Իսրայելը նպատակ ունի Իրանին զրկել Մերձավոր Արևելքում կարևոր գործոն լինելու հեռանկարից. Արմեն Պետրոսյան
6 րոպեի ընթերցում
Քաղաքական վերլուծաբան Արմեն Պետրոսյանը երկու հիմնական նախադրյալ է նշում, որոնք կարող են հանգեցնել Իրան-ԱՄՆ-Իսրայել եռյակի միջև պատերազմական գործողությունների ավարտին։
Արմեն Պետրոսյանը Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սկսած ռազմական գործողություններին և դրա հետևանքով ամբողջ Մերձավոր Արևելքում տիրող լարված իրավիճակին ու հանգուցալուծման տարբերակներին անդրադարձել է «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում։
«Առաջին նախադրյալն այն է, որ հարձակվող կողմը հասնի իր հռչակած ռազմավարական նպատակին, կամ համարի, որ հասել է ու ավելիին հասնելու հնարավորություն չունի։ ԱՄՆ-ի և Իսրայելի նպատակն Իրանում վարչակարգի փոփոխությունն է։ Մյուս նախադրյալն առնչվում է ռեսուրսների սպառվելուն։ Տվյալ դեպքում խոսքն առավելապես վերաբերում է հարձակվող կողմի ռեսուրսներին։ Նշված երկու նախադրյալներն ունեն նաև ածանցյալ հանգամանքներ։ Օրինակ՝ իրանական կողմից ամերիկա-իսրայելական երկյակի առաջ քաշած պայմանների ընդունումը։ Ընդ որում, պարտադիր չէ, որ նպատակների իրականացումն արձանագրվի ռազմական եղանակով»,- ասաց Պետրոսյանը։
Նա հավելեց, որ տարաբնույթ փորձագիտական շրջանակների կողմից նշվում են հակամարտության ավարտի ժամանակային տարբեր սահմաններ, օրինակ՝ մինչև մարտի 21-23-ը։
«Դա արվում է երկու հիմնավորմամբ։ Նախ Իրանում մեկնարկելու է Նովրուզը։ Գուցե, հարձակվող կողմը քարոզչական նպատակով օգտագործի այդ հանգամանքը, որպեսզի այդ կերպ խրախուսի Իրանի ժողովրդին, որպեսզի վերջինս դուրս գա փողոց և ինքնուրույնաբար փորձի «իշխանությունը վերցնել իր ձեռքը»։ Բացի այդ, նույն ժամկետներում նախանշված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Չինաստան, ինչը, գուցե, նույնպես ազդեցություն կունենա զարգացումների վրա»,- նշեց քաղաքական վերլուծաբանը։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք տեղ մնացե՞լ է միջնորդական առաքելության համար և ո՞ր երկիրը կամ երկրները կարող են ստանձնել հաշտարարի դերակատարություն՝ Պետրոսյանն ընդգծեց, որ նման հնարավորություն կա, և նման քայլ կարող է իրականացնել Թուրքիան։
«Պաշտոնական Անկարան իր չեզոք դիրքավորմամբ հենց դրան էլ ձգտում է։ Թուրքիան փորձում է չեզոքությունը չխախտել՝ անհրաժեշտության դեպքում միջնորդական առաքելություն ապահովելու նպատակով։ Բացի երրորդ կողմի միջնորդությունից, ԱՄՆ-ի և Իրանի միջև նույնպես կա ուղիղ կապի հնարավորություն։ Այդ կապը ևս կարող է օգտագործվել ուղիղ կերպով՝ ինչպես պայմանավորվածությունների գալու, այնպես էլ խնդիրը բանակցությունների հարթություն տեղափոխելու առումով։ Միայն ռազմական գործողություններով չէ, որ հնարավոր է այս հակամարտությունն ավարտել»,- նշեց մեր զրուցակիցը։
Խոսելով իրանական կողմի այն դիտարկման մասին, որ իրենք երկու անգամ բանակցել են ԱՄՆ-ի հետ, սակայն երկու անգամ էլ այդ ընթացքում ենթարկվել են հարձակման՝ Պետրոսյանը նշեց, որ իրանական կողմի նման հայտարարություններն ունեն առավելապես քարոզչական ուղղվածություն։
«Այնուամենայնիվ, իրանական կողմին էլ կարող է ինչ-որ փուլում անհրաժեշտ լինի դադարեցնել պատերազմը։ Այս պահին իրանական կողմը շատ լավ հասկանում է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը պատրաստ չեն և չեն էլ պլանավորում դադարեցնել պատերազմը։ Նման կանխատեսման համար կարելի է հիմք ընդունել վարչապետ Բենիամին Նեթանյահուի վերջին հայտարարությունը, որի համաձայն՝ իսրայելական կողմը դեռ պետք է լուծի որոշ ռազմավարական խնդիրներ։ Հատկապես Իսրայելի նպատակն այն է, որ եթե չհասնի առավելագույնին՝ Իրանում վարչակարգի տապալմանը, ապա գոնե ստանա նվազագույնը, որպեսզի Իրանի արտաքին քաղաքական ուղեգիծը համապատասխանի տարածաշրջանում իր և ԱՄՆ-ի արտաքին ուղեգծին։ Ռազմավարական առումով Իսրայելը նպատակ ունի Իրանին զրկել Մերձավոր Արևելքում կարևոր գործոն լինելու հեռանկարից»,- պարզաբանեց Պետրոսյանը։
Իսկ ինչ վերաբերում է Իրանին, ապա նա հավելեց, որ թեև տեղի վարչակարգը շարունակում է պաշտոնավարել և ցուցադրում է հակառակորդներին հակադարձելու ուժեղ կամք, սակայն հետագայում, ինչպիսի իշխանություններ էլ լինեն այդ երկրում, գլխավորապես զբաղված են լինելու ներքին խնդիրների կարգավորմամբ, պատերազմից տուժած ենթակառուցվածքների վերակառուցմամբ ու ներուժի վերականգնմամբ։ Վերլուծաբանը շեշտեց, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը ձգտում են չեզոքացնել բոլոր գործիքները, որոնց շնորհիվ Իրանը տևական ժամանակ կարևոր ազդեցություն է ունեցել մերձավորարևելյան զարգացումների վրա։
Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն դիտարկմանը, որ այժմ երրորդ համաշխարհային պատերազմի ականատեսն ենք՝ մեր զրուցակիցն ընդգծեց, որ նման միջազգային գլոբալ հակամարտություն կլինի այն ժամանակ, երբ դրանում միաժամանակ ներգրավված կլինեն մի քանի գերտերություններ։
«Այս պահին նման բան չկա։ Ներկա պահին Ռուսաստանը ներգրավված է ռուս-ուկրաինական պատերազմում, իսկ ԱՄՆ-ն պատերազմում է Իրանի հետ։ Գլոբալ խաղացողների, միջուկային դերակատարների ուղիղ առճակատման սցենար այս պահին միջազգային օրակարգում չի երևում»,- եզրափակեց Պետրոսյանը։