Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-8/26. Հակոբյան, Կարիզի, Ռասել

3 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-8/26. Հակոբյան, Կարիզի, Ռասել

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2025 թվականի վերջում և 2026 թվականի սկզբում հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականությունՄարիաննա Հակոբյան, «Անունները չփոխե՛լ»

Լյուսին մոր մահից հետո նրա աշխատասենյակում գտնում է երկու թղթապանակ։ Դրանցում մայրը պատմում է 1999-ին Բաղրամյան պողոտայի տներից մեկում տեղի ունեցած դեպքի մասին, որը երկու տասնամյակ անց պետք է դառնա քրեական գործ, սակայն վաղեմության ժամկետը խառնում է բոլորի խաղաքարտերը։ Լրագրող Լյուսին հետաքննություն է սկսում՝ չպատկերացնելով, որ իր բոլոր վախերը նոր կյանքով են ապրելու։ Նա հայտնվելու է նույն տանը, որտեղ մայրն էր բռնության ենթարկվել, ու կանգնելու է ամենաբարդ հարցի առաջ։ Ի՞նչ կբացահայտի երիտասարդ լրագրողը, որի հետաքննության առանցքում իր ծնողներն են ու նրանց մութ անցյալը։ Նրա մոր թողած ձեռագրերը գեղարվեստական տեքստե՞ր են, թե՞ անձնական օրագիր։ Եվ գլխավոր հարցը՝ Լյուսին պե՞տք է իմանա այն ամենը, ինչ ծնողները խնամքով թաքցրել են երկար տարիներ։ Արագ ընթացող վեպ-հետաքննություն, որի ընթացքում գլխավոր հերոսուհին գտնում է պատասխաններ, որոնք չէր էլ փնտրում։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

Թարգմանական գրականությունԴոնատո Կարիզի, «Հոգիների դատարանը»

«Հոգիների դատարանը» իտալացի ժամանակակից գրող Դոնատո Կարիզիի երկրորդ վեպն է։ Իրադարձությունները տեղի են ունենում Հռոմում, որտեղ սերիական մարդասպանի կողմից առևանգված աղջկա անհետացումը քննող խորհրդավոր անձը, հայտնվելով ինտրիգների ու առեղծվածների լաբիրինթոսում, առճակատվում է սեփական երկակի էության հետ։ Վեպում արծարծվում են բարոյականության, կորստի, զղջման, գոյատևման ու մարդկային հոգու տոկունության վերաբերյալ բազմաթիվ հարցեր։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:

Նոն ֆիքշն գրականությունՋորջ Ուիլյամ Ռասել, «Տեսիլքի ճրագը»

Գրքում տեղ են գտել XXI դարի վերջի և XX դարի սկզբի հյուսիսիռլանդացի ականավոր մտածող, գրող, բանաստեղծ, գեղանկարիչ, իռլանդական գրական վերածննդի նախակարապետներից և կելտական մթնշաղի չխամրող կանթեղներից մեկի՝ Ջորջ Ուիլյամ Ռասելի (AE) միստիկ վերապրումի ու երևակայախաղի խառնուրդից հունցված «Տեսիլքի ճրագը» կրոնափիլիսոփայական ակնարկաշարը և նրա բանաստեղծությունների մի փունջ: Թարգմանությունն անգլերենից, ծանոթագրություններն ու առաջաբանը՝ Աշոտ Ալեքսանյանի: Խմբագիր՝ Արաքս Թադևոսյան:  Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում