PROFAL-ն ու Green Property Development-ը համագործակցում են «Ազատություն» բազմաֆունկցիոնալ համալիրի նախագծի շուրջ
5 րոպեի ընթերցում
Ալյումինե դռների և պատուհանների հայաստանյան առաջատար PROFAL ընկերությունն ու կառուցապատման ոլորտում գործող Green Property Development ընկերությունը կհամագործակցեն «Ազատություն» բազմաֆունկցիոնալ համալիրի նախագծի շրջանակում։ PROFAL-ի գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանն ու Green Property Development ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Աթանեսյանը համագործակցության պայմանագիր են ստորագրել:
Ազատության պողոտայի 26/1 հասցեում գտնվող բազմաֆունկցիոնալ համալիրը, որն ապրելակերպի նոր նշաձող է սահմանում, նպատակ ունի ձևավորել ժամանակակից, ֆունկցիոնալ և հարմարավետ միջավայր՝ քաղաքաշինական զարգացման արդի պահանջներին համապատասխան։
Համագործակցության պայմանագրով` PROFAL ընկերությունը կիրականացնի համալիրի օդափոխվող ֆասադային համակարգերի երեսպատման աշխատանքները, ինչպես նաև կմատակարարի բարձրորակ ալյումինե ֆասադային կոնստրուկցիաներ, դուռ-պատուհանային համակարգեր և անվտանգ ապակե բազրիքներ։
«Կարելի է ասել, որ «Ազատություն» բազմաֆունկցիոնալ համալիրը քաղաքի ամենագեղեցիկ նախագծերից մեկն է։ Այն մշակվել է առաջատար ճարտարապետական ստուդիաներից մեկի՝ «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցի կողմից, որտեղ հաշվի է առնված յուրաքանչյուր դետալ։ Ամիսներ շարունակ ինտենսիվ քննարկումներ ենք ունեցել ճարտարապետների և պատվիրատուի հետ, և ի վերջո ընտրել ենք այն լուծումները, որոնք առաջիկայում արդեն կտեսնենք շենքի վրա»,– նշել է PROFAL-ի գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանը։ Նրա խոսքով՝ համալիրն առանձնանում է իր էներգաարդյունավետությամբ և էսթետիկ լուծումներով։
Green Property Development-ի գլխավոր տնօրեն Դավիթ Աթանեսյանն ասել է․ «Ազատություն» բազմաֆունկցիոնալ համալիրը գեղեցկացնում է Երևան քաղաքի հյուսիսային մուտքը, և քաղաք մտնող հյուրերի մոտ առաջին տպավորությունը ձևավորվելու է հենց մեր համալիրը տեսնելով։ Նախագիծը պահանջում էր բավականին բարդ ճարտարապետական լուծումներ՝ ֆասադների, պատուհանների և վիտրաժային պատուհանների ձևավորում։ Մենք երկար ուսումնասիրեցինք և ընտրեցինք լավագույն գործընկերոջը, և համոզված եմ, որ ճիշտ ընտրություն ենք կատարել»։ Դավիթ Աթանեսյանը ընդգծել է նաև, որ օդափոխվող ֆասադային համակարգերի երեսպատումն իրականացվում է չհրկիզվող կոմպոզիտ պանելներով, ինչը նորույթ է Հայաստանում և երաշխավորում է հակահրդեհային անվտանգության բարձր մակարդակ՝ բացառելով կրակի տարածումը շենքի մակերեսով։
«Ազատություն» համալիրը նախագծելիս ճակատների երեսպատման համար կիրառել ենք թեթև կոմպոզիտ նյութեր, որոնք համատեղում են ժամանակակից արտաքին տեսքը, բարձր դիմացկունությունը և շահագործման արդյունավետությունը։ Այդ նյութերի ընտրությունը պայմանավորված է ինչպես ճարտարապետական արտահայտչականությամբ, այնպես էլ կառույցի ծանրաբեռնվածության նվազեցմամբ, էներգախնայողության և երկարաժամկետ շահագործման պահանջներով»,- նշել է «Ազատություն» նախագծի ղեկավար Աիդա Այդինյանը։
«Ազատություն» համալիրի տարբեր հատվածներից բացվում են տեսարաններ դեպի Արագած լեռ, «Երազ այգի», Արարատ և Արա լեռներ։ Այն ներառելու է 147 բնակարան, մեծ մասնաշենքի 18 հարկից 3-ը կլինեն հասարակական տարածքներ՝ նախատեսված ցուցասրահների, ռեստորանների, սրճարանների և ժամանցի կենտրոնների համար։ Երկրորդ՝ փոքր մասնաշենքն ամբողջությամբ ծառայելու է որպես հասարակական ենթակառուցվածք՝ ներառելով ժամանակակից գրասենյակային տարածքներ։ Համալիրը կառանձնանա իր ընդարձակ կանաչապատ գոտիներով՝ ուղղված բնակիչների հանգստի և ազատ ժամանցի կազմակերպմանը։
Կողմերը վստահ են՝ համագործակցության արդյունքում մայրաքաղաք Երևանը կհամալրվի բարձրակարգ քաղաքաշինական միջավայրով, որը նոր ստանդարտներ կսահմանի ինչպես բնակիչների, այնպես էլ բիզնեսի համար։
PROFAL ընկերությունը հայկական շուկայում է շուրջ 25 տարի։ Իրականացրել է ավելի քան 30.000 նախագիծ Հայաստանում եւ արտերկրում՝ համագործակցելով 10.000-ից ավելի տեղական եւ միջազգային գործընկերների հետ: Ընկերության արտադրանքն արտահանվում է շուրջ 10 երկրի շուկա՝ այդ թվում՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ եւ այլն։ PROFAL-ի աշխատակիցների թիվը շուրջ 500 է։