Քաղաքականություն

Վահագն Խաչատուրյանը հավատում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հաջողելու են խաղաղության գործընթացում

6 րոպեի ընթերցում

Վահագն Խաչատուրյանը հավատում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հաջողելու են խաղաղության գործընթացում

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը լավատես է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու հարցում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ նախագահն այդ մասին ասել է Դավոսի համաշխարհային ֆորումի շրջանակներում անցկացված պանելային քննարկման ժամանակ, որին մասնակցել են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։

«Շատ կարևոր է քաղաքական առաջնորդների դերը հարցերի լուծումը խաղաղ ճանապարհով տանելու հարցում։ Ինչքանով նրանք խիզախ կլինեն, ինչքանով քաղաքական ժամանակավոր խնդիրները մի կողմ կդնեն և կնայեն ռազմավարական ապագայի խնդիրներին, դրանից կախված կլինի տվյալ երկրների հաջողությունները։ Փառք Աստծո, մեր երկրների ղեկավարները ընտրել են խաղաղությունը, ապագան, մարդկանց բարեկեցիկ կյանքով ապահովելու հնարավորությունը գերադասել են ամեն ինչից։ Ես այն քաղաքական գործիչներից եմ, որ միշտ խոսել է խաղաղության մասին։ Ես փորձել եմ իմ քաղաքական գործունեության ընթացքում ինչ-որ ձևով օգտակար լինել, որովհետև ինձ համար հասկանալի է մի բան՝ եթե ունեք հարևաններ, հարևանների հետ ապրում եք միայն խաղաղ։ Նույնիսկ կենցաղում է այդպես, առավելևս պետական մակարդակում։ Այլ ճանապարհ չկա, այլ ճանապարհը վեճ է, կռիվ է, ժամանակի անիմաստ կորուստ է։ Եվ ես էլ շատ լավատես եմ, որ իրականում մենք հաջողելու ենք և ունենալու ենք նաև համատեղ տնտեսական, մշակութային ծրագրեր։ Արդեն կան նախադեպեր, երբ մեր հասարակական սեկտորի ներկայացուցիչները հանդիպում են։ Դա շարունակականություն է ունենալու, հաջորդը կլինի բիզնես շրջանակների հանդիպումը։ Արդեն Երևանում մարդիկ ադրբեջանական վառելիք են գնում և մեքենաներ են վարում։ Եթե տարիներ առաջ սրա մասին խոսեինք, ինչ-որ թշնամական վերաբերմունք կլիներ, այլ կերպ կընդունվեր։ Բայց սա այն իրականությունն է, որում հիմա մենք ապրում ենք»,- ասել է ՀՀ նախագահը։  

Վահագն Խաչատուրյանի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ցույց են տվել իրենց պատրաստակամությունը, ցուցաբերել են քաղաքական խիզախություն և կամք, որ իսկապես կարող են արվել քայլեր, որոնք կհանգեցնեն խաղաղության։

«Եվ մենք հիմա ապրում ենք մի իրավիճակում, որում չենք եղել 30 տարուց ավելի։ Եվ իրականում անհավատալի էր, որ կարելի էր կարճ ժամանակում հասնել այնպիսի իրավիճակի, որ Հայաստանը հնարավորություն ունենա անմիջապես Ադրբեջանից ապրանքներ ստանալ Վրաստանի տարածքով։ Ես վստահ եմ, որ կգա նաև այն օրը, որ մենք կստանանք այդ ապրանքները միմյանց տարածքներով»,- հավելել է Խաչատուրյանը։

Նախագահը ևս մեկ անգամ վերահաստատել է իր լավատեսությունը, որ Հայաստանն ու Ադրբեջանը հաջողելու են միմյանց միջև խաղաղություն հաստատելու հարցում։ «Ինչո՞ւ ենք հաջողություններ ունենալու, որովհետև մենք հստակ պայմանավորվածություններ ունենք, մենք հստակ սկզբունքներ ենք որդեգրել, որ հարգում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը։ Եվ մենք առաջնորդվելու ենք այդ սկզբունքներով, բացելու ենք մեր սահմանները։ Վստահ եմ նաև, որ տարիներ հետո ոչ միայն քաղաքական բարձր մակարդակի հանդիպումներ են լինելու, այլ  նաև սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարող են հատել սահմանը, առևտուր անել, օգտվել այն առավելություններից, որ ունեն երկու երկրները։

Այս համագործակցության արդյունքում մենք՝ որպես տարածաշրջան, շատ նպաստավոր ենք դառնալու նաև աշխարհի համար։ Եվրոպայի ու Ասիայի կապն ապահովելու համար լավագույն ճանապարհը Հարավային Կովկասն է։ Եվ այս գործընթացը հաջողություն կունենա նաև այն պատճառով, որ այստեղ կա տնտեսական շահ, և սա կամրապնդի այն պայմանավորվածությունները, որ մենք ձեռք ենք բերել։ Եթե երկու երկրների ղեկավարներ ընդհանուր սկզբունքների շուրջ համաձայնության են գալիս, ուրեմն կարելի է և հաջողության հասնել։ Ես չեմ կարող չնշել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը, որը կարողացավ իր վրա վերցնել այդպիսի պատասխանատվություն և մեր երկու երկրների ղեկավարների հետ օգոստոսի 8-ին ստորագրեց այդ պատմական փաստաթուղթը»,- ընդգծել է ՀՀ նախագահը։

Նախագահը նաև նշել է, որ իր լավատեսության համար հիմք է այն հանգամանքը, որ երկու երկրների ղեկավարների մոտ տեսնում է խաղաղության հասնելու քաղաքական կամք։  Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն այդ խաղաղությանը նպաստող լավագույն գործոնները կլինեն։

«Եվ մի բան էլ կա, որ մենք անպայման պետք է անենք՝ մեր ժողովուրդներին տրամադրենք, որ մասնակից դառնան այս գործընթացներին։ Սա մի աշխատանք է, որը պահանջում է ժամանակ։ Եթե Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը կարողացան շատ կարճ ժամանակում հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության գալ, այս ամենը մեր հասարակություններից պահանջելը ճիշտ չէ, որովհետև մարդկանց ժամանակ է պետք, որ իրենց մեջ հաղթահարեն այն խնդիրները, որոնք արհեստականորեն կամ բնականորեն կան։ Հույս ունեմ, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանն այս ուղղությամբ աշխատում են և կշարունակեն աշխատել և մեր քաղաքացիներին, մեր հասարակություններին մասնակից կդարձնեն մեր սկսած խաղաղության հարատևությանը»,- եզրափակել է Վահագն Խաչատուրյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishქართულიРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում