Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը մասնակցել է PISA 2025 միջազգային ստուգատեսի արդյունքների վերաբերյալ ազգային զեկույցի պատրաստման քննարկմանը

4 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը մասնակցել է PISA 2025 միջազգային ստուգատեսի արդյունքների վերաբերյալ ազգային զեկույցի պատրաստման քննարկմանը

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Սովորողների միջազգային գնահատման ծրագրի՝ PISA 2025 (Program for International Student Assessment) միջազգային ստուգատեսի  արդյունքների վերաբերյալ ազգային զեկույցի պատրաստման նախընթաց հանդիպում-քննարկմանը:

Հանդիպմանը մասնակցել են նաև կրթության ոլորտի գործընկեր միջազգային կազմակերպությունների, մարզպետարանների կրթության ստորաբաժանումների,  ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին PISA 2025 միջազգային հետազոտությանը նվիրված կարևոր միջոցառման շրջանակում՝ ընդգծելով արտաքին գնահատման կարևորությունը բարեփոխումների արդյունավետությունը հասկանալու համատեքստում.

«PISA-ն պարզապես գնահատում չէ, այն կրթական համակարգերի համար այն կարևոր գործիքն է, որը թույլ է տալիս տեսնել ոչ միայն ուժեղ կողմերը, այլև խորքային բարեփոխումների անհրաժեշտություն ունեցող ուղղությունները։ Այս հետազոտությունը չափում է, թե որքանով են մեր սովորողները պատրաստ իրական կյանքին՝ վերլուծելու, քննադատաբար մտածելու, խնդիրներ լուծելու և տեղեկացված որոշումներ կայացնելու կարողություններով»:

Նախարարի տեղակալը Հայաստանի մասնակցությունը PISA 2025-ին կարևորել է մի քանի առանցքային պատճառով. նախ այն հնարավորություն է տալիս համեմատելու կրթական արդյունքները միջազգային չափանիշների և լավագույն փորձի հետ, ապահովում է տվյալահեն քաղաքականություն մշակելու հիմք՝ փաստերի վրա հիմնված որոշումներ կայացնելու նպատակով, ինչպես նաև խթանում է հանրային ու մասնագիտական առողջ քննարկում կրթության որակի, հավասար հնարավորությունների և արդյունավետության ապահովման շուրջ։

«Կարևոր է ընդգծել, որ PISA-ի արդյունքները գործիք են՝ կրթական քաղաքականությունը վերանայելու, ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագրերը վերակառուցելու, ուսումնական բովանդակությունն ու գնահատման մոտեցումները արդիականացնելու համար։ Մեր  առաջնային խնդիրը ոչ միայն միջազգային աղյուսակներում դիրքերի բարելավումն է, այլ նաև յուրաքանչյուր երեխայի համար իրական փոփոխության ապահովումը դասարանում և ողջ ուսուցման գործընթացում։ Այս իմաստով PISA 2025 միջազգային ստուգատեսի  շրջանակում իրականացված հետազոտական աշխատանքը կարևոր ներդրում է կրթական համակարգի զարգացման համար»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ շնորհակալություն հայտնելով հետազոտության կազմակերպման և իրականացման աշխատանքներում ներգրավված բոլոր մասնագետներին և կառույցներին։

PISA միջազգային ստուգատեսին Հայաստանը մասնակցում է առաջին անգամ: Այն աշխարհում ուսումնառության գնահատման միջազգային ամենախոշոր ծրագիրն է, որը ստուգում է 15 տարեկան աշակերտների՝ իրական կյանքի մարտահրավերներին դիմակայելու կարողությունները, մասնավորապես՝ անհրաժեշտ գիտելիքներն ու հմտություններն ընթերցանության, մաթեմատիկայի և բնագիտության բնագավառներում։

PISA ստուգատեսն  անցկացվում է յուրաքանչյուր երեք տարին մեկ՝ 2000 թվականից սկսած: PISA 2025-ը 9-րդ ստուգատեսն է, որի արդյունքների ամփոփումը նախատեսված է 2026 թ. աշնանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում