ՀՀ-ում Իրանի դեսպանը վստահեցնում է, որ երկրում իրավիճակն այս պահին հանգիստ է և վերահսկվում է կառավարության կողմից
7 րոպեի ընթերցում

Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին անդրադարձել է Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունվարին 14-ին հրավիրված ասուլիսի ընթացքում դեսպանն ընդգծել է, որ Իրանի կառավարությունն իր քաղաքացիների խաղաղ հավաքները պաշտոնապես ճանաչել է՝ հայտարարելով, որ մարդիկ իրավունք ունեն նման հավաքների միջոցով կարծիք արտահայտել, ինչն ամրագրված է երկրի Սահմանադրության մեջ։
«Սակայն արտասահմանում պատրաստված և Իրան ներթափանցած ահաբեկիչների ու ծայրահեղականների մի փոքրաթիվ խումբ կարողացավ յուրացնել մարդկանց խաղաղ ցույցեր անցկացնելու իրավունքը՝ հրահրելով վայրագություններ։ Որքան Իրանի կառավարությունը պարտավոր է ապահովել մարդկանց ազատ խոսքի ու բողոքի իրավունքը, նույնքան էլ պարտավոր է ապահովել հասարակության անվտանգությունը, հետևաբար ոստիկանությանը տրվեցին համապատասխան հրահանգներ, որպեսզի ապահովեն խաղաղ ցույցերի բնականոն ընթացքը, որպեսզի մարդիկ անվտանգության պայմաններում իրացնեն բողոքելու իրենց իրավունքը։ Ոստիկանները զինված չէին, ունենին միայն արցունքաբեր գազ։ Բեկումնային դարձան հունվարի 9-ը և 10-ը, երբ ակնհայտ դարձավ, որ ընթանում է մի ուղղորդված գործընթաց, որի նպատակն էր հասարակության ներսում անկայունության ստեղծումն ու երկրի մասնատումը, ինչպես եղավ Սիրիայում»,- նշել է դեսպանը։
Դիվանագետը ցավով արձանագրեց, որ վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում եղել են զինված բախումներ, զոհվել են ոստիկաններ ու քաղաքացիներ, հրկիզվել են հանրային սեփականություն հանդիսացող օբյեկտներն ու մարդկանց գույքը։
Դեսպանն այդ ամենը որակել է որպես կազմակերպված հանցագործություն՝ պնդելով, որ դա իրականացրել են արտասահմանում պատրաստված հատուկ խմբեր, որոնց նպատակը եղել է իրավիճակն ապակայունացնելը։
Անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որ եթե մարդկանց վրա կրակեն, ԱՄՆ-ն կմիջամտի, դեսպանն ընդգծեց, որ իրենք ականատես եղան այնպիսի հանցագործությունների, որոնք անհամեմատելի են նույնիսկ ահաբեկչական խմբավորման գործողությունների հետ։
«Գրանցվել է չորս դեպք, երբ ոստիկաններին պարզապես գլխատել են։ Եղել են կրակոցներ, հրկիզման դեպքեր։ Ունենք փաստավավերագրական նյութեր, որոնցում հստակ լսվում են մարդկանց գլուխներին կրակելու հրահանգներ։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ահաբեկիչներն այն քաղաքների բնակիչները չեն, որտեղ իրագործել են վայրագություններ։ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարել է, որ իսրայելական «Մոսադ»-ի ներկայացուցիչները գտնվել են իրանական քաղաքների փողոցներում։ Պարզ դարձավ, որ դրանք պարզապես խոսքեր չէին։ Ցավոք, այս ամենի արդյունքում զոհվեցին ոստիկաններ ու խաղաղ բնակիչներ։ Սպանվեցին նաև այդ ահաբեկչական խմբավորումների անդամները, որոնք նախապես ժամանել էին Իրան»,- մանրամասնել է Խալիլ Շիրղոլամին։
Նրա կարծիքով՝ խաղաղ ցույցերի և անհանգիստ իրավիճակ հրահրող գործելակերպի միջև կա հստակ տարբերակում, ուստի ոչ մի իշխանություն չի հանդուրժի խռովության դրսևորումներն ու ոստիկաններին թիրախավորելու, նրանց ուղղությամբ կրակելու գործելաոճը։
Դեսպանի խոսքով՝ միայն մեկ օրվա ընթացքում Իրանում 53 մզկիթ է հրկիզվել։ Իրանի հյուսիսային Ռաշտ քաղաքում 200-ից ավել խանութներ նույնպես հրկիզվել են։ Թիրախավորվել են նաև հանրային հաստատությունները՝ բանկերը, հիվանդանոցները, տրասնպորտային կայարանները, շտապօգնության և հրշեջ ծառայության մեքենաները։
«Այն, ինչին ականատես եղանք, Իրանի դեմ ծավալված 12-օրյա պատերազմի 13-րդ օրն էր։ Այն ժամանակ ԱՄՆ-ն ու Իսրայելը չհասան իրենց նպատակին։ Իրանում խռովությունների հրահրումն ու անկայունության ստեղծումը համարվում էին հաջորդ քայլը, սակայն Իրանում իշխանություններին աջակցող միլիոնավոր մարդկանց քայլերթը ձախողեց արտաքին ուժերի ծրագրերը։ Մեր երկրում համացանցի ամբողջական անջատման նպատակը լայնածավալ վայրագությունների ու բռնությունների կանխարգելումն էր։ Դա նաև արվեց ահաբեկիչների ու նրանց արտասահմանյան ղեկավարների միջև կապը կտրելու նպատակով։ Նրանցից ոմանք ձերբակալվել են և խոստովանական ցուցմունքներ տվել, որոնք ուղղակի ցնցող են»,- ասել է դիվանագետը։
Նա հիշեցրել է, որ Իսրայելը 12 օր պատերազմեց Իրանի դեմ, զոհվեցին 1100 իրանցիներ, իսկ հիմա Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարում է, թե պատրաստ է օգնել Իրանի ժողովրդին։
«Դոնալդ Թրամփը, ով իր հերթին Իրանի դեմ ամենասաստիկ ու դաժան պատժամիջոցների հեղինակն է, նույնպես խոսում է Իրանի ժողովրդին աջակցելու մասին։ ԱՄՆ-ի նախագահը հայտարարել էր, թե կմիջամտի, եթե Իրանում կրակեն ցուցարարների վրա։ Իրանի կառավարությունն իր ժողովրդին չի սպանում և չսպանեց։ Մեկ շաբաթ բողոքի ակցիաներն անցկացվեցին միանգամայն խաղաղ պայմաններում։ Դա տևեց մինչ այն պահը, երբ նախապես մարզված և պատրաստված տարրերը միջամտեցին և յուրացրեցին խաղաղ ակցիաներ անցկացնելու մարդկանց իրավունքը։ Սակայն նրանք լավ չեն ճանաչում Իրանի ժողովրդին ու չեն գիտակցում նրա ուժը։ Իրանի ժողովուրդը կարող է բողոքել կառավարությանը տարբեր խնդիրների առթիվ, սակայն երբեք չի վաճառի իր երկիրը օտարներին»,- ասաց ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը։
Նա հավաստիացրել է, որ իրավիճակն այժմ հանգիստ է և վերահսկվում է երկրի կառավարության կողմից, որը վճռականապես դեմ է ցանկացած միջամտության Իրանի ներքին գործերին։
«Մարդիկ հասկացել են, որ իրենց հավաքներն ի վերջո մի խումբ անձանց միջամտությամբ հանգեցրին բռնությունների։ Քաղաքացիները բողոքում էին սոցիալ-տնտեսական առկա իրավիճակից, սակայն տեսան, որ իրենց կյանքի հիմքերը խարխլվում են ահաբեկիչների գործողությունների պատճառով։ Եթե Իրանի դեմ իրականացվի ագրեսիա, մենք պատրաստ ենք համարժեք պատասխան տալ։ Հույս ունենք, որ Դոնալդ Թրամփը չի դառնա որոշ արմատական խմբերի ու նրանց մտադրությունների զոհը»,- եզրափակել է Խալիլ Շիրղոլամին։