Սպորտ

Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Մարիամ Ստեփանյանը նշանակվել է Հայաստանի  ֆուտբոլի կանանց  ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Մինչ այս, նա գլխավորում էր կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

«Ուրախությամբ և մեծ պատասխանատվությամբ ընդունում եմ գլխավոր մարզչի պաշտոնը։ Հպարտ եմ, որ ունեմ հնարավորություն աշխատելու այս թիմի հետ։ Հուսով եմ՝ միասին կաշխատենք նվիրվածությամբ և կհասնենք դրական արդյունքի։ Բոլորիս մաղթում եմ հաջողություն այս ճանապարհին»,- նշել է Ստեփանյանը։  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հաջողություն է մաղթել Մարիամ Ստեփանյանին նոր պաշտոնում. «Մարիամ Ստեփանյանը երկար տարիներ աշխատել է Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում և լավ ծանոթ է կանանց ֆուտբոլի համակարգին:  Նրա գլխավորությամբ կանանց Հայաստանի Մ-17 և Մ-19 հավաքականներն իրենց առաջին հաղթանակներն են տոնել Եվրոպայի առաջնությունների որակավորման փուլերում: Վստահ ենք, որ Մարիամ Ստեփանյանի կուտակած փորձը, նվիրված աշխատանքը և մասնագիտական մոտեցումը կնպաստեն կանանց Հայաստանի ազգային հավաքականի հետագա առաջընթացին։Մաղթում ենք նրան հաջողություն և բարի երթ»,- ասել է Արմեն Մելիքբեկյանը:

Մարիամ Ստեփանյանի գլխավորությամբ կանանց Հայաստանի ազգային հավաքականն առաջին խաղը կանցկացնի ապրիլի 14-ին։  Ընտրանին տանը կընդունի Բելառուսին։  Ավելի վաղ Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացել էր Արտակ Ադամյանը:

Կարդացեք հոդվածը` العربيةEspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում