Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել լեզվաբանի շիրիմին

4 րոպեի ընթերցում

Մարտի 8-ին լրացել է հայ ականավոր լեզվաբան, բառարանագիր Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակը։ Օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանույշ Դվոյանը, Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, ինչպես նաև ակադեմիկոսի ընտանիքի անդամներն այցելել են նրա շիրիմին և ծաղիկներ խոնարհել՝ հարգանքի տուրք մատուցելով հայագիտության նշանավոր երախտավորի հիշատակին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի հատուկ հանձնաժողով՝ անվանի գիտնականի հոբելյանը պատշաճ կերպով նշելու և նրա գիտական ժառանգությունն արժևորելու նպատակով։ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ հոբելյանական տարին կարևոր հնարավորություն է ոչ միայն գիտնականի հիշատակը հարգելու, այլև նրա գործունեության վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու համար։

«Այսօր շատ կարևոր է խոսել մեր լեզվի մասին և իրականացնել լեզվի կենսունակությանն ուղղված ծրագրեր։ Այդ քննարկումների առանցքում նաև Հրաչյա Աճառյանի ժառանգությունն է, քանի որ բազմաթիվ հարցեր և լեզվաբանական մոտեցումներ, որոնց շուրջ այսօր աշխատում ենք, գալիս են հենց նրա գիտական գործունեությունից։ Այդ ամենը կարևոր է նաև լեզվաբանության զարգացման տեսանկյունից։ Այն, ինչ Աճառյանն իր ժամանակում արեց հայոց լեզվի համար, առաջադեմ էր, և այսօր մեզ համար մեծ պատասխանատվություն է այդ ժառանգության պահպանումը։ Եթե նա կարողացավ իր ժամանակի պայմաններում այդպիսի մեծ աշխատանք կատարել, ապա մենք ևս պարտավոր ենք շարունակել այդ ուղին»,– նշել է Ժաննա Անդրեասյանը։

Ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի ընտանիքի անդամները շնորհակալություն են հայտնել գիտնականի գիտական ժառանգության պահպանման և հանրայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների համար։ Նրանք նշել են, որ վերջին տարիներին դպրոցներում և երիտասարդության շրջանում նկատվում է Աճառյանի գործունեության նկատմամբ հետաքրքրության և իրազեկվածության նկատելի աճ։ Ընտանիքի ներկայացուցիչները նաև պատրաստակամություն են հայտնել ցուցադրությունների կազմակերպման համար տրամադրել անհրաժեշտ օժանդակ նյութեր և աջակցել կազմակերպչական աշխատանքներին։

Քննարկվել են նաև «Աճառյան 150» հոբելյանական տարվա շրջանակում նախատեսվող միջոցառումները։ Դրանց թվում են միջազգային գիտաժողովի անցկացում, գիտական աշխատարանների և տարբեր կրթական նախաձեռնությունների իրականացում, դպրոցներում ընթերցումների և ճանաչողական ծրագրերի կազմակերպում, ինչպես նաև ցուցադրություն՝ Գրականության և արվեստի թանգարանի և Մատենադարանի համագործակցությամբ։ Հոբելյանական տարվա միջոցառումների ամբողջական ծրագիրը կքննարկվի և կհաստատվի ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվելիք հանձնաժողովի առաջիկա նիստում։

Հատկանշական է, որ ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2026–2027 թվականների օրացույցում»: Այս համատեքստում ընդգծվել է նաև համապատասխան միջոցառումների կազմակերպման կարևորությունը՝ գիտնականի գործունեությունն առավել լայն շրջանակներում ներկայացնելու նպատակով։

Հրաչյա Աճառյանը (1876–1953) հայ և համաշխարհային լեզվաբանական մտքի բացառիկ ներկայացուցիչներից է, որի գիտական ժառանգությունը հիմնարար նշանակություն ունի հումանիտար գիտությունների զարգացման համար։ Աճառյանի բազմակողմանի գիտական գործունեությունն ընդգրկում է հայոց լեզվի գրեթե բոլոր հիմնական բնագավառները՝ բարբառագիտություն, պատմահամեմատական լեզվաբանություն, բառագիտություն, քերականություն, անունաբանություն և հայ գրերի պատմություն։

Հայերեն

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ