Հայաստանի ֆուտզալի ընտրանին ընկերական խաղում հաղթեց Լիբանանի հավաքականին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը շարունակում է պատրաստվել Եվրոպայի առաջնությանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ուսումնամարզական հավաքի ընթացքում մեր ընտրանին ընկերական հանդիպում անցկացրեց Լիբանանի ընտրանու հետ։ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում Ռուբեն Նազարեթյանի թիմը գերազանցեց մրցակցին 8-3 հաշվով։
Հայաստանի հավաքականից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Դենիս Նևեդրովը, դուբլ ձևակերպեց թիմի ավագ Վլադիմիր Սանոսյանը, մեկական գոլ խփեցին Միքայել Ղանդիլյանը, Արսեն Պետրոսովը և Համլետ Մանուկյանը։
Ընտրանին ուսումնամարզական հավաքը կշարունակի մինչև հունվարի 17-ը և կմեկնի Կաունաս։ Եվրոպայի առաջնության առաջին խաղը Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի հունվարի 22-ին՝ Ուկրաինայի հավաքականի դեմ։ Հունվարի 25-ին Ռուբեն Նազարեթյանի թիմը կհանդիպի Չեխիայի, հունվարի 28-ին՝ Լիտվայի հավաքականների հետ։