«Նոր գիրք»-4/26. Քոլինզ, Շիմել, Գրանտ
4 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:
Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2025 թվականի վերջում և 2026 թվականի սկզբում հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
Թարգմանական գրականություն. Սյուզան Քոլինզ, «Քաղցած խաղեր»

The New York Times-ի բեսթսելեր, USA Today-ի բեսթսելեր, The Wall Street Journal-ի բեսթսելեր, Publishers Weekly-ի բեսթսելեր, Publishers Weekly-ի 2008 թ. լավագույն գրքերից, New York Times-ի խմբագրի ընտրանի, Kirkus-ի 2008 թ. լավագույն գիրք, School Library Journal-ի 2008 թ. լավագույն գրքերից։
Տասնվեցամյա Քիթնիսը իր մոր և փոքրիկ քրոջ՝ Պրիմի հետ ապրում է Պանեմի ամենաաղքատ Տասներկուերորդ դիսթրիքթում: Մի ժամանակ Հյուսիսային Ամերիկա կոչված երկրի ավերակների վրա կառուցված Պանեմը իր դիսթրիքթների հետ պատերազմել էր Կապիտոլիումի դեմ և պարտվել պարտավորվելով ամեն տարի մեկ տղա և մեկ աղջիկ ուղարկել հեռուստառեալիթի դարձած «Քաղցած խաղեր» մահաբեր մրցույթին։ Տեղանքը, կանոնները և հանդիսատեսի ներգրավվածությունը կարող են փոխվել, սակայն անփոփոխ է մնում մեկ ճշմարտություն՝ սպանիր կամ սպանվիր։
Երբ վիճակահանությամբ ընտրվում է Պրիմը, Քիթնիսը առանց վարանելու փոխարինում է քրոջը՝ փոխելով իր ճակատագիրը և սկսելով մի պատմություն, որում խիզախությունն ու զոհողությունը ուժ ստանալու միակ ճանապարհն են։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ն:
Մանկապատանեկան գրականություն. Լոուրենս Շիմել, «Արի գիրք կարդանք»

Անտոնիոն արդեն կարդալ գիտի: Սիրելի գիրքը դնում է թևի տակ ու իջնում բակ, որ մեկին գտնի ու միասին կարդան: Բայց արի ու տես, բոլորը զբաղված են: Ոչ ոք գիրք կարդալու ժամանակ չունի: Գուցե դու՞ կարդաս Անտոնիոյի հետ: Թարգմանիչ՝ Հռիփսիմե Մադոյան։ Խմբագիր՝ Նունե Թորոսյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:
Նոն ֆիքշն գրականություն. Ադամ Գրանտ, «Թաքնված ներուժ»

Մենք ապրում ենք մի աշխարհում, որը կուրորեն հրապուրված է տաղանդով։ Մենք փառաբանում ենք շնորհալի աշակերտներին, բնատուր մարզիկներին, երաժիշտ հրաշամանուկներին։ Սակայն, հիանալով ի ծնե առավելություն ունեցողներով, մենք աչքաթող ենք անում այն ճանապարհը, որը կարող ենք անցնել ինքներս։ Մենք թերագնահատում ենք այն հմտությունները, որոնք կարող ենք սովորել, և այն բարձր մակարդակը, որին կարող ենք հասնել։ Մենք բոլորս կարող ենք ավելի լավը դառնալ։ Եվ երբ հնարավորությունն ինքն իրեն չի գալիս, միշտ կարելի է բացել դեպի այն տանող դուռը։ Այս գրքում Ադամ Գրանտը ներկայացնում է նոր մոտեցում՝ ձգտումները բարձրացնելու և սպասումները գերազանցելու համար։ Նա համադրել է գիտական տվյալները, անսպասելի բացահայտումները և տպավորիչ պատմությունները, որոնք կարող են մեզ լսարաններից տեղափոխել բիզնես գրասենյակներ, խաղահրապարակներից՝ օլիմպիական մարզադաշտեր, ստորգետնյա անցումներից՝ տիեզերք։ Գրանտը պատմում է, թե ինչպես է պետք բնավորության կարևոր հմտություններ ու մոտիվացիոն համակարգեր ձևավորել՝ մեր ներուժն իրացնելու համար։ Թարգմանիչ՝ Լիանա Զաքարյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։