Սպանդարյան ջրանցքի վերակառուցմամբ Սյունիքում ոռոգվող հողատարածքները զգալիորեն կընդլայնվեն
4 րոպեի ընթերցում

Սպանդարյանի ջրանցքի ամբողջական վերակառուցումը 7 տոկոսով կընդլայնի Սյունիքի մարզի ոռոգվող հողատարածքները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հայրենիք հավերժություն» դրամահավաք-արշավի արդյունքների ամփոփմանն այս մասին հայտարարեց ՀՀ նախագահի օգնական Արամայիս Ավետիսյանը։

«Համեմատության համար նշեմ, որ Սյունքի մարզում ներկայում գոյություն ունեն 44 հազար հա ոռոգելի հողատարածքներ։ Սպանդարյանի ջրանցքի ամբողջական վերակառուցումը հնարավորություն կտա մարզում շուրջ 7 տոկոսով ավելացնել ոռոգելի հողատարածքները»,-հավելեց ՀՀ նախագահի օգնականը՝ ջրանցքի վերակառուցումը կարևորելով նաև որպես ջրային անվտանգության, կլիմայական դիմակայունության և երկարաժամկետ պետական զարգացման ծրագիր։
Նրա համոզմամբ՝ ջրանցքի վերակառուցումը կապահովի աշխատատեղեր, եկամուտներ, տնտեսության վերակենդանացում և ամբողջապես նոր տնտեսական էկոհամակարգի ձևավորում։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանի հավաստմամբ՝ կազմակերպված դրամահավաքի արդյունքում այժմ մասամբ առկա են ֆինանսական միջոցներ՝ 2026 թվականին Սյունիքի մարզի Սպանդարյան ջրանցքի մի հատվածի վերակառուցման աշխատանքները սկսելու համար։

«Նախագծի նախնական գնահատմամբ՝ ջրանցքը պայմանականորեն բաժանվել է 3 հատվածի։ Հաշվի առնելով ջրանցքի երկրորդ՝ միջին հատվածի առաջնահերթ նշանակությունը, քանի որ այն կապահովվի 2800 հեկտար հողատարածքների զգալի մասի ոռոգումը, որոշվեց վերակառուցման աշխատանքները սկսել հենց այդ հատվածից։ Ջրանցքի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 34,6 կիլոմետր։ Նախագծային թիմի հետ արդեն իսկ իրականացրել ենք 18,7 կիլոմետր հատվածի նախագծանախահաշվային աշխատանքները։ Առաջին փուլով իրականացվում է նախագծված հատվածի վերջին՝ 8,7 կիլոմետրի վերակառուցումը, իսկ սկզբնամասը, որը համեմատաբար բարվոք վիճակում է, նախատեսվում է երկրորդ փուլով»,-մանրամասնեց Խլղաթյանը՝ հավելելով, որ արդյունքում՝ Սյունիքի մարզի 6 բնակավայր՝ Սառնակունքը, Ծղուկը, Իշխանասարը, Սպանդարյանը, Անգեղակոթը և Շաքին, կապահովվեն ոռոգման ջրի հուսալի մատակարարման հնարավորությամբ։ Ծրագրի շահառու կդառնա 730 ընտանիք՝ 4320 բնակիչ։
Ըստ նրա՝ ակնկալվում է, որ այդպիսով հողի օգտագործման մակարդակը կբարձրանա 30-40 տոկոսով, իսկ վերակառուցումից հետո առաջին գյուղատնտեսական սեզոնին կանխատեսվում է բերքատվության աճ 25-30 տոկոսով։
Բանախոսի դիտարկմամբ՝ նախագիծը կնպաստի նաև գյուղերից արտագաղթի նվազմանը, հատկապես՝ երիտասարդների շրջանում, ովքեր ստիպված էին աշխատանք փնտրել այլ վայրերում։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանը, ներկայացնելով «Հայրենիք հավերժություն» դրամահավաք-արշավի արդյունքները, տեղեկացրեց, որ մեկամսյա միջոցառումների շրջանակում, ընդհանուր առմամբ, հավաքագրվել է շուրջ 17 միլիոն դոլար գումար, որը վերջին տարիների միջինացված տվյալների համեմատ աճել է մոտ 30 տոկոսով։

