Եկեղեցու ներգրավվածությունը քաղաքական դաշտում հեռացնում է այն իր համախմբող առաքելությունից և վերկուսակցական հենասյան կարգավիճակից. Ֆրանսուա Դևեջյան

4 րոպեի ընթերցում

Ֆրանսահայ գործիչ, փաստաբան Ֆրանսուա Դևեջյանը հայտարարություն է տարածել` վերնագրելով այն «Հայ Առաքելական եկեղեցու և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև տարաձայնության շուրջ սփյուռքի դերի մասին»։ «Արմենպրես»-ը ներկայացնում է փետրվարի 14-ին տարածված հայտարարությունն ամբողջությամբ.

«Սփյուռքի ութ նշանավոր ներկայացուցիչ 2026թ. փետրվարի 12-ին ստորագրել են «Հայտարարություն Հայաստանի կառավարության և Հայ Առաքելական Եկեղեցու միջև առկա հակամարտության վերաբերյալ» վերնագրով հոդվածը։

Այս հայտարարությունը հարցեր է առաջացնում՝ թե՛ իր կողմնակալությամբ, թե՛ իր նպատակներով։

Կասկած չկա, որ ներկայիս հակամարտությունը Հայ Առաքելական Եկեղեցու և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև վնասակար է թե՛ դրա անմիջական դերակատարների, թե՛ ողջ հայության համար։ Սակայն այս հակամարտության պատճառները հեռու են բացառապես միայն Հայաստանի կառավարության վրա բարդվելուց։

Հետևանքները դատապարտել՝ անտեսելով պատճառները, սփյուռքի շրջանում հաճախ հանդիպող միտում է։ Կառավարության միջամտությունը Եկեղեցու կառավարման գործերին նաև (և հատկապես) քաղաքականությանը և նույնիսկ ինքնիշխանությանը միջամտելուն ուղղված Եկեղեցու գործողությունների արդյունք է։

Թեև, իհարկե, իրավացի է պնդումը, որ «եկեղեցական կառավարման հարցերը պետք է լուծվեն Եկեղեցու համապատասխան մարմինների կողմից», սակայն նույնքան անհրաժեշտ է, որ Եկեղեցին իր գործունեությունը ծավալի սեփական սահմաններում՝ հոգևոր և արժեքների ոլորտում։ Եկեղեցու ներգրավվածությունը քաղաքական դաշտում հեռացնում է այն իր համախմբող առաքելությունից և ազգի վերկուսակցական հենասյան իր կարգավիճակից։

Երբ այս միջամտությունն իրականացվում է օտարերկյա ռեժիմի հետ կասկածելի սերտ հարաբերությունների պայմաններում, որի աջակցությունը հայկական ինքնիշխանությանը կարելի է կասկածի տակ դնել, դա լրջորեն ապալեգիտիմացնում է Եկեղեցուն՝ ի վնաս բոլորի։ Այս առումով կարելի է ենթադրել, որ «հայտնի ռուսահայ բարերար և գործարար (...), որը բանտարկվել է Եկեղեցու դիրքորոշումը հրապարակայնորեն պաշտպանելու համար», ոչ այլ ոք է, քան Սամվել Կարապետյանը, որի կապերը Վլադիմիր Պուտինի վարչակարգի հետ հայտնի և հաստատված են առնվազն 2018 թվականից։

Այս հակադրության մեջ սփյուռքի գործիչները մեծապես կշահեին, եթե գործեին որպես իրական միջնորդներ՝ անկախ և օբյեկտիվ։

Պետության դեմ հանդես գալը, պատմությունը վկայակոչելով (որը, ինքան էլ ուժեղ և օրինական է), չի կարող բացարձակ փաստարկ լինել ապագայի գործողությունների համար, չի ծառայում ոչ հայերի միասնությանը, ոչ Հայաստանի անվտանգության ամրապնդմանը, և ոչ Եկեղեցու լեգիտիմությանը։

Հայաստանի Հանրապետությունը ունի ժողովրդավար ճանապարհով ընտրված կառավարություն և պատրաստվում է նոր ընտրությունների, որպեսզի իր քաղաքացիները ազատորեն ընտրեն իրենց ապագան: Եթե հայկական սփյուռքը ցանկանում է օգնել Հայաստանին, ուժեղացնել այն և նպաստել նրա կայունությանը, ապա պետք է աջակցի այս կերտվող ժողովրդավարությանը, այլ ոչ թե նրանց, ովքեր հարձակում են գործում դրա վրա՝ ուղղակի կամ անուղղակի: Ինչ էլ որ լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրությունը, իրենց ապագան որոշելու իրավունքը պատկանում է միայն նրանց»։

Ֆրանսուա Դևեջյանը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) վերջին ընտրություններում ընտրվել է Ազգային խորհրդի կազմ։ Նա ֆրանսահայ հայտնի քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանի որդին է։

Հայերեն English Français

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը