Կրթություն

Կառավարությունն աշխարհի հեղինակավոր բուհերում սովորած քաղաքացիների հմտությունները ի նպաստ ՀՀ-ի զարգացման օգտագործելու մեխանիզմ է ներդնում

3 րոպեի ընթերցում

Կառավարությունն աշխարհի հեղինակավոր բուհերում սովորած քաղաքացիների հմտությունները ի նպաստ ՀՀ-ի զարգացման օգտագործելու մեխանիզմ է ներդնում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։

ԿԳՄՍ նախարարը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ այն հերթական քայլն է Հայաստանում մարդկային կապիտալի զարգացման և այդ կապիտալը երկրի տնտեսական ու հանրային զարգացմանը ի շահ գործադրելու ուղղությամբ։

Նախարարը մանրամասնեց, որ 2018 թվականից ներդրվել է պարտադիր ժամկետային զինծառայությունից տարկետման հատուկ կարգ, որով տարկետման իրավունք են ստանում այն քաղաքացիները, որոնք սովորում են Շանհայի վարկանիշավորման առաջին 50 տեղերում գտնվող բուհերից որևէ մեկում։

«Մենք այսօր ունենք ավելի քան 600 քաղաքացիներ, որոնք օգտվել են տարկետման իրավունքից, և նրանցից 570-ը դեռևս շարունակում են իրենց ուսումնառությունը։ Միևնույն ժամանակ, ուսումնասիրելով այն տեղեկատվությունը, թե ինչ է տեղի ունենում այն քաղաքացիների հետ, որոնք արդեն իսկ ավարտել են իրենց ուսումնառությունը, մենք տեսնում ենք, որ իրականում այն կապիտալը, որը զարգանում է, այսինքն՝ այդ հեղինակավոր բուհերում ուսումնառության արդյունքում ձևավորող գիտելիքն ու հմտությունները չեն վերադառնում Հայաստանի Հանրապետություն և չեն ծառայում այստեղ ո՛չ հանրային, ո՛չ տնտեսական զարգացման օրակարգին։ Եվ, քննարկելով ու նաև ուսումնասիրելով պատճառները, առաջարկվել է օրենսդրական այս փոփոխությունը, որով տարկետում ստացած և իրենց ուսումնառությունն այս բուհերում իրականացնող քաղաքացիները հնարավորություն են ստանալու ուսումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի Կառավարության կողմից սահմանված ոլորտում Հայաստանի Հանրապետությունում աշխատելու համար և դրանից հետո կարող են ազատվել զինվորական ծառայությունից։ Այս կարգավորման հիմքում դրված է մի պարզ տրամաբանություն, որ այն քաղաքացիները, որոնք իրենց սեփական միջոցներով հաղթահարելով համապատասխան խոչընդոտները, արդեն իսկ ուսումնառության հնարավորություն են ստացել աշխարհի հեղինակավոր բուհերում, այնուհետև ունենան բավարար մոտիվացիոն գործիքակազմ՝ վերադառնալու և իրենց գիտելիքներն ու հմտությունները մեր երկրին ի նպաստ ծառայեցնելու։ Մենք այսպիսով մի կողմից կապահովենք, որ նրանց վերադարձն անպայման տեղի ունենա, մյուս կողմից Կառավարության ենթաօրենսդրական ակտերի շրջանակներում տրված կարգավորումներով կուղղորդենք նրանց գիտելիքների ու հմտությունների կիրառումը հենց այն ոլորտներում, որտեղ այդ կարիքն իսկապես ունենք»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ասաց Անդրեասյանը։ 

Նրա խոսքով՝ նախնական քննարկումները ցույց են տվել, որ օրենսդրական առաջարկվող կարգավորումը շատ սպասված է, այն իրականում կարող է լինել մեծ քանակությամբ բարձրակարգ մասնագետների ներգրավման հնարավորություն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում