Հայաստան

Վարչապետը ծանոթացել է Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի բարելավված պայմաններին

2 րոպեի ընթերցում

Վարչապետը ծանոթացել է Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի բարելավված պայմաններին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ այցելել է Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն, ծանոթացել կենտրոնի գործունեությանը, բարելավված պայմաններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Կենտրոնի տնօրեն Արայիկ Բաղրյանը ներկայացրել է կառավարության կողմից հատկացված միջոցներով իրականացված վերանորոգման աշխատանքները: 2024 թվականին կառավարությունը հատկացրել է 680 մլն դրամ՝շենքի վերանորոգման և գրասենյակային գույք ձեռք բերելու համար։ Վերանորոգվել է շուրջ 3300 քմ տարածք և ձեռք է բերվել նոր գրասենյակային գույք։

Վարչապետը ծանոթացել է նաև կենտրոնի լաբորատորիայի բարելավված ծառայություններին: 2023 թվականին կառավարությունը հատկացրել է 595 մլն դրամ՝ լաբորատոր գույք և սարքավորումներ ձեռք բերելու համար։ Նշվել է, որ տրամադրված միջոցներով ձեռք են բերվել 2023 թ. արտադրության Agilent Technologies, Anton-Paar, Sartorius և այլ առաջատար ընկերությունների շուրջ 20 նոր սարքավորումներ, քիմիապես կայուն լաբորատոր կահույք, ինչպես նաև Հայաստանում միակ դրական ճնշմամբ իզոլյատոր։

Ձեռք է բերվել նաև սարքերի կառավարման էլեկտրոնային համակարգ, որը ևս ՀՀ-ում մինչև օրս ներդրված չի եղել: Այն հնարավորություն է տալիս մշտադիտարկել սարքավորումների սպասարկման, խնամքի հետ կապված հարցերը, հաշվարկել սարքերի աշխատանքային ժամերը և սարքերի հետ կապված ներդրումային և ընթացիկ պահպանման ծախսերը: Վերազինումը հնարավորություն է տվել բարելավել լաբորատոր ծառայությունների որակը և կրճատել ժամանակը։

Ներկայում լաբորատորիան ունի Ամերիկյան ANAB հավատարմագրման մարմնի կողմից տրված հավաստագիր։ Վերազինումից հետո լաբորատորիան հնարավորություններ կունենա մասնակցելու ազգային և միջազգային հետազոտական նախագծերի, ինչպիսին է, օրինակ՝ ԱՀԿ նախաորակավորումը:

 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում