Հայաստանն ու Եվրամիությունը սահմանային անցակետերի արդիականացման կամ ստեղծման ուղղությամբ համագործակցելու մեծ դաշտ ունեն
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետությունն ու Եվրոպական միությունը Հայաստանի սահմանային անցակետերի արդիականացման կամ ստեղծման ուղղությամբ համագործակցելու մեծ դաշտ ունեն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետը հայտարարել է ՄԱՀՀԻ անվտանգային ֆորումի շրջանակում «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագիրը կրող քննարկման ժամանակ՝ անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերություններում համագործակցության նոր հնարավոր ուղղություններին։
«Ես կարծում եմ, որ մենք Եվրամիության հետ սահմանային անցակետերի արդիականացման կամ ստեղծման ուղղությամբ համագործակցելու մեծ դաշտ ունենք։ Հիմա, օրինակ, Հայաստան-Իրան սահմանին մեծ և ժամանակակից մաքսային մեծ անցակետ է կառուցվում՝ Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում»,-ընդգծեց Փաշինյանը։
ԵՄ-ի հետ գործընկերության զարգացման և խորացման համատեքստում ՀՀ վարչապետը նաև շնորհակալություն հայտնեց Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներում արդեն երկրորդ անգամ Հայաստանին աջակցություն տրամադրելու համար։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 18-ին կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում հաստատել էր տեղեկությունը, որ Հունգարիան հանել է իր վետոն Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներում Հայաստանին 20 միլիոն եվրո հատկացնելու որոշման վրայից։
Վարչապետը շեշտել էր, որ այդ գումարը նպաստելու է խաղաղության օրակարգի առաջմղմանը և ծառայելու է դրա իրագործմանը։
«Այո, Հայաստանի արտաքին գործերի նախարարը զեկուցել է ինձ, որ Հունգարիայի գործընկերները, կարծես, որոշմանը համաձայնել են, և կա կոնսենսուս։ Դե յուրե որոշումը կլինի, կհրապարակվի։ Բովանդակային առումով այս պահին չեմ կարող ասել, բայց բոլոր դեպքերում դա նպաստելու է և ծախսվելու է խաղաղության տրամաբանությամբ»,-ընդգծել էր Հայաստանի վարչապետը։