Ժաննա Անդրեասյան

Երևանի թիվ 86 և 44 մանկապարտեզներում բացվել են վաղ մանկության տարիքի խմբեր

2 րոպեի ընթերցում

Երևանի թիվ 86 և 44 մանկապարտեզներում բացվել են վաղ մանկության տարիքի խմբեր

ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ Երևանի թիվ 86 և թիվ 44 մսուր-մանկապարտեզներում բացվել են վաղ տարիքի խմբեր՝ նախատեսված 1-2 տարեկան  երեխաների համար: Այս առիթով Երևանի թիվ 86 մանկապարտեզ են այցելել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Ինչպես «Արմենպրես»–ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, պաշտոնյաները շրջել են մանկապարտեզում, ծանոթացել պայմաններին, քննարկել ընթացիկ հարցեր, զրուցել ծնողների հետ:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին և ընդգծել՝ մանկապարտեզում այս տարիքային խմբի գործարկումը համատեղ աշխատանքի արդյունք է: Նա հատկապես կարևորել է ծնողների հետ հետադարձ կապ ապահովելու և  նրանց դիտարկումները հաշվի առնելու հանգամանքը. 

«Սա կարևոր ճանապարհ է, որը պետք է միասին անցնենք: Ծնողների կարծիքը կարևոր է՝ իմանալու, թե ինչպես պետք է շարունակել և լավարկել նախաձեռնությունը»: 

Մսուրային խմբերում երեխաների ընդգրկումը կատարվել է Երևանի քաղաքապետարանի կողմից՝ հերթագրման միջոցով:

Վաղ մանկության տարիքի խմբեր են գործելու նաև Գյումրու, Վանաձորի և Հրազդանի նախադպրոցական հաստատություններում: 

Կարևորելով նշված տարիքային խմբի երեխաների խնամքի, ինչպես նաև զարգացման տարիքային առանձնահատկությունները՝ ԿԳՄՍ նախարարությունը նախապես կազմակերպել է ծրագրում ընդգրկված նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների, տեղակալների, բուժքույրերի, դաստիարակների և օգնականների կարողությունների զարգացման վերապատրաստումներ:

Համայնքային նախադպրոցական հաստատություններում վաղ տարիքի երեխաների խմբեր հիմնելու պահանջը սահմանված է ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով: Նախատեսվում է՝ պետական բյուջեի միջոցներով այս տարիքային խմբի մսուրի ծառայության հասանելիություն ապահովել բոլոր խոշորացված համայնքներում: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում