Քաղաքականություն

ՔՊ-ն մտադիր է 2026-ի ընտրություններից հետո ունենալ սահմանադրական մեծամասնություն

3 րոպեի ընթերցում

ՔՊ-ն մտադիր է 2026-ի ընտրություններից հետո ունենալ սահմանադրական մեծամասնություն

Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մտադիր է 2026 թվականին խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ԱԺ-ում ունենալ սահմանադրական մեծամասնություն: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:  

«Մենք նպատակաուղղված ենք, որ 2026 թվականի ընտրություններից հետո ունենանք սահմանադրական մեծամասնություն: Նաև պատկերացնում ենք, որ Ռոբերտ Քոչարյանն ու երկու օլիգարխները (խմբ. նկատի ունի Գագիկ Ծառուկյանին և Սամվել Կարապետյանին), ընդհանրապես բոլոր օլիգարխները պետք է դուրս մղվեն քաղաքական դաշտից, խորհրդարանից»,-ասաց Ռուբինյանը:   

Նա հավելեց՝ Գագիկ Ծառուկյանը գործարար է, որն ուզում է ազդեցություն ունենալ քաղաքականության վրա, կուսակցության ղեկավար է, Սամվել Կարապետյանը ռուսաստանցի գործարար է, որը ստեղծել է կուսակցություն և փորձում է ազդեցություն ունենալ Հայաստանի քաղաքական դաշտի վրա: 

«Ընտրությունը լինելու է հետևյալի վերաբերյալ՝ մարդիկ քվե են տալիս գործող իշխանությա՞նը, թե՞ քվե են տալիս Քոչարյանին ու երկու օլիգարխներին՝ իրենց «արբանյակների» հետ միասին»,-ասաց նա:  

Ռուբինյանը նկատեց՝ կան նաև այլ ուժեր: «Ես դեմ չեմ լինի, որ այլ ուժերն էլ ձայն ստանան: Բայց Քոչարյանն ու երկու օլիգարխները չպետք է ստանան»,-նշեց նա:

Ըստ Ռուբինյանի՝ բոլոր տվյալները վկայում են այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիրը» վարկանիշով մի քանի անգամ գերազանցում է ցանկացած ընդդիմադիր ուժի:

ԱԺ փոխնախագահի վստահեցմամբ՝ այդ առումով ՔՊ-ն անհանգստություն չունի, սակայն ցանկանում է, որ ժողովուրդն իմանա, թե ինչ է կատարվում քաղաքական դաշտում:

«Նրանք պետք է իմանան, որ մեր ընդդիմադիր գործընկերները որոշել են տարանջատվել միմյանցից կեղծ կերպով: Օրինակ՝ մի ուժից մյուսը մարդ են գործուղում: Օրինակ՝ Արամ Վարդևանյանը սկզբում Քոչարյանի ուժի պատգամավորն ու Քոչարյանի փաստաբանն էր, հիմա ռուսաստանցի օլիգարխի փաստաբանն ու նրա թիմի ներկայացուցիչն է: Անդրանիկ Թևանյանը սկզբում Քոչարյանի թիմի պատգամավոր էր, հիմա Ծառուկյանի մոտ է»,-ասաց ԱԺ փոխնախագահը: 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում