Հայաստան

Մեր նպատակը զինհաշմանդամների  լիարժեք ու ինքնուրույն կյանքն է. Հայկուհի Մինասյան

7 րոպեի ընթերցում

Մեր նպատակը զինհաշմանդամների  լիարժեք ու ինքնուրույն կյանքն է. Հայկուհի Մինասյան

Հայաստանում գործող «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը շարունակում է իրականացնել սոցիալական, վերականգնողական, վիրաբուժական և կրթական ծրագրեր՝ աջակցելով պատերազմների ընթացքում  վիրավորում ստացած, ինչպես նաև խաղաղ պայմաններում ծառայության ընթացքում վնասվածք ստացած  և հաշմանդամություն ձեռք  բերած զինծառայողներին։

Կենտրոնը ներկայում ունի ամսական 300-400  շահառու և նպատակ ունի հասնել հանրապետությունում հաշվառված մոտ 10 500 հաշմանդամներին՝ ապահովելով նրանց վերաինտեգրացիան և արժանապատիվ կյանքի պայմանները։

«Արմենպրես»-ի  թղթակցի հետ զրույցում «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տնօրեն  Հայկուհի Մինասյանը  ներկայացրել է  կառույցի անցած ուղին, իրականացվող ծրագրերը և առաջիկա նպատակները՝ ընդգծելով, որ հաշմանդամությունը  դատավճիռ չէ, այլ կյանքի նոր իրողություն, որի պայմաններում հնարավոր է ապրել լիարժեք, ակտիվ և ինքնուրույն։  

Կենտրոնը ստեղծվել է բարերարների և կամավորների նվիրատվությունների շնորհիվ։ Սկզբնական փուլում այն գործում էր բացառապես բարեգործական հիմունքներով, սակայն հետագայում  ձևավորվել է որպես կազմակերպություն՝ ապահովելով իր ծրագրերի շարունակությունն ու համակարգված  զարգացումը։ Ներկայում ևս կենտրոնին աջակցում են բարերարներն ու գործընկեր կազմակերպությունները,  ինչպես նաև ՀՀ կառավարությունը։

Կենտրոնում գործում է  սոցիալական ծառայություն, որտեղ յուրաքանչյուր  շահառու հանդիպում է իր սոցիալական  աշխատողին։  Համագործակցությունը  երկարաժամկետ բնույթ ունի՝ սոցիալական աշխատողը զինհաշմանդամին  ուղեկցում է  կյանքի տարբեր փուլերում ՝ աջակցելով առողջական, սոցիալական և կենցաղային խնդիրների հաղթահարման հարցում՝ անհրաժեշտության դեպքում իրականացնելով համապատասխան ուղղորդումներ։

Կենտրոնի տնօրենի խոսքով՝ Հայաստանում կա 10 500 զինվորական հաշմանդամ, որոնց թվում են նաև ԼՂ-ից  բռնի տեղահանված անձինք։ Կենտրոնին մինչ այժմ հաջողվել է հասնել  նրանց մոտ 50-60 տոկոսին։ Առաջնային նպատակն է գտնել բոլորին, տեղեկացնել, որ նրանք  միայնակ չեն և առաջարկել աջակցություն։

Հաջորդ կարևոր քայլը սոցիալական ծրագրերի  իրականացումն է՝ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց  բնակարանների հարմարեցում, հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց համար անհրաժեշտ պայմանների ստեղծում, դեղորայքային աջակցություն սոցիալապես ծանր վիճակում գտնվողներին, ինչպես նաև օգնություն այն անձանց, որոնք չեն օգտվում պետական որոշ ծրագրերից։ Մյուս առանցքային ուղղությունը կրթությունն  է, քանի որ շահառուների  զգալի մասը երիտասարդներ են, և նրանց առջև դեռ տասնամյակներ տևող ակտիվ կյանք է։

«Այսօր «Զինվորի տուն»-ը մատուցում է վերականգնողական, վիրաբուժական, պրոթեզավորման և կրթական ծառայություններ։ Ամսական միջինը 300-400 շահառու օգտվում է կենտրոնի տարբեր ծրագրերից։ Գործունեությունն իրականացվում է  բազմամասնագիտական թիմի սկզբունքով՝ ներգրավելով  տարբեր ոլորտների մասնագետների և կիրառելով ժամանակակից սարքավորումներ»,- նշել է կենտրոնի տնօրենը։  

Նա հավելել է, որ կենտրոնի տեխնիկական հագեցվածությունն ու մասնագիտական ներուժը մրցունակ են միջազգային համատեքստում, և նույնիսկ եվրոպական որոշ երկրներում բուժում ստացած զինծառայողները գնահատել են Հայաստանում  մատուցվող ծառայությունների ծավալն ու որակը։

Վերաինտեգրման կարևորագույն բաղադրիչներից է  փոխադարձ աջակցությունը։ Երբ նորեկ   զինհաշմանդամը հանդիպում է արդեն կայացած, ընտանիք կազմած, աշխատանք ունեցող  կամ սպորտով զբաղվող մեկ այլ շահառուի, նա համոզվում է, որ հաշմանդամությունը կյանքի ավարտ  չէ։ Մասնագիտական թիմը  սովորեցնում է հնարավորինս  ինքնուրույն ապրել՝ սայլակից անկողին տեղափոխվել, աստիճաններ հաղթահարել, ընկնելու դեպքում ինքնուրույն վեր կենալ։ Կազմակերպվում են  նաև մշակութային և սպորտային միջոցառումներ, լողավազան այցելություններ, որոնք նպաստում են հոգեբանական վերականգնմանը և սոցիալական ակտիվությանը։

Ծրագիր կա, որը  դեռևս նախագծման փուլում է․ կենտրոնը ցանկանում է զարգացնել մանկական վերականգնողական ծառայություններ՝ զինհաշմանդամների ընտանիքների անդամների, մասնավորապես երեխաների համար։ Շահառուներից շատերի երեխաներն  ունեն առողջական խնդիրներ, և ծնողները, սկսած  առաջին օրից,  դիմել են կենտրոնին՝ խնդրելով աջակցություն նաև նրանց համար։ Միաժամանակ կենտրոն են դիմում  քաղաքացիական հաշմանդամություն ունեցող երեխաներ։ Նոր սերնդի սարքավորումների ձեռքբերմամբ նախատեսվում է  ծառայությունները դարձնել առավել ընդգրկուն։

Բացի այդ, ծրագրվում է կրթական նախաձեռնությունների ընդլայնում, Կոտայքի մարզի Բալահովիտ բնակավայրում կացարանի կառուցում և բնակելի տների ծրագրերի զարգացում՝ կենտրոնի թողունակությունն ու դիմելությունը միմյանց համապատասխանեցնելու նպատակով։  Տնօրենի խոսքով՝ վճարովի ծառայությունների զարգացումը կարևոր  է նաև  կենտրոնի ֆինանսական կայունությունը ապահովելու և  բարեգործական ծրագրերը շարունակական դարձնելու համար։

2025 թվականի մայիսից «Զինվորի տան» բակում գործում է սրճարան, որը բաց է բոլոր քաղաքացիների համար։ Սրճարանից ստացված ամբողջ շահույթն ուղղվում է զինհաշմանդամների խնդիրների լուծմանը։ Աշխատակազմում ընդգրկված է նաև զինհաշմանդամներից մեկը, և նախատեսվում է ստեղծել նոր աշխատատեղեր շահառուների համար։  Յուրաքանչյուր քաղաքացի, օգտվելով սրճարանի ծառայություններից, միաժամանակ իր ներդրումն է կատարում զինհաշմանդամներին աջակցելու հարցում։

«Մեր նպատակն է անել ամեն ինչ, որպեսզի մեր տղաները մինչև կյանքի վերջ ապրեն արժանապատիվ պայմաններում։ Թող գա այն օրը, երբ մեր կենտրոնը հիմնականում զբաղվի դժբախտ պատահարների կամ առողջական խնդիրների հետևանքով վնասված զինծառայողների աջակցությամբ, իսկ պատերազմական վիրավորներ այլևս չունենանք»,-եզրափակեց  Հայկուհի Մինասյանը։

«Զինվորի տուն»-ը շարունակում է իր գործունեությունը՝ համադրելով մասնագիտական աջակցությունը, սոցիալական ծրագրերը և հանրային համերաշխությունը մեկ նպատակի շուրջ՝ ապահովել զինհաշմանդամների լիարժեք ինքնուրույն և արժանապատիվ կյանքը։

Լուսինե Ջալալյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում