Հայաստան

Քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործում. Փրկարար ծառայությունում տեղի է ունեցել սեմինար-պարապմունք

2 րոպեի ընթերցում

Քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործում. Փրկարար ծառայությունում տեղի է ունեցել սեմինար-պարապմունք

ՆԳՆ փրկարար ծառայությունում դեկտեմբերի 8-ին տեղի է ունեցել քաղաքացիական պաշտպանության հարցերին նվիրված սեմինար-պարապմունք, որին մասնակցել են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից:

Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ ընդգծել է, որ միջգերատեսչական ձևաչափով պարբերական հանդիպումները հնարավորություն են տալիս համատեղ վերլուծել ոլորտային խնդիրներն ու մշակել համակարգային լուծումներ։

Կամո Ցուցուլյանի խոսքով՝ հանդիպման առանցքում են քաղաքացիական պաշտպանության համակարգի շարունակական կատարելագործումը, ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդումը և օպերատիվ բաղադրիչի արդյունավետության բարձրացումը, ինչի շնորհիվ բնակչության անվտանգության և պաշտպանվածության ոլորտում նոր որակ կապահովվի:

Զեկույցներով հանդես են եկել ՆԳՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ։

Քննարկվել են Հայաստանում քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումների կազմակերպման արդյունավետության բարձրացմանը, ներգրավված կառույցների համագործակցության ընդլայնմանը, բնակչության իրազեկման մեխանիզմների կատարելագործմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև տվյալների բազաների թվայնացման, միջգերատեսչական պլանների գործարկման և կառավարման համակարգի կարողությունների զարգացման ուղղություններին: 

Ներկայացնելով իրենց կողմից իրականացված ծրագրերը՝ գերատեսչությունների ներկայացուցիչներն անդրադարձել են առկա խնդիրներին ու առաջարկել հստակ լուծումներ։

Քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործման, հանրային իրազեկման արդյունավետ մեխանիզմների զարգացման, բնակչությանն օժանդակելու կարողությունների ընդլայնման ուղղությամբ համագործակցությունը շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում