Հայաստան

Ընթացիկ շարժերի պայմաններում բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը Հայաստանին թույլ է տվել անվտանգ նավարկել. Միրզոյան

2 րոպեի ընթերցում

Ընթացիկ շարժերի պայմաններում բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը Հայաստանին թույլ է տվել անվտանգ նավարկել. Միրզոյան

Հայաստանի դիվանագիտությունը, բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունն ընթացիկ շարժերի պայմաններում կամ փոթորկվող ծովերում թույլ է տվել անվտանգ նավարկել և ՀՀ պետականության նավը խաղաղ ջրեր բերել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Դիվանագետի օրվան նվիրված միջոցառմանը:

«Վերջին տարիները ցույց են տալիս, որ դիվանագիտությունն իսկապես մեր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անվտանգության ճարտարապետության առանցքային բաղադրիչներից մեկն է: Չափազանցություն չի լինի ասելը՝ մեր առաջին պաշտպանական գիծը: Հենց դիվանագիտությունը, բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունն է, որ ընթացիկ շարժերի պայմաններում կամ փոթորկվող ծովերում թույլ է տվել անվտանգ նավարկել և մեր պետականության նավը խաղաղ ջրեր բերել»,-ասաց Միրզոյանը: 

Նա վստահեցրեց՝ այսօր էլ նույն գիտակցմամբ ջանքեր են գործադրում այդ նավը հասցնելու հաջորդ տրամաբանական հանգրվանին, խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանը և Հայաստանի շուրջ հանդուրժողականության, համագործակցության, բաց սահմանների միջավայրի ձևավորմանը:

«Սա է այսօրվա հրամայականը՝ խաղաղության ինստիտուցիոնալացմանը զուգահեռ զարգացման օրակարգի վրա կենտրոնանալը, մեր տնտեսական կապերը դիվերսիֆիկացնելը, նոր տնտեսական հնարավորություններ ստեղծելը, մեր նավի համար նոր հորիզոններ բացահայտելը: Ըստ այդմ, այսօր արդեն դիվանագիտությունը միայն անվտանգություն ապահովող վահան չէ, այլև՝ մեր երկիրն առաջ մղող շարժիչ, կողմնացույց»,-շեշտեց ԱԳ նախարարը:

Նա վստահություն հայտնեց, որ դիվանագետներն ինչպես մինչ այժմ են իրականացրել իրենց առջև դրված խնդիրը, հետայսու նոր խնդրին կամ խնդիրներին են մոտենալու:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում