Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման խորհուրդն անցկացրել է առաջին նիստը
2 րոպեի ընթերցում

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգման խորհրդն անցկացրել է իր առաջին նիստը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման մեջ այս մասին նշել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգման խորհուրդը (այսուհետեւ Խորհուրդ) գումարել է իր առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել են Եկեղեցու բարենորոգման գործընթացի հիմնական ուղղությունները, կազմակերպչական քայլերը և առաջիկա աշխատանքների շրջանակը՝ հիմք ընդունելով հիմնադիր հայտարարությամբ ձևակերպված սկզբունքներն ու նպատակները»,-նշել է վարչապետը։
Նրա խոսքով՝ Խորհուրդը կարևորել է գործընթացի իրականացումը ներառականության, հանրային վստահության, թափանցիկության և պատասխանատվության սկզբունքներով՝ ընդգծելով հոգևորականների եւ աշխարհականների համախմբմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը։
Վարչապետ Փաշինյանը նաև հիշեցրել է, որ Խորհուրդը ողջունել է Շվեյցարիայի Հայոց թեմի Առաջնորդական տեղապահ Գուսան Ծայրագույն Վարդապետ Ալճանյանի որոշումը՝ միանալու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգման հայտարարությանն ու ճանապարհային քարտեզին։ Առաջիկա պատեհ առիթով Գուսան Ծայրագույն Վարդապետ Ալճանյանը կմասնակցի Խորհրդի նիստի։
«Նիստում քննարկվել են ճանապարհային քարտեզի անցնցում իրականացմանն ուղղված գործողությունները եւ կայացվել են անհրաժեշտ որոշումներ»,-գրել է Նիկոլ Փաշինյանը։