Կրթություն

Արհեստական բանականությունը՝ հանրակրթական դպրոցներում․ ինչ ծրագրեր են իրականացվում Հայաստանում

4 րոպեի ընթերցում

Արհեստական  բանականությունը՝ հանրակրթական դպրոցներում․ ինչ ծրագրեր են իրականացվում Հայաստանում

Հայաստանի հանրապետության  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և գործընկեր կառույցների համագործակցությամբ Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվում է արհեստական բանականության  ուսուցման երկու հիմնական ծրագիր։ Ծրագրերից մեկը՝ «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագիրն է, որի շրջանակում դպրոցներում ներդրվել է «Արհեստական բանականություն» առարկան, իսկ մյուսը՝«STEP ai» ծրագիրը։  

«ԱԲ սերունդ» դպրոցական ծրագիրը մեկնարկել է  2023 թվականի սեպտեմբերին՝ որպես փորձարարական փուլ, որը կշարունակվի մինչև 2026 թվականի օգոստոս։ Սկզբնական փուլում ծրագրում ընդգրկվել է  Հայաստանի Հանրապետության  7 մարզերի 15 ավագ  դպրոց, իսկ 2025 թվականի ապրիլի 11-ից  Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ծրագրում ընդգրկված դպրոցների թիվը  հասել է  26-ի՝ ներառելով հանրապետության բոլոր մարզերը։ 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը՝ ընդգծելով, որ 2025-2026 ուսումնական տարում ծրագրից օգտվելու համար դիմել է 800 աշակերտ։ Իսկ «STEP ai»  ծրագիրը մշակվել է Տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության, «Սինոփսիս Արմենիա»-ի և Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայկական վիրտուալ քոլեջի համագործակցությամբ։ ««STEP ai» և «ԱԲ սերունդ» ծրագրերի շրջանակում սովորողները ստանում են նաև խորացված գիտելիքներ մաթեմատիկայից, հանրահաշվից և համակարգչային գիտությունից՝ ներառյալ Python ծրագրավորման լեզուն։ Մասնագետների գնահատմամբ՝ աշակերտների շրջանում արհեստական բանականության նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի աճում է։ Նախատեսվում է մինչև  2026 թվականը «ԱԲ սերունդ» ծրագիրը հասանելի  դարձնել հանրակրթական դպրոցների  աշակերտների 80 տոկոսի համար»,-ասաց հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը։ 

Դպրոցներում արհեստական  բանականության  գործիքների կիրառման միջոցով աշակերտների մոտ ձևավորվում է  թվային և ալգորիթմական մտածողություն, տվյալների հետ աշխատելու կարողություն, թվային գործիքների նպատակային օգտագործման հմտություններ։ Աշակերտները սովորում են օգտվել որոնողական համակարգերից, ուսուցողական հարթակներից, թվային օգնականներից և ավտոմատացված գործիքներից։ ««STEP ai» և «ԱԲ սերունդ» ծրագրերի շրջանակում իրականացվում են նաև ուսուցիչների վերապատրաստումներ, իսկ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից դասընթացներ՝«Արհեստական բանականության կիրառումը նախագծային ուսուցման գործընթացում» թեմայով։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից միաժամանակ  ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է  «Արհեստական բանականության կիրառումը դասավանդման գործընթացում» ուղեցույցի մշակմամբ։ «Նախարարության մշակած  ծրագրերի արդյունքում  առաջիկա տարիներին հազարավոր աշակերտներ  ամբողջ հանրապետությունից  կստանան  խորացված կիրառական գիտելիքներ  մաթեմատիկայի և արհեստական բանականության ոլորտում՝ հանրակրթության պետական  չափորոշիչի պահանջներին համապատասխան։»,-եզրափակեց Թամարա Սարգսյանը։ 

Լուսինե Ջալալյան 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում