«Նոր գիրք»-6/26. Կամյու, Կազարես, Ջոնսոն, Կարապետյան
5 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը:
Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:
Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2025 թվականի վերջում և 2026 թվականի սկզբում հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
Թարգմանական գրականություն. Ալբեր Կամյու, Մարիա Կազարես, Նամականի. 1944-1959

Նրանք հանդիպել են Փարիզում 1944 թվականի հունիսի 6-ին՝ դաշնակիցների ափ իջնելու օրը: Մարիան քսանմեկ տարեկան էր, Կամյուն` երեսուն: Ալբերն ամուսնացած էր, երկվորյակ երեխաների հայր: Նրանք բաժանվում են... 1948 թվականի հունիսի 6-ին պատահաբար հանդիպում են Սեն Ժերմեն բուլվարում, վերագտնում են մեկմեկու և այլես չեն բաժանվում:
Այս նամակագրությունը վկայությունն է նրանց անհաղթահարելի սիրո: 1960 թվականի հունվարին մահը նրանց բաժանելու էր, բայց դեռևս տասներկու տարի ապրելու էին՝ սովորելով քայլել «հպարտությունից լիովին զուրկ սիրո պրկված պարանի վրայով», իրար չլքելով, երբևէ իրար չկասկածելով:
Կամյուի դստեր՝ Կատրինի բառերով՝ «Այս նամակները մոլորակն ավելի ընդարձակ են դարձնում, տիեզերքն՝ ավելի լուսավոր, օդն՝ ավելի թեթև միայն այն պատճառով, որ նրանք գոյություն են ունեցել»: Կազմող՝ Բեատրիս Վայան։ Նախաբանը՝ Կատրին Կամյուի։ Թարգմանությունը Ֆրանսերենից՝ Ռուզան Միրզոյանի։ Խմբագիր՝ Շողեր Խաչատրյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:
Մանկապատանեկան գրականություն. Դոկտոր Սպենսեր Ջոնսոն և Քրիստիան Ջոնսոն, «Ո՞ւր է իմ Պանիրը՝ երեխաների համար»

Ո՞ւր է իմ Պանիրը: Այս հարցը տանջում է չորս փոքրիկ ընկերներին՝ Հոտառուին, Վազկանին, Հըմին ու Գըմին: Նրանք ապրում են մի մեծ Լաբիրինթոսում և ամեն առավոտ վազվզում են այդ տարածքում՝ փնտրելով այն, ինչը երջանկացնում է իրենց՝ Կախարդական Պանիրը: Երբ գտնում են Պանիրը, նրանց թվում է, թե այն հավերժ այդտեղ է լինելու, մինչև որ մի առավոտ Պանիրն անհետանում է, և ամեն բան փոխվում է:
Ո՞ւր է իմ Պանիրը: Այն կվերադառնա՞, թե՞ ընկերները ստիպված կլինեն Նոր Պանիր փնտրել անծանոթ արահետներում ու անկյուններում, որոնք երբեք նախկինում չեն հետազոտել:
Այժմ երեխաները նույնպես կարող են վայելել այս հիասքանչ պատմությունը, որը ցույց է տվել միլիոնավոր մեծահասակների՝ ինչպես վարվել փոփոխությունների հետ իրենց կյանքում: «Ո՞ւր է իմ Պանիրը՝ երեխաների համար» գիրքը կօգնի երեխաներին վաղ տարիքից դիտարկել փոփոխությունը՝ որպես մի լավ բան, որը բացում է նոր հնարավորություններ:
Իսկ գունեղ նկարազարդումների շնորհիվ՝ Պանրի հետևից գնալն է՛լ ավելի զվարճալի է դառնում: Թարգմանիչ՝ Նազելի Կարապետյան։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ն:
Նոն ֆիքշն գրականություն. Գոռ Կարապետյան, LinkedIn 101

LinkedIn հարթակն աշխարհի ամենամեծ «բիզնես կենտրոնն» է։ Սոցիալական այս հարթակում ակտիվ են 65 միլիոն որոշում կայացնողներ և 10 միլիոն C-level ղեկավարներ։ Այս գիրքն առաջարկում է անձնային բրենդնայդ միջավայրում ձևավորելու և բիզնես ազդեցության նպատակով գործադրելու համակարգված լուծումներ։ Գիրքը հագեցած է տեղական և միջազգային օրինակներով ու պատմություններով: Գլուխների վերջում կան թեմատիկ հարցեր, որոնք միասնաբար կազմում են 101 կառուցվածքային հարց։ Դրանք ուղղված են կոնկրետ B2B խնդիրների լուծմանը. դիրքավորում, վստահության ձևավորում, որոշում կայացնողների հետ արդյունավետ հաղորդակցում և երկարաժամկետ մասնագիտական հեղինակության ձևավորում։ Այս մոտեցումը թույլ է տալիս նյութը կիրառել փուլային և գործնական եղանակներով։ Ներկայացված են բազմաթիվ կիրառական սկզբունքներ, ներառված են QR կոդեր, որոնք ընթերցողին ուղղորդում են դեպի լրացուցիչ գործիքներ և օժանդակ նյութեր՝ գիրքը դարձնելով առավել գործնական ու կիրառելի։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։