Անվտանգության բարեփոխումների ոլորտում կա նոր մոտեցումների անհրաժեշտություն. Երևանում կայացավ մասնագիտական բաց քննարկում
7 րոպեի ընթերցում
Կովկասի ինստիտուտն անցկացրեց հանրային քննարկում՝ «Անվտանգային ոլորտի բարեփոխումները Հայաստանում և փորձագիտական հանրության ու քաղաքացիական հասարակության ներգրավումը» խորագրով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քննարկման ընթացքում ներկայացվեցին Հայաստանում անվտանգային ոլորտի բարեփոխումների կարգավիճակը ներկայիս աշխարհաքաղաքական սպառնալիքների համատեքստում ու հետագա ընթացքը, փորձագիտական հանրության ու քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը բարեփոխումներին և դրա խթանմանն ուղղված քայլերն ու արդի խոչընդոտները։
Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ կան խնդիրներ՝ կապված գոյություն ունեցող փաստաթղթերի և ռազմավարական ծրագրերի հետ, որոնք իրականում բավականին հին են և գրվել են նախորդ շրջանում, այսինքն՝ այն իրադարձություններից առաջ, որոնք տեղի ունեցան Հայաստանում և մեր երկրի շուրջ վերջին տարիներին։
«Այնպես որ կա նոր մոտեցումների անհրաժեշտություն։ Մյուս կողմից անվտանգության ոլորտի բարեփոխումները շարունակվում են, և աստիճանական փոփոխությունների գործընթացը նույնպես տեսանելի է։ Կոնկրետ ես դեմ եմ հեղափոխական, կտրուկ փոփոխություններին, հետևաբար աստիճանական բարելավումների ռազմավարությունն ավելի ճիշտ է ու նախընտրելի։ Այլ հարց է, որ դա երբեմն տեղի է ունենում չափից շատ դանդաղ, երբեմն էլ գործընթացի համար չեն բավարարում ռեսուրսները, և այդ ամենը մի շրջափուլում, երբ Հայաստանում և նրա շուրջը 2020-24 թվականներին տեղի ունեցան կտրուկ զարգացումներ։ Տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը, այնուհետև հայ բնակչության տեղահանումը Լեռնային Ղարաբաղից, իսկ հետո նաև ռուս խաղաղապահների հեռանալն այնտեղից։ Նույն ժամանակահատվածում սկսվեց նաև ռուս-ուկրաինական հակամարտությունը»,- ասաց Իսկանդարյանը։
Նրա դիտարկմամբ՝ այս պահին այդ ամենին ավելացել են մերձավորարևելյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, հետևաբար անվտանգային ռազմավարական ծրագրերին պետք է վերաբերվել նորովի՝ դրանք դարձնելով ավելի ճկուն և արդիական՝ հաշվի առնելով մեր տրամադրության տակ եղած ռեսուրսներն ու հնարավորությունները։
Անդրադառնալով կոնկրետ անվտանգային պետական մարմինների և ՀԿ-ների ու փորձագիտական շրջանակների միջև համագործակցության բնույթին՝ Իսկանդարյանն ընդգծեց, որ իրենք փորձում են նպաստել սերտ համագործակցությանը։
«Համագործակցությունը երկկողմանի է և կապ չունի՝ նրանք են մեզ հետ աշխատում, թե մենք նրանց հետ։ Կա իրավասության խնդիր, որը գոյություն ունի պետական մարմիններում, բայց կա նաև իրավասության խնդիր, որն առկա է այդ կառույցներից դուրս։ Դա վերաբերում է ՀՀ ԳԱԱ-ին, հետազոտական կազմակերպություններին, մասնագիտացված կառույցներին, փորձագիտական շրջանակներին, որոնք աշխատում են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Ովքեր զբաղվում են անվտանգության բարեփոխումների խնդրով, բնականաբար փոխգործակցում են։ Կարևոր է դրսի փորձը ներդնել մեր երկրում։ Շատերի կողմից Հայաստանն այսօր ընկալվում է որպես կղզի մեծ օվկիանոսում, որտեղ ամեն ինչ յուրահատուկ է, բայց իրականում, իհարկե, այդպես չէ։ Եվ կան համագործակցության եզրեր, որոնց կողմերը դեռ պատրաստ չեն։ Արտաքին կառույցները կարող են չտիրապետել գետնի վրա գոյություն ունեցող իրավիճակին, հետևաբար միասնական աշխատանքն ու համագործակցությունը տալիս են դրական արդյունքներ՝ մեծացնելով հնարավորությունների շրջանակը»,- եզրափակեց Կովկասի ինստիտուտի տնօրենը։
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի հրամանատարաշտաբային ինստիտուտի պետ Արծրուն Հովհաննիսյանն իր հերթին նշեց, որ իրենք ուրախ կլինեն քաղհասարակության կողմից փորձագիտական, խորքային քննարկումների բովանդակությունը դարձնել ավելի ընդգրկուն, առավել ևս, որ կան հաջողված համագործակցության օրինակներ։
«Մենք արդեն ունեցել ենք մի քանի հետաքրքիր քննարկումներ, որոնց ժամանակ համապատասխան զեկույցներով հանդես են եկել մասնավորապես ՊՆ ներկայացուցիչները։ Նրանք մասնակցել են նաև բազում միջոցառումների, ինչը լավ ավանդույթ է, հետևաբար տվյալ դաշտում նախկին խորքային բացը հետզհետե լրացվում է։ Այդուհանդերձ, անելիքները շատ են, որովհետև նախկին զինվորականներից քչերին է հաջողվում վերլուծական կենտրոններում կամ համապատասխան կառույցներում աշխատանք գտնել, մինչդեռ շատ ավելի լավ կլիներ, որպեսզի նրանք ակտիվորեն ինտեգրվեին գիտահետազոտական աշխատանքներում»,- ասաց Հովհաննիսյանը։
Նրա կարծիքով՝ կան որոշ հանգամանքներ, որոնք դեռ խանգարում են հասնել ցանկալի մակարդակին։ Ըստ նրա՝ վերադասի համապատասխան հրահանգի դեպքում իրենք կարող են ռազմական ակադեմիայում կազմակերպել դասընթացներ, մասնագիտական վերապատրաստումներ։ Թեև պրակտիկան նախկինում կար, սակայն հիմա, Հովհաննիսյանի պնդմամբ, առաջացել է ավելի գլոբալ խնդիրներ լուծելու անհրաժեշտություն։
«Շատերը հասկանալի պատճառով չեն խորանում մասնագիտական, ռազմական գիտելիքների մեջ և ավելի շատ անվտանգային ընդհանուր պատկերացումներ կարող են ունենալ, բայց մեր ակադեմիան ի զորու է նպաստել այդ բացը լրացնելուն։ Վերջին երկու տարիներին փորձագիտական շրջանակներից ստացել ենք առաջարկություններ, ինչն ուրախալի է, քանի որ անվտանգության հարցերը շատ ակտուալ են։ Սակայն միշտ չէ, որ անվտանգության հետ կապված հարցերի քննարկումը չի վերածվում քաղաքական ենթատեքստեր կրող խոսույթի։ Այնուամենայնիվ, մենք շատ բաց ենք մասնագիտական քննարկումների համար»,- նշեց Հովհաննիսյանը։
Նրա համոզմամբ՝ անվտանգության ոլորտի մշակույթը, հատկապես զինված ուժերի, մասնագիտացված ինստիտուտների, ինչպես նաև ներկա և ապագա գործընթացների մասին խոսույթն ավելի պրոֆեսիոնալ տիրույթ տեղափոխելու և ավելի առարկայական, տարատեսակ քաղաքական և այլ երանգներից դուրս թողնելու կարիք ունի։
Հիմնական ելույթներից հետո քննարկվեցին պետական կառույցների, քաղաքացիական հասարակության, փորձագիտական համայնքի, ինչպես նաև վերլուծական ԶԼՄ-ների փոխազդեցության ձևաչափերը՝ շեշտը դնելով ներառական անվտանգության օրակարգի ձևավորման կարևորության վրա: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նաև հանդես եկան անվտանգային բարեփոխումների իրականացման վերաբերյալ մի քանի առաջարկներով։