
WWF Հայաստանը կոչ է անում անհատներին, համայնքներին և կազմակերպություններին միանալ այս գլոբալ շարժմանը՝ մեկ ժամ լույսերը անջատելուց զատ՝ աջակցելու WWF-ի ծրագրերին, որոնք ուղղված են Հայաստանի կենսաբազմազանության պահպանությանը։