«Երևանյան բեսթսելեր». «Իշխանության 48 օրենքները» գիրքն՝ առաջատար. փաստավավերագրական, հունվար, 2026
10 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հունվարի վաճառքների։
Ռոբերտ Գրինի «Իշխանության 48 օրենքները» առաջին տեղում է։ Գիրքը ժամանակակից դասական է՝ քաղաքականության, հոգեբանության և ռազմավարության հատման սահմանագծում: Ռոբերտ Գրինը վերլուծում է իշխանության էությունը՝ բացահայտելով, թե ինչպես է այն գործում իրական կյանքում՝ անձնական և աշխատանքային հարաբերություններում, ինչպես նաև հասարակության բոլոր շերտերում՝ հին աշխարհի տիրակալներից մինչև նոր ժամանակների գործարարներ, քաղաքական գործիչներ ու արվեստագետներ: Յուրաքանչյուր օրենք ներկայացվում է պատմական կերպարների՝ Ալեքսանդր Մակեդոնացու, Կլեոպատրայի, Նապոլեոն Բոնապարտի, Օտտո Ֆոն Բիսմարկի, Իվան Ահեղի և այլ նշանավոր դեմքերի կյանքի օրինակներով՝ համեմված անվանի մտածողների և ռազմավարների ուսմունքներով, մասնավորապես՝ Մաքիավելիի, Սուն Ցզիի, Կոնֆուցիոսի, Նիցշեի և այլոց:
Ռոբին Շարմայի «Հարստություն, որը փողով չես գնի» գիրքը երկրորդ տեղում է։ Ընթերցողի դատին է ներկայացվել աշխարհահռչակ բանախոս, մոտիվատոր, բազմաթիվ հզոր կազմակերպությունների բիզնես խորհրդատու, բազում գրքերի հեղինակ Ռոբին Շարմայի հերթական բեսթսելերը՝ «Հարստություն, որը փողով չես գնի»: Հետևելով հեղինակի «փոքրիկ» խորհուրդներին՝ քայլ առ քայլ կմոտենաք ձեր երազած՝ առողջ, երջանիկ, հարուստ, սիրով լի կյանքին: Ինչպես հեղինակն է ասում, բախտավոր չեն ծնվում, բախտավոր դառնում են: Այնպես որ... կարդացեք, երջանկացեք, հարստացեք և եղեք բախտավոր...
Հեկտոր Գարսիայի և Ֆրանսեսկ Միրալեսի «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» երրորդ տեղում է։ «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» յուրահատուկ լրագրողական հետաքննություն-հետազոտություն է՝ պարզելու, թե որն է Ճապոնիայի Օկինավա կղզու բնակիչների երկարակեցության գաղտնիքը և ինչ է իրականում նշանակում իկիգայը: Շնորհիվ այս գրքի դուք բազմաթիվ տեղեկություններ կստանաք երկարակեցության գաղտնիքների և իրենց կյանքում թեկուզ փոքրիկ, բայց կարևոր նպատակներ ունեցող ճապոնացիների մասին: Այն կօգնի ձեզ գտնել ձեր սեփական իկիգայը ու լիցքավորվել թարմ էներգիայով՝ պատրաստ ապրելու երկար ու երջանիկ:
Չորրորդ տեղում է Էրիկ Բեռնի «Խաղեր, որոնք խաղում են մարդիկ» գիրքը: Գիրք մարդկային հարաբերությունների հոգեբանության մասին։ Սա պարզ ու երբեմն նույնիսկ զվարճալի եղանակով ներկայացված գիտական տեսություն է, որը նույնքան օգտակար և կիրառելի է նաև սովորական մարդկանց համար, որոնք ցանկանում են հասկանալ, թե ինչ է կատարվում իրենց շուրջը։ Հեղինակը պնդում է, որ յուրաքանչյուրիս ներսում երեք ԵՍ կա՝ Մեծահասակ, Ծնող ու երեխա, ու ցանկացած պահի մեր վարքը պայմանավորված է նրանով, թե դրանցից որն է արձագանքում իրավիճակին։
Հինգերորդ տեղում է Ջո Նավարոյի «Ես կարդում եմ Ձեր մտքերը» գիրքը։ Այս գրքում դուք կիմանաք, թե որ նախնադարյան բնազդներն են կառավարում մեր մարմնի լեզուն, ինչու չի կարելի վստահել մարդու դեմքի արտահայտություններին, որն է մարմնի «ամենաանկեղծ» մասը, ինչպես կարդալ դիմացինի իրական մտքերը նրա ձեռքերի, ոտքերի, իրանի և շուրթերի միջոցով և ինչպես կիրառել այս գիտելիքները՝ ավելի վստահ ու անկեղծ տպավորություն թողնելու համար։ Գրքում ներկայացված են ոչ միայն համոզիչ օրինակներ FBI-ի գործակալի իրական պրակտիկայից, այլև առկա են հղումներ ոչ վերբալ հաղորդակցության ոլորտում ամենահայտի հետազոտողների աշխատություններին: Գրքում կգտնեք նաև պատկերներ, որոնք է՛լ ավելի ընկալելի և հետաքրքիր կդարձնեն ընթերցանությունը:
Ջո Դիսպենզայի «Ենթագիտակցության ուժը: Ինչպես ազատվել հին մտածողությունից և կերտել նորը» գիրքը վեցերորդ տեղում է։ Բազմաթիվ բեսթսելերների հեղինակ, միջազգային դասախոս, հետազոտող, խորհրդատու, մանկավարժ Ջո Դիսպենզայի «Ենթագիտակցության ուժը» գիրքը գրված է գիտական լուրջ հետազոտությունների հիման վրա: Ելնելով իր կյանքի փորձառությունից՝ հեղինակը նկարագրում է, թե ինչպես թեթևակի փոփոխելով ուղեղի աշխատանքը՝ կարելի է բացել դեպի քվանտային դաշտ տանող դուռը՝ կյանքում դրական փոփոխությունների հասնելու համար: Եվ այս ամենը դոկտոր Ջոն ներկայացնում է հեշտ կիրառելի աստիճանական տեխնիկայի միջոցով։
Կոնստանտին Սարկիսյանի «Աշխարհի սահմանադրությունը. Տեսիլ» գիրքը յոթերորդ հորիզոնականում է։ Ընթերցողի առջև ճանաչողական պատմություն է՝ կազմված երեք գրքից՝ «Տեսիլ», «Կյանք» և «Համակարգ»։ Սա մի մարդու՝ ամբողջ մի կյանք ձգվող ճանապարհորդություն է, որին հայտնի են դարձել կեցության գաղտնիքները, որոնք նա շռայլորեն կիսում է ընթերցողի հետ, բայց, դրանով հանդերձ, նա ոչ թե հանդես է գալիս որպես խորհրդավոր ուղեկից, այլ իրական ընկեր է դառնում, որը հիշեցնում է մեզ վաղուց մոռացված ճշմարտությունների մասին։
Բոդո Շեֆերի «Հաղթողների 30 օրենքները» գիրքը ութերորդ տեղում է։ Այն կսովորեցնի լիարժեք վերահսկողություն հաստատել սեփական կյանքի նկատմամբ, փոխել վերաբերմունքը ինքներդ ձեր և շրջապատի հանդեպ, միշտ առաջ շարժվել ու զարգանալ, հասնել ֆինանսական անկախության, լինել «արծիվ», այլ ոչ թե «բադ»:
Ջո Դիսպենզայի «Դառնալ գերբնական» գիրքը իններորդ տեղում է։ Ջո Դիսպենզա. միջազգային դասախոս, հետազոտող, խորհրդատու, բազմաթիվ բեսթսելերների հեղինակ, մանկավարժ։ Դոկտոր Ջո Դիսպենզան ուսումնասիրություններ է արել նեյրոգիտության, էպիգենետիկայի և քվանտային ֆիզիկայի ոլորտներում: Համագործակցելով տարբեր գիտնականների հետ՝ մեդիտացիայի վերաբերյալ լայնածավալ հետազոտություններ իրականացնելու նպատակով, ներառյալ էպիգենետիկ փորձարկումը, ուղեղի քարտեզագրումը էլեկտրաէնցեֆալոգրամներով և անհատական էներգետիկ դաշտի փորձարկումը գազի արտանետումը պատկերող սարքով՝ նա իր գիտելիքներն է օգտագործում՝ օգնելու մարդկանց բուժվել ինչպես սովորական, այնպես էլ քրոնիկ և անգամ մահացու հիվանդություններից: Նրա իսկ համոզմամբ՝ մեզանից յուրաքանչյուրն ունի մեծության և անսահմանափակ կարողությունների ներուժ։ Եվ այս գրքում կտեսնենք, թե ինչպես են սովորական մարդիկ անում արտասովորը՝ դառնալով գերբնական: Այնպես որ, փորձենք բացահայտել մեր կարողություններն ու հմտությունները՝ վայելելու համար անսահման հնարավորություններով լի այս կյանքը:
Ռոբին Շարմայի «Առավոտյան ժամը 5-ի ակումբը» տասներորդ տեղում է։ «Առավոտյան ժամը 5-ի ակումբը» մոտիվացիոն աշխատություն է: Այստեղ Շարման փորձում է ընթերցողին սովորեցնել առավոտյան վաղ արթնանալու խորհուրդը: Շարման իր հերոսների օրինակով ընթերցողին օգնում է դառնալ հաջողակ, երջանիկ, ինչու չէ, նաև սիրված: Հերոսների հետաքրքիր և արկածներով լի շրջագայությունները տարբեր երկրներով էլ ավելի ու խորհրդավոր են դարձնում գիրքը:
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Ցանկում ներառված չեն հանրագիտարանները
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:
| Տեղ | Փոփոխ․ | Գիրք | Հրատ․ | Քանակ | |
| 1 | նոր | ![]() | Ռոբերտ Գրին, «Իշխանության 48 օրենքները» | Դավինչի | 375 |
| 2 | նոր | ![]() | Ռոբին Շարմա, «Հարստություն, որը փողով չես գնի» | Բուկինիստ | 121 |
| 3 | +4 | ![]() | Հեկտոր Գարսիա, Ֆրանսեսկ Միրալես, «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» | Դավինչի | 81 |
| 4 | * | ![]() | Էրիկ Բեռն, «Խաղեր, որոնք խաղում են մարդիկ» | Դավինչի | 75 |
| 5 | * | ![]() | Ջո Նավարո, «Ես կարդում եմ Ձեր մտքերը» | Դավինչի | 70 |
| 6 | 0 | ![]() | Ջո Դիսպենզա, «Ենթագիտակցության ուժը: Ինչպես ազատվել հին մտածողությունից և կերտել նորը» | Դավինչի | 67 |
| 7 | -5 | ![]() | Կոնստանտին Սարկիսյան, «Աշխարհի սահմանադրությունը. Տեսիլ» | Բաբելոն | 63 |
| 8 | +2 | ![]() | Բոդո Շեֆեր, «Հաղթողների 30 օրենքները» | Դավինչի | 57 |
| 9 | * | ![]() | Ջո Դիսպենզա, «Դառնալ գերբնական» | Բուկինիստ | 45 |
| 10 | * | ![]() | Ռոբին Շարմա, «Առավոտյան ժամը 5-ի ակումբը» | Բուկինիստ | 43 |









