ՀՀ-ՉԺՀ ռազմավարական համագործակցության խորացումը դարձել է Հայաստանի զարգացման օրակարգի կարևոր թեմաներից
6 րոպեի ընթերցում

Երևանում կայացավ Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպված միջազգային համաժողովը՝ «Չինաստանի և Հայաստանի ռազմավարական գործընկերության ամրապնդում. երկխոսություն կառավարման փորձի փոխանակման շուրջ» խորագրով, որին մասնակցեցին դիվանագետներ, փորձագետներ, գիտական-ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանն իր խոսքում նշեց, որ համաժողովի թեման արդիական է՝ հաշվի առնելով «Չինաստանի առաջ քաշած գլոբալ կառավարման նախաձեռնություն» հայեցակարգը, որը հրավիրում է աշխարհի բոլոր երկրներին միասին զարգանալ և ապրել ներդաշնակության մեջ։

«Եթե հաջողվի բոլոր ոլորտներում չինական համապատասխան կառույցների հետ իրականացնել կառավարման փորձի փոխանակում, ապա շուտով կարող ենք արձանագրել, որ երկկողմ հարաբերությունների զարգացման արագությունը, դրական իմաստով, նկատելիորեն փոխվել է։ 2025 թվականը նշանակալից էր հայ-չինական հարաբերությունների զարգացման տեսանկյունից, իրականացվել են մի շարք ծրագրեր մշակույթի, գիտության և կրթության ոլորտներում»,- ասաց Գյուրջինյանը։
Նա տեղեկացրեց, որ Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտն անցկացրել է մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են ՀՀ-ում չինարենի տարածմանը, չինարենի ուսուցիչների վերապատրաստմանը։ Համալսարանի անձնակազմը հանդիպել է չինական գիտակրթական մի շարք հաստատությունների ներկայացուցիչների հետ և իրականացրել փորձի փոխանակում՝ քննարկելով համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները։
«Մեր համալսարանի ութ ուսանող Շանհայի համալսարաններից մեկում մասնակցել է զբոսաշրջության ոլորտին վերաբերող դասընթացներին։ Այս տարի մեր համալսարանի նախաձեռնությամբ լույս տեսավ «Հայկական չինագիտության տարեգիրք» գիտական հանդեսի առաջին համարը, իսկ երկրորդը պատրաստվում է հրատարակության։ Այս ասպարեզում հաջողություն կունենանք՝ չինական բուհերի հետ շարունակական համագործակցության շնորհիվ։ Մեր համալսարանը պատրաստ է քննարկել համագործակցության նախաձեռնությունները և նոր հեռանկարներ բացել այս ոլորտում»,- նշեց Գյուրջինյանը։
ՀՀ կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանը նկատեց, որ Հայաստան–Չինաստան ռազմավարական համագործակցության ամրապնդումն ու խորացումը վերջին տարիներին դարձել է Հայաստանի զարգացման օրակարգի կարևոր թեմաներից մեկը։

«Հայ-չինական սերտ հարաբերությունները տարիների ընթացքում ձևավորվել են ոչ միայն դիվանագիտական մակարդակում, այլև մշակութային, գիտակրթական և վարչարարական համագործակցության բազմաթիվ ծրագրերի միջոցով։ Այս համաժողովն այդ հարաբերություններին կհաղորդի նոր շունչ, խորություն և հեռանկարներ։ ՉԺՀ-ն, լինելով գլոբալ կառավարման ու տնտեսական զարգացման առաջատար երկիր, ունի հարուստ փորձ, որի ուսումնասիրությունն ու ադապտացիան կարող են մեծապես նպաստել ՀՀ-ի կառավարման համակարգի կատարելագործմանը, կառավարման մշակույթի տեղայնացմանը և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը»,- ասաց Ղազեյանը։
Նրա դիտարկմամբ՝ ՀՀ-ն նույնպես ունի իր յուրահատկությունները, փորձն ու հնարավորությունները, որոնք կարող են հետաքրքրություն ներկայացնել գործընկերների համար՝ նպաստելով փոխշահավետ համագործակցությանը։
«Այս համաժողովը ոչ միայն գաղափարների փոխանակման հարթակ է, այլև հնարավորություն՝ միասին խորհելու այն մասին, թե ինչպես ամրապնդել պետական ծառայության գիտական հիմքը, ինչպես զարգացնել կառավարման մտածողության մշակույթը պետական մարմիններում, կրթական հաստատություններում և հասարակության մեջ ընդհանրապես։ Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ կառավարման գործընթացները բարդանում են աննախադեպ արագությամբ։ Գլոբալիզացիան, թվայնացումը, միգրացիոն հոսքերը, կլիմայական մարտահրավերները, սոցիալական անհավասարությունն ու այլ գործոնները կառավարման համակարգը դարձրել են բազմաշերտ ու բազմաբովանդակ»,- նշեց Ղազեյանը։
Նրա կարծիքով՝ ավանդույթի վրա հիմնված վարչարարական որոշումներն արդեն արդյունավետություն չեն ապահովում, ուստի պետական կառավարումը վերածվում է գիտական, ինտելեկտուալ գործունեության հիման վրա տարբեր ոլորտների գիտելիքների, ինչպես նաև տնտեսագիտական, սոցիալական, քաղաքագիտական, իրավաբանական, հոգեբանական, լեզվական և այլ հմտությունների։
«Այսօր, երբ աշխարհը կանգնած է նոր տեխնոլոգիական սոցիալական և էկոլոգիական մարտահրավերների առջև, հենց գիտական մտածողությունն է, որ օգնում է ապահովել ու պահպանել իրականությունը կանխատեսելու հետևանքները, գտնելու նորարարության և պատասխանատվության միջև հավասարակշռություն։ Պետական կառավարման ապագան որոշվում է կրթության և գիտության համակարգերի փոփոխությունների դինամիկայի հետ համընթաց քայլելու կարողությամբ։ Ինտեգրման գործընթացների և գլոբալ մարտահրավերների պայմաններում չափազանց կարևոր է տարբեր երկրների ակադեմիական և կառավարչական ինստիտուտների ուժերի համախմբումը»,- նշեց ՀՀ կառավարման ակադեմիայի ռեկտորը։
Ղազեյանի համոզմամբ՝ միայն ուժերի համադրման շնորհիվ հնարավոր կլինի ունենալ նոր սերնդի պետական ծառայողներ, մասնագետներ, ովքեր կունենան ռազմավարական մտածողություն, բարձր պատասխանատվություն և կառաջնորդվեն համապատասխան գիտելիքներով։