Միացյալ Նահանգներ

Փհենյանը պատրաստ է արձագանքել Հարավային Կորեայի հետ միջուկային դաշինք ստեղծելու ԱՄՆ-ի փորձերին

2 րոպեի ընթերցում

Փհենյանը պատրաստ է արձագանքել Հարավային Կորեայի հետ միջուկային դաշինք ստեղծելու ԱՄՆ-ի փորձերին

ԿԺԴՀ-ն պատրաստ է արձագանքել Հարավային Կորեայի հետ միջուկային դաշինք ձևավորելու Միացյալ Նահանգների փորձերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարությունը։

«Վերջին ժամանակներս ավելի բացահայտ են դառնում մշտական հիմունքներով միջուկային անկայունության գործոնն ամրապնդելու ԱՄՆ-ի փորձերը, ինչը լրջորեն սպառնում է մեր պետության անվտանգությանը», - ասվում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության տարածած հայտարարության մեջ։

ԿԺԴՀ պաշտպանության նախարարությունը նշում է դեկտեմբերի 23-ին ԱՄՆ-ի ատոմային սուզանավի՝ հարավկորեական Բուսանի նավահանգիստ կատարած հերթական մուտքի, «Ջորջ Վաշինգտոն» ավիակրի գլխավորությամբ ամերիկյան ավիակիրների հարվածային խմբի՝ Հարավային Կորեա կատարած այցի, միջուկային անվտանգության հարցերով զբաղվող ամերիկա-հարավկորեական խորհրդատվական խմբի՝ դեկտեմբերին տեղի ունեցած նիստի մասին։ Նիստի ընթացքում Վաշինգտոնը հաստատել է Սեուլին ընդլայնված զսպող ուժ տրամադրելու պատրաստակամությունը՝ բոլոր պաշտպանական միջոցների, այդ թվում՝ միջուկային զենքի մոբիլիզացմամբ։ 

Փհենյանում նշում են, որ «ԱՄՆ-ի կողմից միջուկային սպառնալիքը թույլ է տալիս արագացնել ռազմավարական պատասխան հարված հասցնելու կարողությունների…. ձևավորումն այն գոտում, որը գտնվում է մեր ծովային ինքնիշխանության ներքո»։

«Մենք կմշակենք հակամիջոցներ՝ ի պատասխան ԱՄՆ-ի միջուկային զինված ուժերի ցուցադրման, իսկ միջոցներ ձեռնարկելու եղանակը և պահը կընտրվեն համաչափության և անհամաչափության սկզբունքների հիման վրա», - ընդգծել է ԿԺԴՀ պաշտպանության նախարարությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում