ՀՀ-ն ու ՉԺՀ-ն փոխադարձաբար աջակցում են «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնություններին. Վահե Գևորգյան
4 րոպեի ընթերցում
Հայ-չինական համագործակցության ռազմավարական փաստաթղթի հատկապես տարածաշրջանային բաղադրիչի ձևավորումն արձանագրում է կողմերի փոխադարձ աջակցությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնություններին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման կարծիք հայտնեց Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանը «Չինաստանի և Հայաստանի ռազմավարական գործընկերության ամրապնդում. երկխոսություն կառավարման փորձի փոխանակման շուրջ» խորագրով միջազգային համաժողովում՝ տեսակապի միջոցով։
«Օգոստոսի 31-ին Թիենծինում հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։ Հանդիպման արդյունքներով հայտարարվեց հայ-չինական համագործակցությունը ռազմավարական գործընկերության բարձրացնելու վերաբերյալ։ Հարկ է նշել, որ ռազմավարական գործընկերությունը լոկ սահմանում կամ բնորոշում չէ, այն ներառում է երկու երկրների կոնսենսուսը համագործակցության սկզբունքների, օրակարգի և տեսլականի շուրջ, ինչն արձանագրված է ռազմավարական գործընկերության հաստատման համատեղ հայտարարության մեջ»,- ասաց Գևորգյանը։
Դեսպանի դիտարկմամբ՝ նման համապարփակ փաստաթղթի ընդունումն աննախադեպ է հայ-չինական հարաբերությունների համար, որովհետև փաստաթղթին թռուցիկ ծանոթությունն անգամ ցույց է տալիս, որ կողմերին հաջողվել է հանգամանալից և բովանդակային բանակցությունների միջոցով հասնել փոխշահավետ արդյունքի։ Կողմերն աներկբայորեն հաստատել են իրենց աջակցությունը միմյանց համար առանցքային հարցերում, որոնք վերաբերում են տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և սահմանների անխախտելիությանը։
«Թերևս, առաջին անգամ ընդունվել է համատեղ փաստաթուղթ, որտեղ միջպետական հարաբերությունները դիտարկվում են երեք հարթություններում՝ երկկողմ, տարածաշրջանային և միջազգային համագործակցություն, և բոլոր երեք հարթություններում համագործակցելու նպատակով կողմերը համաձայնեցրել են բոլոր սկզբունքները։ Համատեղ հայտարարությունն առանձնահատուկ անդրադարձ է կատարում նաև տարածաշրջանային համագործակցության կազմակերպությունների, նախ և առաջ՝ ՇՀԿ-ի շրջանակում համագործակցության զարգացմանը»,- ասաց դիվանագետը։
Գևորգյանի խոսքով՝ անցնող տարին նշանակալից էր, քանի որ տեղի ունեցավ ՇՀԿ գագաթաժողովի ընդլայնված նիստին ՀՀ վարչապետի մասնակցությունը և Հայաստանի կողմից ՇՀԿ-ին անդամակցելու հայտի ներկայացումը։
«Հենց ՇՀԿ գագաթաժողովի շրջանակում Չինաստանի նախագահը շրջանառեց «Գլոբալ կառավարում» նախաձեռնությունը, և նույն գագաթաժողովի շրջանակում ՀՀ վարչապետը ողջունեց ՄԱԿ-ի Կանոնադրության և դրա հիմնարար սկզբունքների հիման վրա այդ նախաձեռնության շրջանառումը։ Հայ-չինական համագործակցությանը ռազմավարական խորություն և բնույթ հաղորդելու որոշումն, անկասկած, հիմնվում է մեր երկու ժողովուրդների բարեկամության, դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր արձանագրված ձեռքբերումների վրա։ Միևնույն ժամանակ պետք է փաստել, որ երկու ծանրակշիռ գործոն էական ազդեցություն են ունենում վերջին շրջանում հարաբերությունների զարգացման վրա։ Դա Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումն է և ՉԺՀ-ի աճող դերը միջազգային հարաբերություններում»,- ասաց դիվանագետը։
Ստեղծված իրավիճակն, ըստ նրա, նպաստավոր է հայ-չինական երկկողմ համագործակցության զարգացման համար՝ բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ենթակառուցվածքների կառուցման և շահագործման առումով։ Երկու երկրների կրթական, ակադեմիական, գիտահետազոտական շրջանակների և ուղեղային կենտրոնների միջև համագործակցությունը խիստ էական է համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և իրականացնելու համար․ հանգամանք, որը նույնպես արտացոլված է համատեղ հայտարարության մեջ։