Կրթություն

Հաստատվել է պետական հանրակրթական դպրոց տնօրենի գործուղման կարգը

3 րոպեի ընթերցում

Հաստատվել է պետական հանրակրթական դպրոց տնօրենի գործուղման կարգը

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է պետական հանրակրթական ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու կարգը, որը դպրոցների կառավարման համակարգում նոր մեխանիզմ է և նպատակ ունի տնօրենների թափուր տեղերը համալրել որակյալ կադրերով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ գործուղման միջոցով պետական հանրակրթական դպրոցի տնօրենի  նշանակումը կարող է իրականացվել հետևյալ դեպքերում․

  • առնվազն 3 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով տնօրենի թափուր տեղը չի համալրվել,
  • տնօրենն ազատվել է աշխատանքից՝ ցածր կատարողական ունենալու համար աջակցություն ստանալուց հետո առաջընթաց չապահովելու հիմքով, և 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքում թափուր տեղը չի համալրվել:

Գործուղվող անձը պետք է բավարարի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար օրենսդրությամբ սահմանված պահանջներին։ Այսինքն՝ պետք է ունենա ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք՝ հավաստագիր, ինչպես նաև  Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում այդ նպատակով ձևավորված էլեկտրոնային հարթակում կատարի նշում՝ հայտնելով իր համաձայնությունը գործուղվելու և նախընտրելի մարզի (Երևան քաղաքի) վերաբերյալ։ Հավակնորդը նաև համակարգում պետք է վերբեռնի իր` վերջին 2 տարվա փաստացի բնակվելու փաստը հավաստող տեղեկանք կամ գրություն՝ տրված համապատասխան մարմնի կողմից։

ԿԳՄՍ նախարարությունը կազմում է սահմանված պահանջներին բավարարող հավակնորդների ցանկը և բոլորին միաժամանակ ներկայացնում է գրավոր առաջարկություն՝ տվյալ հաստատություն գործուղվելու վերաբերյալ։ Առաջարկությունը ստանալուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, հավակնորդը նախարարություն է ներկայացնում գրավոր համաձայնություն կամ գրավոր մերժում՝ նշելով պատճառները։ 

Համաձայնություն հայտնած հավակնորդներից մեկը ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով ձևավորված մասնագիտական հանձնաժողովի առաջարկով նշանակվում է տվյալ հաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Երկամսյա ժամկետում ժամանակավոր պաշտոնակատարը ներկայացնում է  դպրոցի գարգացման ծրագիր՝ համաձայն սահմանված ձևաչափի։ Զարգացման ծրագիրը ներկայացնելուց հետո կազմակերպվող հարցազրույցի փուլում որոշում է կայացվում 5 տարի ժամկետով տվյալ հավակնորդի հետ աշխատանքային պայմանագիր կնքելու մասին։

Գործուղված տնօրենին և նրա ընտանիքի անդամներին պետությունը լրացուցիչ հատկացնում է տեղափոխման տրանսպորտային ծախս, բնակարանային վարձի փոխհատուցում, կոմունալ ծախսերի վճար, ինչպես նաև տարեկան 4 անգամ մշտական բնակավայր այցելելու տրանսպորտային ծախս։ Բացի այդ՝ գործուղված տնօրենին հատկացվում  է նաև լրավճար՝ ամսական 138 300 ՀՀ դրամի չափով՝ առավելագույնը  5 տարի ժամկետով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում