Սպորտ

Մեկնարկեց Հայաստանի ծանրամարտի առաջնությունը

3 րոպեի ընթերցում

Մեկնարկեց Հայաստանի ծանրամարտի առաջնությունը

«Սպորտի կառավարման կենտրոնում» մեկնարկեց Հայաստանի ծանրամարտի 2026 թվականի առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բացման պաշտոնական արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և այլոք:

Բացման արարողության մեկնարկին ֆեդերացիան տեսանյութի միջոցով ներկայացրեց օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի չեմպիոններին:

«Ներքին առաջնություններն այս կերպ անցկացնելու նպատակները շատ են: Առաջին նպատակն է, որ տեսնենք, թե մենք ինչ վիճակում ենք գտնվում և ինչ պահեստային թիմ ունենք: Սա նաև մարզիչներին հնարավորություն է տալիս տեսնելու մարզիկների կարողությունները կարևոր ստուգատեսներից առաջ: Մեր ներքին առաջնությունները պետք է տոնի վերածենք, որպեսզի մեր մարզիկները միջազգային մրցաշարերի շունչը զգան»,-առանձնացրեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն, ով ֆեդերացիայի հրավերով ներկա էր մրցաշարին` իր խոսքում առանձնացրեց. «Այսօր այստեղ գտնվելը ինձ համար կրկնակի հաճելի է, որովհետև, անկեղծ ասած, արդեն չորրորդ տարին է, ինչ պաշտոնավարում եմ, և առաջին անգամն է, որ հրավեր եմ ստացել մեր որևէ մարզաձևի ներքին առաջնությանը մասնակցելու։ Սա համարում եմ շատ կարևոր քայլ, որը պետք է ուղենշային լինի նաև մեր մյուս ֆեդերացիաների համար՝ ներքին առաջնություններին հաղորդելով այն կշիռն ու լրջությունը, որոնք անհրաժեշտ են։ Առաջին հերթին սա ցույց է տալիս այստեղ հանդես եկող յուրաքանչյուր մարզիկի, որ ներքին առաջնությունում հաջող հանդես գալը ոչ պակաս կարևոր է, քան միջազգային հարթակներում մրցելը։ Հաջողությունը սկսվում է հենց այստեղից։ Վստահ եմ, որ Ծանրամարտի ֆեդերացիայի այս օրինակը պետք է դառնա ուղենշային։ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստ է խրախուսել և աջակցել, որպեսզի մյուս ֆեդերացիաներն էլ գրանցեն ներքին առաջնությունների կազմակերպման մակարդակի և որակի լրջագույն աճ»: 

Հայաստանի առաջնությունն այս տարի անցկացվում է «Սպորտի կառավարման կենտրոնում»: Մրցաշարին ընդհանուր առմամբ մասնակցում են 110 ծանրորդ: Առաջնությանը մասնակցում են բոլոր առաջատար ծանրորդները: Փետրվարի 14-15-ին պայքարի մեջ մտնեն տղաները:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում