3 րոպեի ընթերցում
«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:
Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2025 թվականի վերջում և 2026 թվականի սկզբում հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
Հայ գրականություն
Հակոբ Կարապենց, «Գրողը ինքն իր հետ»
Սույն ժողովածուում ներառված են պատմվածքներ ու խոհագրություններ, որոնք լույս են տեսել Կարապենցի՝ երեք տասնամյակներում հրատարակված գրքերում: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:
Թարգմանական գրականություն
Ագաթա Քրիստի, «Հայելին հանկարծ փշրվում է»
Ագաթա Քրիստիի «Հայելին հանկարծ փշրվում է» դետեկտիվ վեպը տպագրվել է 1962 թվականին:
Սեյնթ Մերի Միդում առանձնատուն են ձեռք բերում հայտնի դերասանուհի Մարինա Գրեգը և նրա ամուսինը՝ ռեժիսոր Ջեյսոն Ռադը: Նրանց կազմակերպած ընդունելությունը վերածվում է ողբերգության, երբ հանկարծակի մահանում է հյուրերից մեկը՝ Հիթեր Բեդքոկը: Երբ պարզվում է, որ տեղի ունեցածը թունավորում է, ամեն ինչ է՛լ ավելի է խճճվում: Գործի է անցնում միսս Մարփլը՝ օգտագործելով իր բնատուր խորաթափանցությունը և դիտողականությունը:
Ագաթա Քրիստին վարպետորեն կարողանում է ընթերցողին լարվածության և անորոշության մեջ պահել մինչև վերջին պահը: Վեպում սիմվոլիկ նշանակություն ունի լորդ Թեննիսոնի «Լեդի Շալոտ» բանաստեղծությունը: Թարգմանիչ՝ Շուշաննա Վասիլյան։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:
Մանկապատանեկան գրականություն
Կրիստիանա Սորիանո, «Համբույրների կրպակ»
Ֆելիչեն համբույրներ էր վաճառում ապակյա անոթներով։ Բարի գիշերի համբույրի կարիք ունեին հատկապես շատ բալիկներ ունեցող մայրիկները։ Ջերմաչափիչ համբույրը ամենապահանջվածն էր հայրիկների շրջանում։ Մուա–պաչիկը ապաքինում էր ցանկացած վերք, կապտուկ կամ քերծվածք։ Եթե ջերմության ու քնքշանքի ձեր պաշարը վերջացել է, այժմ գիտեք, թե որտեղ այն գտնել․ Ֆելիչեի «Համբույրների կրպակում», Թեթև Սրտունի 5 հասցեում։ Թարգմանիչ՝ Հասմիկ Եղիազարյան։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:
«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը