Աշխարհ

Հայաստանը մնում է ՀԱՊԿ դաշնակից. Թասմաղամբետով

2 րոպեի ընթերցում

Հայաստանը մնում է ՀԱՊԿ դաշնակից. Թասմաղամբետով

Հայաստանը եղել և մնում է դաշնակից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ), հանրապետության լիիրավ մասնակցության համար դռները բաց են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը։

«Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը։ Հույս ունենք, որ Հայաստանը տեսանելի ապագայում կվերադառնա ՀԱՊԿ-ում լիիրավ մասնակցությանը։ Դրա համար առկա են բոլոր պայմաններն ու նախադրյալները. մենք կարծում ենք, որ Հայաստանի ժողովուրդը հետաքրքրված է Եվրասիայում ընդհանուր անվտանգության տարածք ստեղծելու գործում։ Ավելին, նոյեմբերին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում հայտարարեցին, որ հանրապետության՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց դրված չէ», - ասել է Թասմաղամբետովը՝ պատասխանելով ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հնարավորության մասին հարցին։

«Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետությունը կազմակերպությունում իր աշխատանքի դադար է տվել, ինչն արտացոլում է Հայաստանի քաղաքական ղեկավարության այս պահի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ։ Սա անկախ և ինքնիշխան պետության որոշում է, որի վրա ոչ մի այլ պետություն կամ կազմակերպություն չի կարող ազդել», - հավելել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց այս պահին օրակարգում չկա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում