Սոցիալական հարցեր

Նախարարը ներկայացրեց ԼՂ-ից տեղահանված որոշ ընտանիքների համար բնակարանի վարձավճարի մասնակի փոխհատուցման նոր ծրագիրը

3 րոպեի ընթերցում

Նախարարը ներկայացրեց ԼՂ-ից տեղահանված որոշ ընտանիքների համար բնակարանի վարձավճարի մասնակի փոխհատուցման նոր ծրագիրը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստում ներկայացրեց Լեռնային Ղարաբաղից տեղահանված առանձին որոշ խմբերի կացարանով ապահովման նպատակով վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման սոցիալական աջակցության միջոցառումը և դրա տրամադրման կարգը հաստատելու մասին նախագիծը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը նշեց, որ նախագծով առաջարկվում է սկսել նոր ծրագիր, որը կվերաբերի այն տեղահանված քաղաքացիներին, որոնք այս պահին իրավասու են ստանալ բնակարանային հավաստագրեր, սակայն, իրենց ընտանեկան կամ սոցիալական կարգավիճակից ելնելով, չեն կարողանում դրանք իրացնել։ 

«Խոսքը հիմնականում փոքրաթիվ՝ 1-3 անդամ ունեցող ընտանիքների մասին է, որոնց անդամներն ունեն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն, ֆունկցիոնալության գնահատման համակարգով խորը կամ ծանր աստիճան, կամ բարձր տարիքի են»,-ասաց Թորոսյանը։ 

Արսեն Թորոսյանի ներկայացմամբ՝ նման ընտանիքներին առաջարկվում է այլընտրանքային լուծում․ նրանք կարող են գրանցվել սոցիալական բնակարանային ֆոնդի ծրագրում՝ որպես հերթացուցակում ընդգրկված պոտենցիալ շահառու։  

«Քանի որ ներկայում սոցիալական բնակարանների բավարար քանակ չկա, ծրագիրը նախատեսում է վարձավճարի մասնակի փոխհատուցում՝ 1 անձի համար ամսական 40 հազար դրամի չափով՝մինչև 10 տարի ժամկետով»,- ասաց  նա։

Նախարարի խոսքով՝ այդ 10 տարիների ընթացքում, եթե շահառուի բնակության վայրին կամ կենսական շահերին մոտ տարածքում հնարավոր լինի տրամադրել սոցիալական բնակարան, այն կառաջարկվի տվյալ ընտանիքին՝ որպես ավելի կայուն բնակության տարբերակ։  

«Առաջարկից հրաժարվելու դեպքում շահառուն կզրկվի վարձավճարի փոխհատուցման ծրագրից, իսկ համաձայնելու դեպքում կշարունակի օգտվել սոցիալական բնակարանային ֆոնդից»,- հավելեց նախարարը։

Արսեն Թորոսյանը մանրամասներ ներկայացրեց նաև շահառու դառնալու պայմանների վերաբերյալ։ 

«Ծրագիրը կվերաբերի այն ընտանիքներին, որոնք կազմված են բացառապես անժամկետ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանցից, ֆունկցիոնալության գնահատման համակարգով խորը կամ ծանր աստիճան ունեցող քաղաքացիներից, կամ 60 և ավելի տարեկան անդամներից։

Բացի այդ, սահմանվում են տարիքային շեմեր 2 հոգանոց ընտանիքի անդամների տարիքների գումարը չպետք է գերազանցի 115 տարին, 3 հոգանոց ընտանիքի դեպքում՝ 175 տարին»,- ասաց Թորոսյանը։

Նախարարի խոսքով՝ ծրագրի տրամաբանությունն այն է, որ այս խմբերի քաղաքացիները, որպես կանոն, չեն կարողանում աշխատել և հավելյալ միջոցներ գեներացնել, օրինակ, հիփոթեքային պարտավորություններ ստանձնելու համար։ Ներկայացված կարգավորմամբ, ըստ նրա, լուծում է ստանում Լեռնային Ղարաբաղից տեղահանված փոքրաթիվ ընտանիքների բնակապահովման խնդիրը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում