Կրթություն

Ատեստավորման արդյունքի վարձատրությունը կտարածվի նաև ուսուցչի վարած խմբակի ժամերի վրա

2 րոպեի ընթերցում

Ատեստավորման արդյունքի վարձատրությունը կտարածվի նաև ուսուցչի վարած խմբակի ժամերի վրա

Կառավարությունը հավանություն տվեց օրենքի նախագծի, որը հնարավորություն է տալիս ուսուցիչների ատեստավորման արդյունքի վարձատրությունը տարածել նաև ուսուցչի վարած խմբակի ժամերի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը հավանություն ստացավ ՀՀ կառավարության հունվարի 22-ի նիստում:

«Մենք նախատեսում ենք, որ ուսուցչի կողմից իրականացվող անհատական բաղադրիչի ժամերի վրա ևս կտարածվի ատեստավորման արդյունքների վարձատրությունը: Մեր ուսուցիչները չափորոշչի համաձայն՝ բացի իրենց առարկաները դասավանդելուց, կարող են նաև վարել խմբակներ, կարող են ունենալ նախագծային աշխատանքներ, որը կրթության անբաժանելի և շատ կարևոր մասն է: Հետևաբար, եթե ուսուցիչը, բացի «Ֆիզիկա» առարկան դասավանդելուց նաև ֆիզիկայի նախագծային աշխատանք է ղեկավարում, ապա այդ ժամերը նույնպես կհաշվեն»,-ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Կարգավորվում է նաև այն իրավիճակը, երբ ուսուցիչն արդեն երկրորդ կամ երրորդ անգամ է մասնակցում ատեստավորմանը: Ֆիքսվում է, որ, եթե ուսուցիչը հավասար արդյունք ցուցաբերի, ապա ուսուցչի հավելավճարի չափը կպահպանվի, և կսահմանվի նոր հնգամյա ժամկետ: Նախարարը հիշեցրեց՝ հավելավճարը գործում է 5 տարի ժամկետով:

«Եթե ուսուցիչը երկրորդ անգամ ավելի ցածր արդյունք է ցույց տալիս, ապա հավելավճարը պահպանվում է նախորդ՝ ավելի բարձր արդյունքի չափով, բայց արդեն նախորդ անգամ սահմանված ժամկետի չափով: Բնականաբար ավելի բարձր արդյունքի դեպքում նոր ժամկետ է սահմանվում նոր հավելավճարի չափով»,-ասաց նախարարը:

Հանրակրթության օրենքի փոփոխությամբ հնարավորություն էր տրվել, որ, եթե ուսուցչի մրցույթը չի կայանում, ապա մանկավարժական կրթություն ստացող ուսանողը կրթության վերջին տարում կկարողանա դասավանդել: Հիմա այդ ուսանողներին նաև կամավոր ատեստավորման մասնակցելու հնարավորություն է տրվում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում