Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-5/26. Սփարքս, Շահինքանաթ, Ինան, Ալչատո, Մխիթարյան

4 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-5/26.   Սփարքս, Շահինքանաթ, Ինան, Ալչատո, Մխիթարյան

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2025 թվականի վերջում և 2026 թվականի սկզբում հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Թարգմանական գրականություն. Նիկոլաս Սփարքս, «Թանկագին Ջոն»

…Սիրել, նշանակում է մեկ ուրիշի երջանկության մասին ավելի շատ մտածել, քան ինքդ քո…

Նիկոլաս Սփարքսի «Թանկագին Ջոն» սիրային վեպն առաջին անգամ լույս է տեսել 2006 թվականին: Ստեղծագործությունն ընդգրկվել է «The New York Times» ամսագրի 2007 թվականի լավագույն վաճառված գրքերի ցանկում:

Վեպը գրել Սփարքսին ոգեշնչել է ԱՄՆ-ի զինված ուժերում ծառայող իր զարմիկի կյանքի պատմությունը:

Աղջիկն ու երիտասարդը ամռան մի օր հանդիպում են ու սիրահարվում, բայց շուտով գլխավոր հերոսի՝ Ջոն Թայրիի զինվորական արձակուրդն ավարտվում է: Նա վերադառնում է ծառայության, որին հաջորդում են անսպասելի զարգացումները:

2010 թվականին ստեղծագործությունը էկրանավորվել է: Թարգմանիչ՝ Շուշան Փայտյան։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ն: 

Մանկապատանեկան գրականություն. Սառա Շահինքանաթ, Այշե Ինան «Մայրիկիս պայուսակը»

Ամառային հրաշալի եղանակ է: Քույր ու եղբայր, մայրիկի ձեռքը բռնած, գնում են զբոսանքի: Երեխաների մտքով ինչ անցնում է, ալե՜- հոպ՝ մայրիկը հանում է պայուսակից: Այ քեզ հրա՜շք, չլինի՞ պայուսակը կախարդական է: Թարգմանիչ՝ Արփի Աթաբեկյան: Խմբագիր՝ Նունե Թորոսյան: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Նոն ֆիքշն գրականություն. Ալեսանդրո Ալչատո, Հենրիխ Մխիթարյան, «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում»

Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլային ընտանիքից է, տաղանդն ու մասնագիտական ուղին կարծես ժառանգություն է ստացել։ Ծնվել է Հայաստանում, մեծացել Ֆրանսիայում, քանի որ հայրը խաղում էր Լիգա 2-ում։ Համլետ Մխիթարյանը եղել է հայկական ֆուտբոլի պատմության ամենաուժեղ հարձակվողներից։ Մահացել է ուղեղի քաղցկեղից, 33 տարեկանում, երբ Հենրիխն ընդամենը 7 տարեկան էր։Երիտասարդ Հենրիխն արժանապատվորեն շարունակեց հոր ֆուտբոլային ուղին։ Թեպետ նրա մահից հետո որոշ ժամանակ չէր կարողանում մոտ գնալ գնդակին, սակայն ինքն իրեն խոստացավ հասնել այնտեղ, ուր հայրը չհասցրեց։Ընդամենը 14 տարեկան էր, երբ մեկնեց Բրազիլիա՝ «Սան Պաուլո» ակումբում մարզվելու։ Այնտեղ զարգացրեց խաղային տեխնիկան, յուրացրեց ֆուտբոլի նոր՝ ստեղծագործական ոճ, սովորեց նոր լեզու՝ պորտուգալերեն։ Կարիերայի ընթացքում կրել է «Փյունիկի», «Մետալուրգի», «Շախտյորի», Դորտմունդի «Բորուսիայի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Արսենալի» մարզաշապիկները։ 2019-ին տեղափոխվել է Իտալիա. երեք տարի խաղացել է «Ռոմա» ակումբում, 2022-ի հուլիսի 2-ին պաշտոնապես միացել է Սիմոնե Ինձագիի գլխավորած «Ինտերին» և անմիջապես դարձել «Ներաձուրրոների» հենասյուներից։ Գիրքը հուզիչ պատմություն է որդիական կարոտի և հոր՝ Համլետ Մխիթարյանի մասին, որի վաղաժամ կորուստը խորին հետք է թողել նրա կյանքում և շարժիչ ուժ դարձել։ Սա նպատակասլացության, ինքն իրեն հավատարիմ մնալու և փոփոխություն բերելու պատրաստակամության պատմություն է․ ճանապարհ, որը կոգեշնչի յուրաքանչյուրին, որ հավատում է տքնության, նվիրումի և երազանքի ուժին։ Թարգմանիչ` Լուսինե Շուքուրյան, Անի Հակոբյան: Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում