ՀՀ վարչապետը ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ հայտարարությունից հետո Թուրքիայի հետ հարաբերություններում նոր զարգացումների հույս է հայտնել
4 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի ու Վաշինգտոնի միջև հունվարի 13-ին «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) իրականացման շրջանակը սահմանող հայտարարության ընդունումից հետո տրամաբանական է համարում հաջորդիվ զարգացում ունենալը արդեն Հայաստան-Թուրքիա հարթության վրա։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետը հայտարարել է ՄԱՀՀԻ անվտանգային ֆորումի շրջանակում «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագիրը կրող քննարկման ժամանակ։
«Հիմա տրամաբանությունն այն է, որ հաջորդիվ մենք պետք է զարգացում ունենանք Հայաստան-Թուրքիա հարթության վրա, և մենք հույս ունենք, որ այն գործընթացները, որոնք տրամաբանորեն քաղաքական երկխոսության մակարդակով լուծվել են, նաև գետնի վրա կունենան իրենց արտահայտումը։ Սա իսկապես նույնիսկ անհավատալի և աներևակայելի դրական միջավայր է, որում մենք հայտնվել ենք, ինչն, իհարկե, չի նշանակում, որ բոլոր հարցերը լուծված են, բայց բոլոր հարցերի լուծման բոլոր բանաձևերն, ըստ էության, արդեն որոշված են»,-ասաց վարչապետ Փաշինյանը։
Վարչապետի բնորոշմամբ՝ հունվարի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից Վաշինգտոնում ստորագրված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) իրականացման շրջանակը սահմանող հայտարարությունը անկյունաքարային նշանակություն ունի Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը ինստիտուցիոնալ դարձնելու ճանապարհին։
Վարչապետի խոսքով՝ Երևանն ու Բաքուն առաջ են ընթանում շատ ավելի մեծ քայլերով, քան ի սկզբանե կարելի էր ենթադրել։ Այս առումով Նիկոլ Փաշինյանը օրինակ բերեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդեն իսկ իրականացվող առևտրային հարաբերությունները։
«Այսօր արդեն Հայաստան-Ադրբեջան երկկողմ առևտրի դրսևորումները տեղի ունեցան շատ ավելի վաղ, քան Հայաստանը և միջազգային հանրությունը սպասում էին, գուցե նաև Ադրբեջանը»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Հունվարի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել են Վաշինգտոնում՝ հրապարակելու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) իրականացման շրջանակը։ Այս փաստաթուղթը նոր քայլ է 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ձեռք բերված հանձնառությունների կյանքի կոչման ուղղությամբ՝ Հարավային Կովկասում հարատև խաղաղության գործին նպաստելու համար։
Շրջանակն ուրվագծում է ԹՐԻՓՓ-ի գործարկման կոնկրետ ուղին, որը նախատեսված է Հայաստանի տարածքով անխոչընդոտ, մուլտիմոդալ տարանցիկ փոխկապակցվածության հաստատման համար։ Կապելով Ադրբեջանի հիմնական մասն իր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և ստեղծելով Տրանս-Կասպյան առևտրային երթուղու կենսական օղակ՝ ակնկալվում է, որ ԹՐԻՓՓ-ը միջազգային և ներպետական փոխկապակցվածության փոխադարձ առավելություններ կստեղծի Հայաստանի Հանրապետության համար։
Արտացոլելով 2025 թվականի օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի կողմից հյուրընկալած պատմական Խաղաղության գագաթաժողովում հաստատված սկզբունքները՝ ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակն ընդգծում է ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և փոխադարձության կարևորությունը ԹՐԻՓՓ-ի ընդհանուր հաջողության համար: ԹՐԻՓՓ-ի վերջնական նպատակն է ամրապնդել Հայաստանի և Ադրբեջանի բարգավաճումն ու անվտանգությունը և խթանել ամերիկյան առևտուրն՝ ընդլայնելով տարածաշրջանային առևտուրն ու փոխկապվածությունը, ինչպես նաև ստեղծելով Կենտրոնական Ասիան և Կասպից ծովը Եվրոպային կապող նոր տարանցիկ հնարավորություններ: