«Երկու լեզու՝ մեկ արվեստ». բացվել է նկարիչներ Ալեքսանդր Սարգսյանի և Հրայր Անանյանի համատեղ ցուցահանդեսը
11 րոպեի ընթերցում

Ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է «Երկու լեզու՝ մեկ արվեստ» խորագրով ցուցահանդեսը: Այս յուրօրինակ ցուցադրության շրջանակում ներկայացված են նկարիչներ Ալեքսանդր Սարգսյանի և Հրայր Անանյանի աշխատանքները: Ցուցադրությանը ներկայացվել են նկարիչների վերջին 10 տարիների ստեղծագործությունները:
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱՐԳՍՅԱՆ
«Երկու լեզու՝ մեկ արվեստ». համատեղ ցուցադրության գաղափարը
Համատեղ ցուցադրությամբ հանդես գալու գաղափարի առաջարկը եկել է իմ ընկեր Հրայր Անանյանից, որը մասնագիտությամբ ատամնաբույժ է և զուգահեռ նկարում է: Ինձ անչափ հետաքրքրեց երիտասարդ նկարիչ ընկերոջս առաջարկը և դա նաև առիթ եղավ, որ ես Հայաստանում ունենամ իմ առաջին ցուցահանդեսը:
Համատեղ ցուցադրության շրջանակում որոշեցի ներկայացնել ստեղծագործական գործունեությանս մեկ շրջանը՝ 2016-2026 թվականներին ստեղծված 13 գեղանկարչական աշխատանքները: Հատկանշական է, որ ցուցադրությունը կրում է «Երկու լեզու՝ մեկ արվեստ» խորագիրը. 2 նկարիչների՝ գեղանկարչական և աբստրակտ գործերը ներկայացված են մեկ էքսպոզիցիայով, ինչը, կարծում եմ, լավ է ստացվել:

Գեղանկարչական աշխատանքներ՝ սյուրռեալիզմի էլեմենտներով ու անիրական խաղով
Իմ նկարները վերնագրեր չունեն: Յուրաքանչյուր ոք, ով հաղորդակցվում է իմ ստեղծագործությունների հետ, ազատ է վերնագրել դրանք: Իմ աշխատանքներում առկա են սյուրռեալիզմի տարրեր, վերացական հասկացություններ, ֆիգուրատիվ կերպարներ, որոնց մեջ ամփոփված են տարօրինակ խաղեր: Այդ խաղերն անիրական են, գոյություն չունեցող, ես մասնակցում եմ այդ խաղին, և ինքս դերակատար եմ․ օրինակ հավկիթով խաղ՝ թելի վրա: Ո՞րն է իմ ասելիքը: Սա իմ ներքին աշխարհն է, իմ հոգին, որը շատ մոտ է մանկական խաղերին, որոնց ես վերածում եմ ժամանակակից մտածողության: Պատմություններ ունեմ մանկության հետ կապված, մանկություն, որտեղ շատ բաներ եմ տեսել և այդ իմ կերպարները վեր են հառնում ժամանակի միջով: Ինձ հաճախ են հարցնում՝ ինչու է կոնկրետ կերպարը պատկերված այլ կերպ, ինչին պատասխանում եմ, որ այդ պատկերները ժամանակի ընթացքում իմ մեջ փոփոխություն են կրել: Այդ փոփոխությունն է, որ ես բացատրել չեմ կարողանում և երևի դրա համար էլ վերածվում են պատկերների, որոնց ուզում եմ իմ կտավներում հասցնել կատարելության: Դա ինձ հաջողվու՞մ է արդյոք՝ չեմ կարող ասել, այդ հարցի պատասխանը թողնում եմ արվեստասերներին:

Ցուցահանդեսներ
Ես Հայաստանում ցուցահանդեսներ չեմ ունեցել, գուցե մտածել եմ, որ դեռ պահը չի հասունացել: 73 տարի ապրում եմ, որից 63 տարին նկարում եմ և դեռ մտավախություն ունեմ, որ պահը հասունացած չէ, այո՛, անկեղծ եմ ասում:
Ցուցահանդեսներ ունեցել եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, Կիպրոսում, մասնակցել եմ միջազգային տարբեր ցուցահանդեսների և արժանացել մրցանակների:
Ստեղծագործություններս շատ են՝ վաղ շրջանից մինչև մեր օրեր, սակայն երբեք չեմ հաշվել թե քանի աշխատանք ունեմ: Մեկ նկարի վրա ես կարող եմ երկար աշխատել, այստեղ կան նկարներ, որոնց վրա երկու տարի եմ աշխատել, կան նկարներ, որ ստեղծվել են ավելի երկար ժամանակում՝ մինչև դատարկվի մեջիս եղածը: Գիտեք, երբ մոտենում եմ կտավին, ես չգիտեմ՝ ինչ պետք է նկարեմ, որովհետև սկսում եմ իմ խաղը կտավի հետ, և այդ խաղն է թելադրում շարունակությունը: Իմ նկարները երբեք վաճառքի չեմ դնում սալոններում կամ Վերնիսաժում, որովհետև ես չունեմ այդպիսի նկարչություն։ Իմ նկարչությունը շատ անհատական է, դա իմ հոգեկան աշխարհի արտացոլանքն է:

Սիրված կտավներ. Կոմիտասյան շարք
Եթե ինձ հարցնեք, թե ո՞ր շրջանի աշխատանքներս են առավել հոգեհարազատ, կասեմ՝ 80-90-ական թվականներին ստեղծված «Կոմիտասյան շարքը», որը ստեղծվել է Կոմիտասի երգերի հիման վրա: Երբ առաջին անգամ այդ նկարները ներկայացրեցի ցուցադրության, այն անմիջապես նկատեց ժամանակի հայտնի ճարտարապետներից մեկը և գնեց ամբողջ շարքը: Ցավոք «Կոմիտասյան շարքի» լուսանկարներն անգամ չունեմ:

Ես դեռ ասելիք, շարունակություն ունեմ
Ինձ թվում է՝ ես դեռ սովորելու շատ բան ունեմ։ Արդյոք իմ կյանքը կբավարարի, որ կարողանամ վերջացնել այն, ինչ-որ ուզում եմ սովորել։ Շատ եմ աշխատում, առավոտից մինչև երեկո ստեղծագործում եմ, ուզում եմ թողնել ինձանից հետո մի բան, որը պարզ խոսակցություն կլինի դիմացինի հետ։ Ինչպես հանճարեղ նկարիչներից մեկն է ասել՝ ես մահանում եմ, ու չգիտեմ՝ ինչ բան է նկարչությունը։ Ինձ որ ասում են՝ դու լավ նկարիչ ես, ասում եմ՝ այդ դու ես ասում, ես իրավունք չունեմ այդպես խոսելու։ Ես դեռ ասելիք, շարունակություն ունեմ, ես դեռ սովորելու շատ բան ունեմ...

ՀՐԱՅՐ ԱՆԱՆՅԱՆ
Նկարչության հանդեպ սերը ծնվել է մանկուց
Նկարել սկսել եմ փոքր տարիքից, սիրով հաճախում էի գեղարվեստի դպրոց և շատ էի սիրում նկարել: Հետո այնպես ստացվեց, որ մի շրջան դադարեցի նկարել: 10 տարի առաջ նկարիչ ընկերոջս տանը հյուր էի, ծաղկամանը լի էր ծաղիկներով, նա նկարում էր, ես հետևում էի պրոցեսին: Այդ պահին մեջս մի տեսակ ստեղծագործական լիցքեր առաջացան, խնդրեցի մոլբերտ, կտավ, ներկեր և սկսեցի նկարել: Տարիների դադարից հետո մեջս շատ զգացումներ կային կուտակված, որոնք վերածվել էին ստեղծագործական լիցքերի և փնտրում էին իրենց արտահայտման ձևը: Ստեղծագործելու պահանջը մեծ էր, և այդ օրվանից սկսեցի ինտենսիվորեն նկարել: 
Սիրելի մասնագիտություն և հոբբի
Մասնագիտությամբ ատամնաբույժ եմ, ատամնաբուժական կենտրոններից մեկի տնօրենն եմ, աշխատում եմ կլինիկայում: Այս աշխատանքը մեծ ռեսուրսներ է պահանջում և ստեղծագործելու համար քիչ ժամանակ է մնում, սակայն նկարելու պահանջն այնքան մեծ է, որ հաճախ աշխատանքից հետո շտապում եմ տուն և մինչև առավոտ նկարում:
Հաճախ են հարցնում՝ ատամնաբույժի մասնագիտությո՞ւնն է օգնում ստեղծագործական պրոցեսներին, թե՞ հակառակը: Պետք է ասեմ, որ երկու մասնագիտություններն էլ լրացնում և օգնում են միմյանց: Նկարչության ասպարեզում ստեղծագործական պրոցեսները նպաստում են ատամնաբույժի մասնագիտության զարգացմանը՝ գեղագիտական, ստեղծարար և նորարարական մոտեցումների տեսանկյունից:

Իմ նկարներում ասելիքս թաքնված է ուղերձներում և կոդերում
«Երկու լեզու՝ մեկ արվեստ» խորագրով ցուցահանդեսին ներկայացրել եմ շուրջ 25 աշխատանք: Ընդհանուր առմամբ ունեմ շուրջ 60 աշխատանք. նկարում եմ ազատ, աբստրակտ ոճի մեջ, գունային գամմայի և տեխնիկական կատարման տեսանկյունից ոչ մի սահմանափակում չկա: Վերջին 10 տարիների ընթացքում նկարում եմ բավականին ինտենսիվ: Շատ գործեր ունեմ, որոնք շրջապատի հայացքների համար ավարտուն են երևում, բայց նկարիչը յուրովի է տեսնում իր գործերը: Որոշ ժամանակ անց նորից ու նորից վերադառնում եմ այդ գործերին, ավարտում ասելիքս: Այստեղ արտացոլված են տրամադրություններ, տարբեր դրսևորումներ, պատկերներ, որոնք հանձվում են կտավին և ստեղծում ասելիք, աուրա: Երբեմն նկարելու ընթացքում եմ գտնում ասելիքս, գույները, կերպարները, սակայն լինում են տրամադրություններ, երբ նախապես գիտեմ՝ ինչ ասելիք ունեմ հանձնելու կտավին՝ սկսած գույներից: Իմ ավարտուն նկարներում ասելիքս թաքնված ուղերձների և կոդերի տեսքով են:

Ցուցադրություններ
Սա իմ ստեղծագործությունների առաջին ցուցադրությունը չէ, չնայած նախորդները կազմակերպված էին ավելի նեղ շրջանակի համար: Ցուցադրություն կազմակերպվել է նաև Գառնու ձորում՝ Ազատ գետի ափին, նկարակալների վրա ներկայացրել եմ ավելի վաղ շրջանի գործերս, ներկա էին հարազատներ, ընկերներ, արտերկրից հյուրեր: Այդ ցուցադրության ժամանակ այցելուներն անգամ մի քանի նկարներ ձեռք բերեցին: Այնուհետև իմ ստեղծագործություններով հետաքրքրվեցին Մոսկվայից և գնեցին մի քանի աշխատանք:
«Երկու լեզու՝ մեկ արվեստ» խորագրով համատեղ ցուցահանդեսի կազմակերպումն անչափ կարևորում եմ: Շատ ուրախ եմ, որ ծանոթացել եմ Ալեքսանդր Սարգսյանի հետ, մեր ծանոթությունն ու մտերմությունը վերածվեց ստեղծագործական համագործակցության, ինչը, հուսով եմ, կլինի շարունակական:
Մեր աշխատանքները ոճային, կատարողական առումով տարբեր են, սակայն գունային և բովանդակային առումով, կարծում եմ, ունեն որոշակի ընդհանրություններ, նաև միմյանց լրացնում են, և պատահական չէ, որ ցուցադրության համար ընտրել ենք «Երկու լեզու՝ մեկ արվեստ» խորագիրը:

Սիրած գույներ, ստեղծագործություն
Իմ նախընտրած գույներն են կարմիրն ու դեղինը. նկարներում երևի ամենից շատ գերակշռում են այդ գույներն՝ իրենց երանգներով։ Այս գույների և երանգների մեջ էլ ստեղծվել է իմ սիրած գործերից մեկը. աբստրակտ ոճով պատկերված է անվանս առաջին տառը, որի շուրջ քառակուսիների մեջ պատկերված են գործերս, որոնք խորհրդանշում են ստեղծագործական ուղիս, պատմությունս:

Նպատակներ, երազանքներ
Երազանքներս ու նպատակներս ստեղծագործական պրոցեսների հետ են կապված:
Կցանկանայի բացել նկարչական ստուդիա, արվեստանոց. ստեղծագործել և ցուցադրել աշխատանքներս այդ միջավայրում: Այստեղ մարդիկ կարող են սովորել, զբաղվել նկարչությամբ: Երազանքները իրագործվելու հատկություն ունեն...

Ալլա Սերոբյան