Աբովյան քաղաքի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան
1 րոպեի ընթերցում

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 17-ին, ժամը 09։08-ին ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Անմար կրակ» հուշարձանի մոտակայքում գտնվող բարձրահարկ շենքի 5-րդ և 6-րդ հարկերից ծուխ է նկատվում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը՝ նշելով, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Օգոստոսի 23 փողոցի 1-ին նրբանցքում գտնվող շենքերից մեկում։ Հրշեջ-փրկարարները շենքից տարհանել են 30 քաղաքացու։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:53-ին, մարվել՝ 10:09-ին: Այրվել են շենքի միջանցքների կախովի պլաստմասե առաստաղները (մոտ 156 քմ), պլաստմասե դռները, ավտոկայանատեղիում գտնվող օդափոխման համակարգը և էլեկտրամալուխներ։