«Երևանյան բեսթսելեր». «Ամանորի հրաշքն»՝ առաջատար. մանկական. նոյեմբեր, 2025
7 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ նոյեմբերի վաճառքի տվյալների:
Հայկ Աջապահյանի «Ամանորի հրաշքը» առաջին տեղում է։ Փոքրիկ ընթերցողն Անիի և Դավիթի հետ կճանապարհորդի տարբեր ժամանակների ու մշակույթների միջով՝ հասկանալու, թե ինչու է մարդը հազարամյակներ շարունակ տոնել Նոր տարին։ Նա կծանոթանա Հին Հռոմի տոնակատարություններին, ճապոնական գեղեցիկ ավանդույթներին, խորհրդային տարիների ամանորյա խորհրդանիշներին, դիքենսյան Լոնդոնի կախարդանքին և 1990-ականների Հայաստանին, երբ ամեն ինչ դժվար էր, բայց ընտանիքը, միևնույն է, մնում էր գլխավոր արժեքը։
Հովհաննես Արամյանցի «Նոր Տարին և ամենալավ հայրիկը» երկրորդ տեղում է։ Ինչն է ամենաթանկ նվերը Ամանորին: Նույնիսկ երբ տոնածառն արդեն զարդարված է, իսկ նվերները՝ փաթեթավորված, ամենակարևորը մնում է նույնը՝ միասին լինելու հրճվանքը: Այս գրքում տեղ են գտել երկու գունեղ, ջերմ և զվարճալի պատմություններ ամենօրյա ընտանեկան կախարդանքի մասին, որոնք զուգորդվում են հետաքրքիր և վառ պատկերներով: Փոքրիկ ընթերցողը յոթ արջուկնների, նրանց սիրելի հայրիկի և մնացած յուրահատուկ կերպարների հետ միասին կապրի տարվա ամենաուրախ տոնի զարմանահրաշ վայրկյանները: Եվ որ ամենակարևորն է՝ կսովորի, որ Ամանորն սկսվում է այնտեղ, որտեղ նրա ընտանիքն է:
Հայկ Աջապահյանի «90-ականների Երևանը» երրորդ տեղում է։ Ի՞նչ կլինի, եթե հանկարծ տեղափոխվես 90-ականների Երևան, տեսնես, թե ինչպիսին էին քո ծնողները, երբ քո տարիքին էին, նրանց հետ բակում գնդակ խաղաս և նույնիսկ նույն դպրոցը հաճախես։ Անին և Դավիթը Մարս մոլորակից վերադառնալիս հայտնվում են 1991 թվականի Հայաստանում։ Սակայն դա դեռ ամենը չէ։ Անցյալի ու ներկայի խաչմերուկում նրանք հանդիպում են մի առեղծվածային չար մարդու, որը նույնպես գիտի կախարդական սենյակի մասին և կարողանում է ճամփորդել ժամանակի միջով։ Բայց ինչո՞ւ է նա այնտեղ։ Ի՞նչ է նա փնտրում։ Սա մի պատմություն է այն մասին, թե ինչպես երբեմն պետք է հետ գնալ, որպեսզի ավելի լավ հասկանաս, թե ով ես դու, ինչու ես այստեղ, և ինչն է կյանքում ամենակարևորը։
Հայկ Աջապահյանի «Կախարդական գրադարանը 2. Եգիպտոսի կախարդանքը» չորրորդ տեղում է։ Փորձելով հասնել ծնողների անվերապահ վստահությանն ու ապացուցել իրենց պատմությունների իրական լինելը՝ Անին ու Դավիթը որոշում են մեկնել Հին Եգիպտոս ու Կլեոպատրայի օգնությամբ ժամանակակից աշխարհ բերել, որևէ արտեֆակտ, որը կապացուցի, որ մեծ ու իրական ցանկության դեպքում նույնիսկ ժամանակի մեջ ճամփորդությունը կարող է իրականություն լինել: Սակայն հանգամանքներն այլ կերպ են դասավորվում, և Անին ու Դավիթը բախվում են անսպասելի դժվարությունների։
Հովհաննես Արամյանցի «Նամակ Ձմեռ Պապիկին» գիրքը հինգերորդ տեղում է։ Մի անգամ ծնողներն Ալեքսին պատմեցին, որ Ձմեռ պապիկը կարող է կատարել նրա ցանկացած երազանք։ Դրա համար ընդամենը պետք է գրել նրան կախարդական նամակ։ Ալեքսը շատ բաների մասին էր երազում, բայց ամենից շատ ուզում էր դառնալ հրաշագործ։ Մի նամակով այդ ամենը չէր ասի, այդ պատճառով էլ մեկնեց արկածներով լի մի ճանապարհորդության դեպի հեքիաթային աշխարհ՝ բացահայտելու Ձմեռ պապիկի կախարդանքի գաղտնիքը…
Հայկ Աջապահյանի «Կախարդական գրադարանը 3. Կարմիր մոլորակը» վեցերորդ տեղում է։ Ստանալով ծնողների աջակցությունը՝ Անին և Դավիթը ցանկանում են շարունակել իրենց ճամփորդությունները դեպի անցյալ՝ տեսնելու պատմական իրադարձությունները: Բայց մոգությունը մոգություն չէր լինի, եթե չլինեին անակնկալներ: Այս անգամ երեխաները կհայտնվեն ոչ միայն ուրիշ ժամանակում, այլ նաև՝ ուրիշ մոլորակում․․
Գրիմ Եղբայրների «Հեքիաթներ» ժողովածուն յոթերորդն է։ Վառ ու պատկերավոր նկարազարդումներով հարուստ այս գրքի չար ու բարի, իմաստուն ու անխելք, համեստ ու անպատկառ, ստախոս ու արդարամիտ հերոսների հետ դուք մի շատ հետաքրքիր ճամփորդություն կունենաք հեքիաթների աշխարհում: Վայելեք այս զարմանահրաշ հեքիաթների ժողովածուն կարդալու մեծագույն հաճույքը...
Ութերորդ տեղում է «Բոքոնիկը» գիրքը: Բոքոնիկի մասին հեքիաթը հանդիպում է ռուսական և ուկրաինական բանահյուսություններում, ինչպես նաև ունի իր նմանակները շատ ժողովուրդների մոտ: Սյուժեն հանդիպում է նաև սկանդինավյան, գերմանական, ուզբեկական, թաթարական և այլ հեքիաթներում:
Իններորդ տեղում է Դերենիկ Դեմիրճյանի «Պույ-Պույ Մուկիկը»: Յուրաքանչյուր երեխա մեծ բավականություն կստանա՝ ընթերցելով հեքիաթը հանրահայտ մուկիկի մասին, դե, իսկ սյուժեն հայտնի է բոլոր-բոլորին:
Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթը» էպոսի մանկապատանեկան մշակումը վերջին տեղում է։ Պոեմը հայկական ժողովրդական էպոսի բազմաթիվ գրական մշակումներից լավագույնն է: Դավիթը մեր հարուստ վիպերգության ամենահերոսական կերպարն է, իսկ Թումանյանի գրչի տակ նա դարձել է առավել պատկերավոր:
| Տեղ | Փոփոխ․ | Գիրք | Հրատ․ | Քանակ | |
| 1 | Նոր | ![]() | Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» | Դավինչի | 1915 |
| 2 | Նոր | ![]() | Հովհաննես Արամյանց, «Նոր Տարին և ամենալավ հայրիկը» | Դավինչի | 185 |
| 3 | -1 | ![]() | Հայկ Աջապահյան, «90-ականների Երևանը» | Դավինչի | 123 |
| 4 | +6 | ![]() | Հայկ Աջապահյան, «Կախարդական գրադարանը 2. Եգիպտոսի կախարդանքը» | Դավինչի | 113 |
| 5 | Նոր | ![]() | Հովհաննես Արամյանց, «Նամակ Ձմեռ Պապիկին» | Դավինչի | 111 |
| 6 | * | ![]() | Հայկ Աջապահյան, «Կախարդական գրադարանը 3. Կարմիր մոլորակը» | Դավինչի | 89 |
| 7 | -2 | ![]() | Գրիմ Եղբայրներ, «Հեքիաթներ» | Բուկինիստ | 82 |
| 8 | * | ![]() | «Բոքոնիկը» | Բուկինիստ | 76 |
| 9 | -1 | ![]() | Դերենիկ Դեմիրճյան, «Պույ-Պույ Մուկիկը» | Բուկինիստ | 67 |
| 10 | * | ![]() | Հովհաննես Թումանյան, «Սասունցի Դավիթը» | հեղ հրատ | 50 |
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:









