Սպորտ

Հայաստանի շախմատի առաջնության չեմպիոններն ամփոփել են մրցաշարի արդյունքները

2 րոպեի ընթերցում

Հայաստանի շախմատի առաջնության չեմպիոններն ամփոփել են մրցաշարի արդյունքները

Հայաստանի շախմատի 2026 թվականի առաջնության չեմպիոններ Մանուէլ Պետրոսյանն ու Անահիտ Մկրտչյանն ամփոփել են ավարտված մրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացած պարգևատրման արարողությունից հետո Մանուէլ Պետրոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ամփոփել է առաջնությունը:

«Հայաստանի այս առաջնությունը թեժ պայքարում ընթացավ: Ինձ համար հաջող դասավորվեցին առաջնության մեկնարկային տուրերը: Ինձ մոտ, ընդհանուր առմամբ, մի քանի պարտիաները լավ չեն ստացվել, օրինակ`Արամ Հակոբյանի հետ պարտիան»,-ասաց նա:

Պետրոսյանի խոսքով` վերջին ամիսներին ցանկություն է ունեցել աստիճանաբար հեռանալ «մեծ շախմատ»-ից ու ինչ-որ տեղ նաև համատեղել մարզչական աշխատանքը, սակայն առաջնությունում չեմպիոնությունն այս պահի համար փոխել է իր պլանները:

Կանանց առաջնության չեմպիոն Անահիտ Մկրտչյանի կարծիքով` առաջնության ամբողջ ընթացքը թեժ է եղել և միայն վերջին տուրից հետո հայտնի է դարձել չեմպիոնը:

«Առաջնության առաջին իսկ տուրից բոլորը պայքարում էին առաջին հորիզոնականի համար: Մասնակիցների համար կարևոր է հաղթելն ու Հայաստանի հավաքականում ընդգրկվելը: Առաջնության ամբողջ ընթացքում ներքին վստահություն կար, սակայն պարտիաները շատ թեժ էին»,-ասաց Մկրտչյանը:

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացած Հայաստանի տղամարդկանց առաջնության վերջին տուրից հետո երկրի չեմպիոն դարձավ Մանուէլ Պետրոսյանը, ով 9 հնարավորից հավաքեց 6 միավոր: Երկրորդ և երրորդ տեղերը 5,5-ական միավորով կիսեցին Արթուր Դավթյանն ու Զավեն Անդրիասյանը:

Կանանց մրցաշարում առաջնության չեմպիոն դարձավ Անահիտ Մկրտչյանն, ով 9 հնարավորից հավաքեց 6,5 միավոր: Երկրորդ տեղում 6 միավորով Աստղիկ Հակոբյանն է, իսկ եռյակի վերջում Սոնա Կրկյաշարյանն է` 5,5 միավոր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում