Կրթություն

Ձմեռային քննաշրջանի դիմորդների թիվն աճել է. ամենապահանջված առարկան անգլերենն է

2 րոպեի ընթերցում

Ձմեռային քննաշրջանի դիմորդների թիվն աճել է. ամենապահանջված առարկան անգլերենն է

Հայաստանում այս տարվա ձմեռային քննաշրջանում գրանցվել է հայտագրվածների թվի նկատելի աճ: Ընդհանուր առմամբ հայտագրվել է 12538 դիմորդ, մինչդեռ անցած տարի նույն փուլում այդ թիվը կազմում էր 11605:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը նշեց, որ դիմորդների մի մասը մասնակցում է մեկ քննության, մյուսները՝ երկու: Ընդհանուր առմամբ, ձմեռային քննությունների ընթացքում հանձնվելու է 23474 քննություն, ինչը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը, որը 21218 էր: 

Անգլերենի քննությունը շարունակում է մնալ ամենապահանջվածը՝ 7224 դիմորդ, երկրորդ տեղում մաթեմատիկան է՝ 5709 դիմորդ, իսկ երրորդ տեղում հայոց լեզուն է՝ 4657 դիմորդ:

Միևնույն ժամանակ, որոշ  առարկաներ սահմանափակ ընտրություն ունեն. օրինակ՝ իտալերենի համար  հայտագրվել է 1, իսպաներենի համար 3, ֆրանսերենի համար 39, գերմաներենի համար 55, իսկ աշխարհագրության համար՝ 79 դիմորդ:  

Բուհ ընդունվել ցանկացող դիմորդները հաճախ են օգտվում քննություն հանձնելու լրացուցիչ հնարավորությունից՝ արդյունքները բարելավելու կամ նոր առարկա ընտրելու նպատակով:

Ձմեռային քննաշրջանի ընթացքում կգործի 55 քննական կենտրոն ինչպես Երևանում,այնպես էլ մարզերում: «Ի տարբերություն ամառային քննաշրջանի՝ ձմեռային քննաշրջանի ընթացքում նախապատվությունը տրվել է ավելի փոքր քննասենյակներին, որոնք  տեխնիկապես ավելի հեշտ է ապահովել համապատասխան ջեռուցման պայմաններով»,-եզրափակեց Խաչանուշ Գրիգորյանը:

Ավելի վաղ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնել էր, որ հաստատվել են 2026 թվականի միասնական քննությունների առաջին փուլի օրերը և քննական կենտրոնները:  

Լուսինե Ջալալյան 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում