Հայաստան

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ջրային պաշարների և համակարգերի արդյունավետ կառավարման ծրագրերը

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ջրային պաշարների և համակարգերի արդյունավետ կառավարման ծրագրերը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ջրային պաշարների և համակարգերի արդյունավետ կառավարման վերաբերյալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը զեկուցել է ոլորտում առկա մարտահրավերների և դրանց լուծմանն ուղղված կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումների վերաբերյալ:

Մանրամասներ են ներկայացվել ջրային ոլորտի կառավարման, պլանավորման, կանխատեսումների, ենթակառուցվածքների արդիականացման հետ կապված հարցերի վերաբերյալ: Արամազդ Ղալամքարյանը նաև զեկուցել է 2026թ․ ոռոգման ջրի առաջարկի և պահանջարկի կառավարման միջոցառումների վերաբերյալ, որոնք կներառեն միջգերատեսչական ինտեգրված համակարգումը և ներդաշնակեցումը, ջրային հոսքերի և բացթողումների միասնական կառավարումը, ոռոգման ջրի պահանջարկ–առաջարկի մեթոդաբանության վերանայումը, ոռոգման ռեժիմների և նորմատիվների վերանայումը, պոմպակայանների հզորացումը և այլն: Զեկուցվել է նաև ջրամբարների լցվածության ցուցանիշների, Սևանա լճից և այլ հիմնական աղբյուրներից ջրառի, ոռոգման համակարգի ցուցանիշների վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել Արարատյան արտեզյան ավազանում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների ու առկա խնդիրների լուծման ուղղությամբ իրականացված քայլերին, ջրային ռեսուրսների մոնիթորինգի ներկայիս ենթակառուցվածքի վիճակին, վերջինիս վերազինման ու արդիականացման ծրագրերին։

Ընդգծվել է ջրային համակարգի կառավարման ձևաչափի վերանայման և այլ արդյունավետ մեխանիզմների ներդրման կարևորությունը:

Վարչապետ Փաշինյանն անհրաժեշտ է համարել ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացումը, որոնք միտված կլինեն ջրային պաշարների և համակարգերի կայուն, արդյունավետ և ինտեգրված կառավարմանը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում