Հայաստան

Պետական կառավարման համակարգը ՀՀ-ում ներառական է և պատրաստ է արժանապատվորեն դիմակայել ապագայի մարտահրավերներին․ Նաթիա Նացվլիշվիլի

4 րոպեի ընթերցում

Պետական կառավարման համակարգը ՀՀ-ում ներառական է և պատրաստ է արժանապատվորեն դիմակայել ապագայի մարտահրավերներին․ Նաթիա Նացվլիշվիլի

Նորարարությունը պետական կառավարման համակարգում երկրորդական խնդիր չէ, այլ ունի չափազանց կարևոր ու կենտրոնական նշանակություն կառուցակարգերի արդյունավետ աշխատանքի առումով, մասնավորապես՝ խափանումների, ճգնաժամերի անորոշ աշխարհում։

Այդ առումով՝ պետական կառավարման համակարգը Հայաստանում ներառական է և պատրաստ է արժանապատվորեն դիմակայել ապագայի մարտահրավերներին։    

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը Հանրային ոլորտի նորարարության 3-րդ երևանյան միջազգային համաժողովի ընթացքում հայտնեց ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։    

«Ամբողջ աշխարհում պետական համակարգերից այլևս չեն սպասում միայն արդյունավետ կառավարում, նրանցից ակնկալում են նաև արագ արձագանք տնտեսական խնդիրներին, սահմանափակումներին, տեխնոլոգիական զարգացումների խափանումներին, կլիմայական ռիսկերին, տեղահանություններին, վստահության անկմանը։ Այս համատեքստում առանցքային նշանակություն ունի կառուցակարգերում ուսումնառության կարողությունը, աշխատանքի արդյունքների ապահովումը, որպեսզի մարդիկ այդ ամենը կարողանան տեսնել իրենց առօրյա կյանքում։ Հենց այդ պատճառով էլ նման հարթակները չափազանց կարևոր են»,- ասաց Նացվլիշվիլին։  

Նրա դիտարկմամբ՝ ՄԱԶԾ-ում  նորարարությունն առանձին նախաձեռնություն չէ, այլ պետական կառույցների կամ կառավարման ոլորտի առանցքային կարողություններից մեկն է։

«Սկսած 1990-ական թվականներից՝ Հայաստանը բավականին նշանակալի ճանապարհ է անցել՝ ապահովելով տեսանելի և շոշափելի առաջընթաց։ Այս ձեռքբերումները մեզ հիշեցնում են, որ առաջընթացն այս պահին պետք է պահպանվի համարժեք կառուցակարգերի շնորհիվ, որպեսզի վերջիններս արձագանքեն շատ ավելի բարդ մարտահրավերներին այս ծանր ժամանակաշրջանում։ ՄԱԶԾ-ն շարունակաբար աջակցում է Հայաստանում համակարգային բարեփոխումներին, թվային, տվյալահեն լուծումներին, ինստիտուցիոնալ վերաձևավորումներին, մասնակցային կառավարմանը։ Վերացականությունից անցնում ենք պրակտիկայի՝ ավելի կարող և ապագայի մարտահրավերներին պատշաճ կերպով արձագանքող կառավարման հնարավորություններով։ Աշխատանքն արդեն իսկ վերածվում է նշանակալի արդյունքների»,- ասաց Նացվլիշվիլին։

Նա հիշեցրեց, որ Հայաստանը դեռ 2023 թվականին կարողացավ ընդունել ավելի քան 120 հազար փախստականների, հետևաբար պետական կառույցների նկատմամբ ձևավորվեց նոր պահանջ, որովհետև կրթության, բարեկեցության, ՏԻՄ հարթակներում անհրաժեշտ էր, որպեսզի կառույցներն արագ արձագանքեին ոչ միայն մարդկանց կարիքներին, այլև տեղահանված անձանց սպասարկեին արժանապատվորեն՝ առաջարկելով նոր հնարավորություններ։

«Այդ համատեքստում ՄԱԶԾ-ն Հայաստանի կառավարության և միջազգային գործընկերների հետ ճգնաժամային իրավիճակում աջակցեց ավելի քան 80 հազար փախստականների, ինչը ևս մեկ անգամ փաստեց, որ տեղահանությունը ոչ միայն հումանիտար խնդիր է, այլև ենթադրում է մարտահրավերների արդյունավետ կառավարում, որպեսզի պետական կառույցները կարողանան ժամանակին կայացնել կարևոր որոշումներ, ապահովել իրավիճակի մեղմում և մատուցել արժանավայել ծառայություններ։ Այդ իմաստով՝ պետական համակարգերը ներառական են իրենց մասնակցային բնույթով, քանզի ստեղծում են պայմաններ բոլոր մարդկանց համար՝ ապահովելով սուբյեկտայնություն, հասանելիություն ծառայությունների համար և լիարժեք մասնակցություն սոցիալ-տնտեսական կյանքին»,- եզրափակեց ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում